«Ապագա չկա, չկա ապագա» ձեզ հետ

«Ապագա չկա, չկա ապագա» ձեզ հետ

Այո, «ապագա չկա, չկա ապագա» Նիկոլի եւ նրա կուսակցության հետ, եւ դա մենք կրկին տեսանք այս երկու օրը: Ինչպե՞ս կարող է ապագա լինել այն իշխանության հետ, որն անտերության է մատնել երկրի տարածքային ամբողջականության խնդիրը: Ի՞նչ ապագա կարող է ունենալ այն պետությունը, որը չի կարողանում ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը: Աշխարհում կա այդպիսի պետության 1-2 օրինակ, սակայն դրանք շրջապատված չեն այնպիսի թշնամիներով, ինչպիսիք են մեր հարեւան թուրք պետությունները: Սակայն վստահորեն չկա այնպիսի պետություն, որի իշխանությունն անտարբեր լինի իր տարածքային ամբողջականության խախտումների առումով՝  բացառությամբ նիկոլականի:

Ի դեպ, եթե լրատվամիջոցներն աղմուկ չբարձրացնեին, Նիկոլն ու իր կամակատարները քնած կմնային էշի ականջում: Այն էշի, որը Բաղրամյան էր բերվել իջեւանցու կողմից, որպեսզի Նիկոլին տաներ իր ծննդավայրը: Պաշտպանության նախարարությունն էլ, օրինակ, ինչ-որ անկապ հայտարարություն էր անում, իսկ ԱԱԾ-ին կարելի է նույնիսկ չանդրադառնալ․ պետության սահմանների անվտանգությունն ապահովելու փոխարեն, ինչն իր անմիջական պարտականությունն է, այդ կառույցը սպառնում էր այդ առումով մտահոգ քաղաքացիներին, ինչն աննախադեպ թյուրիմացություն էր, եթե ոչ ավելին: Սյունիքի մարզպետը, որի պարտականությունն էր առաջնային ահազանգումը, եւս քնած էր իշու ականջում եւ Երեւանից (լրագրողներից) էր իմանում, թե ինչ է կատարվում իր մարզում: Ի դեպ, ինչպես «Հրապարակն» էր գրել, դեռեւս մեկ շաբաթ առաջ էին ադրբեջանցիներն ակտիվություն ցուցաբերել սահմանի այդ հատվածում, սակայն երկրում իշխանություն չկար, որպեսզի դա արձանագրեր, ու նրանց դուրս հրավիրեին: 

Եվ որպես իշխանությունների աննախադեպ աննորմալ վարքագծի դրսեւորման պսակ՝ երկրի վարչապետը գիշերվա կեսին է ժամանակ գտնում Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու համար: Եվ այս իշխանությունը գնում է արտահերթ ընտրությունների «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով: Ի՞նչ ապագա ձեզ հետ, ՈՉ, հարգելի տիկնայք ու պարոնայք: Ձեզ հետ մեզ սպառնում է պետականության կորստի ապագա: Եվ ինչն է դառնորեն հետաքրքիր՝ մինչեւ ԱԽ նիստը, նիկոլական իշխանական ու իշխանամերձ կամակատարները մեկ մարդու նման մեղադրում էին երկրի սահմանների անվտանգությամբ մտահոգ գիտակից քաղաքացիներին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Եվ այդ առումով ամենաաննորմալն այն էր, որ ապատեղեկատվության մեղադրանքի հիմքում դրված էր այն հանգամանքը, որ ոչ մի փոխհրաձգություն էլ չի եղել՝ զոհերով ու վիրավորներով հանդերձ:

Այսինքն՝ այն, որ մենք տարածք ենք հանձնում կամավոր հիմունքներով (իսկ հրաձգություն չլինելը հենց դա է ենթադրում), դա հեչ, կարեւորը, որ մարտ չի ընթացել, զոհեր ու վիրավորներ չեն եղել: Նման վերաբերմունք պետության անվտանգության նկատմամբ նույնիսկ ամենաերգիծական արվեստի գործում դժվար թե հանդիպի: 

Ինչեւէ, պետք է գիշերվա կեսին վարչապետը մտահոգվեր, որպեսզի հաջորդ օրն էլ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն աներ: Ու դիմեին ՌԴ զինվորականությանը, որպեսզի նրանք հորդորեին ադրբեջանցի զինվորականներին՝ լքել ՀՀ տարածքը: Ու նաեւ հիշեին ՀԱՊԿ-ի գոյության մասին: Ու հասկանային, որ դա ոչ թե արդեն սովորական դարձած՝ հանրապետության տարածքը պատառ-պատառ «անելու» հարց է, այլ շատ ավելի լուրջ՝ Սյունիքը լայնքով կտրելու ծրագրի իրագործման սկիզբ: Ու այսքանից հետո այս իշխանությունը փորձում է մեզ համոզել, որ իր հետ մենք ունենք ապագա: Չէ, մենք ձեզ հետ ապագա չունենք՝ մոռացե՛ք դա: