Ամեն սեւ բան Օթելլո չէ եւ ամեն հանդիպում չէ, որ դավաճանություն է հայկական շահին

Ամեն սեւ բան Օթելլո չէ եւ ամեն հանդիպում չէ, որ դավաճանություն է հայկական շահին

Երեկ տեղեկացանք, որ հանրային մի քանի գործիչներ՝ ռուսական իշխանությունների առաջարկով մեկնել են Մոսկվա՝ ադրբեջանցի հանրային դեմքերի հետ հանդիպելու։ Ոչ միայն առաջարկը, այլեւ հանդիպման մասնակիցների կազմն առաջարկել են ՌԴ իշխանությունները։ Գործընթացի մոդերատորը հայտնի ռուս գործիչ, ՌԴ նախագահի մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն է։ Հայաստանից խմբի կազմում ընդգրկվել են մտավորականներ՝ Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, Պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը եւ Ստանսիլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Այս տեղեկությունը երեկվանից փոթորկել է հայ հասարակության մի մասին եւ տարբեր մարդիկ սոցցանցերում մեղադրում են այս անձանց՝ դավաճանության, հայկական պետության եւ հայ ժողովրդի թիկունքում, մեր շահերի դեմ բանակցություններ վարելու եւ անգամ՝ մեր հողերը ծախելու մեջ։

Հասկանալի է, որ վերջին տարիներին մենք ազգովին այնպիսի սթրեսային վիճակում ենք գտնվում, որ ամենուրեք տեսնում ենք դավաճանություն եւ սրիկայություն, ազգադավություն եւ պետականության դեմ արված քայլեր։ Բայց ամեն դեպքում ողջամտությունը պահանջում է, որ մի քիչ տարբերենք թացը չորից, մեղավորին ու պատասխանատուին՝ մեղք չունեցողից, քաղաքական պատասխանատվությունը՝ հանցագործությունից եւ այլն։ 

Այս հանրային գործիչները չեն մեղավոր, որ մենք պարտվել ենք պատերազմում։ Եւ անգամ շատ պետական պաշտոն զբաղեցնողներ էլ որեւէ մեղք չունեն, որովհետեւ, այո, կարող ենք կրթության եւ մշակույթի նախարարին քաղաքական մեղադրանք առաջադրել՝ այդ թիմի անդամ լինելու համար, սակայն երբ գա պատասխան տալու ժամը պետք է յուրաքանչյուրի մեղքն առանձին-առանձին դիտարկվի՝ իր գործողություններին համարժեք։ Եւ ոչ միայն հանրային գործիչներից, այլեւ պաշտոնյաներից շատերն պատերազմի ու թաքուն պայմանավորվածությունների մասին իրականությունն իմացել են այն պահին, երբ մենք՝ ողջ հասարակությունն է իմացել։ Անգամ իշխանական թիմի մասնակիցներին բավարար տեղեկատվություն չի տրվել։

Հիմա գանք Մոսկվայում մտավորականների հանդիպմանը։ Ամեն հանդիպում չէ, որ վնասում է մեզ, մեր պետությանը, մեր հանրային շահին։ Եթե Նիկոլ Փաշինյանի հանդիպումների արդյունքում ճանապարհներ, միջանցքներ, հողեր ու արժանապատվություն ենք հանձնում, չի նշանակում, որ մյուս բոլոր հանդիպումներն էլ են նույն բնույթի։

Ավելին՝ եթե կուզեք իմանալ՝ ժողովրդական դիվանագիտությունը եւ հանրային շփումները շատ ավելի կարեւոր են այս պահին եւ մեր շահը պաշտպանելու առումով կարող են շատ մեծ դեր խաղալ, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Ռուբինյանն իրենց նախորդ պայմանավորվածություններով ու պահվածքով կաշկանդված են, ապա Հարություն Խաչատրյանն ու Արմեն Մուրադյանը այդ «բեռը» չունեն եւ կարող են մեր ազգն արժանապատվորեն ներկայացնել դրսում, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ հանդիպումների ժամանակ։

Այնպես որ, ամեն սեւ բան Օթելլո չէ եւ ամեն հանդիպում չէ, որ դավաճանություն է հայկական շահին։