Գագիկ Սարոյան. Էտյուդներ
***
Իշխանը դավեց,
Վարիչը դավեց,
Ու սերը դավեց...
Երկիրը ընկավ.
Բզկտված հոգում
Երգը սպառվեց...
Իշխանը դավեց,
Վարիչը դավեց,
Մահը պապանձվեց...
Էգուց առավոտ
Աստված կմեռնի
Շիրիմին դրված
Մեխակների տակ...
***
Տնքում է երկիրը նաիրական,
Ասես մի թիթեռ է ճախրում
Հողմերի դեմ...
***
Մի մեխ էլ դու մեխիր
Իմ սրտի մեջ,
Դավաճանված երկրի
Մահվան գիշեր...
***
Տնքում է երկիրը նաիրական...
Դրեք ձեր երգերը
Նրա վերքին,
Զավակներին դրեք ձեր սիրասուն-
Զավակներին դրեք նրա վերքին...
***
Խաղաղություն չկա էս կողմերում,
Խաղաղություն չկա ընդ աստեղոք,
Իսկ ապրելու համար
Տրված ժամանակը
Ցփնված է արնոտ դաշտերի մեջ...
***
Տնքում է երկիրը նաիրական...
Կացնահարեց արքան իր երկիրը:
Դավաճանեց լույսի որդիներին...
Ասես մի թիթեռ է
Ճախրում հողմերի դեմ,
Մի թիթեռ է ճախրում այլամոլոր...
***
Նա, ով դավաճանեց պատերազմում,
Յոթնապատիկ,
Անգամ հազար անգամ
Դեռ դավելու է
Խաղաղություն կոչված ցնորքներում…
Քեզ ո՞վ ծնեց, հրեշ,
Ամբո՞խը կույր,
Թե՞ դու քո ամբոխին արարեցիր…
Քեզ ո՞վ ծնեց, հրեշ,
Այսքան դժգույն…
***
Մի թուփ կար
Ծանոթ կածանի կողքին,
Անվերջ թեքվում էր
Կածանի ուսին…
Մի տաք իրիկուն
Հարցնեմ նրան.
- Էս մտքիդ ի՞նչ կա,
Էս ո՞ւր ես ուզում
Հեռանալ տխուր էս ճանապարհով…
Էս ճանապարհով հեռացողները
Էլ ետ չեն դառնում.
Էս ճանապարհը
Վշտի երկրի է տանում-հասցնում…
***
Հույսն օրորում է,
Այսքան դավի մեջ
Հույսն օրորում է,
Թե՝ իբր կգա
Երկրի տնտեսը
Ճիշտ ժամանակին:
Եվ ընծաներով կլինի, անշուշտ,
Եվ կողովներով
Չամիչ կբերի,
Եվ նուշ կբերի,
Եվ կաթ կբերի,
Եվ արդարություն կբերի կարմիր,
Եվ մտրակներով կծեծի նրանց,
Ովքեր գնացել
Եվ խառնվել են ծույլ ամբոխներին...
Հույսն օրորում է,
Այսքան դավի մեջ
Հույսն օրորում է,
Թե՝ իբր կգա ճշմարտախոսը
Ճիշտ ժամանակին...
***
Մի ծաղիկ շողաց ինձ,
Երբ պատրանքի մեջ էի:
Հիմա էլ սգի մեջ եմ,
Իսկ նա շարունակում է շողալ…
***
Ծովին ի՞նչ ասեմ,
Որ չալեկոծի ճեղքված իմ սիրտը…
Ասեմ՝ տա՜ր ինձ, տա՜ր,
Պահիր խեցու մեջ,
Գուցե իմ սիրտը
Մարգարի՞տ աճի,
Ասեմ՝ ով գիտի սրտի գալիքը.
Գուցեեւ մի օր
Մի պարմանուհու մանյակին լինեմ
Եվ փարվեմ նրա նուրբ պարանոցին
Որպես սրտազարդ…
***
Շատ կարեւոր է.
Թույլ տուր վերհիշեմ
Քո շիկնած դեմքը
Գիշերվա քաղցրիկ այլաբանությամբ…
***
Շատ կարեւոր է՝
Գոնե մեկ անգամ
Պառկել առվի մեջ՝
Էն էլ ցամաքած…
Շատ կարեւոր է
Վերհիշել նրա անուշ կարկաչը
Եվ ոգեւորել՝
Քո խրամատում
Դեռ ինչքա՜ն զինվոր պիտի մարտնչի…
***
Շատ կարեւոր է
Տխրության ժամին վերհիշել նրան,
Ով քեզ ողջունեց
Աղջամուղջի մեջ…
Դա էն նույն օրն էր,
Երբ գնում էիր
Ավետաբերին դիմավորելու…
Ավետաբերը…
Ախր ի՜նչ եղավ ավետաբերը…
***
Շատ կարեւոր է
Ընտրել այն աստղը,
Որը շողում է մութ ջրհորներում,
Էն ջրհորներում,
Ուրկից ծնվում են
Ճակատագրի ճերմակ երինջներ,
Որոնց ճակատին
Աստղերն են ցոլում հին արքաների…
***
Վիճակի քար է,
Վիճակի թռչուն,
Վիճակի դաշույն,
Իսկ ընտրությունը
Արյունն է անում
Մութ ձորերի մեջ…
Աստված մութ տեղ է,
Տեղանք է Աստված աստղափոշու մեջ…
Չեմ տեղավորվում
Նրա արցունքի օվկիանոսներում.
Սուգը մատին է նրա պսպղում…
Սուգը կաթում է
Էս հայրենիքի սարերի վրա,
Սուգը ծածկում է
Էս հայրենիքի կցկտուր հոգին…
Չեմ տեղավորվում
Ճակատին գրված ոչ մի բառի մեջ…
***
Շատ կարեւոր է
Մահվան սրբազան ավազանի մոտ
Հասնելուց առաջ
Երազել նրան,
Ով քեզ մերժել է մի չորեքշաբթի՝
40 տարի սրանից առաջ…
***
Ախր ի՞նչ եղավ ավետաբերը…
Բուքն է մոլեգնում:
***
Էն հեռավոր ակունքներում
Ջրերի հետ
Երգն է բխում հայրենական...
Էն հեռավոր ակունքներում
Էն բարեպաշտ արքան ծնկել
Աղբրի սալին
Եվ յոթը բուռ երգ է խմել,
Ուղիղ յոթ բուռ...
Թրի մաճից
Կոշտուկները նրա աջի ջուր են դառել,
Որ կարկաչով հասնեն արտին իր զինվորի:
Էն հեռավոր ակունքներում
Արքայական հովատակն է վրնջացել
Հայրենական երգի կարգով,
Էն հեռավոր ակունքներում
Վաղնջական գուսաններն են
Զարկել ջութի աղիներին,
Ամեն զարկից ու կսմիթից
Տեսիլներ են ծագել ահեղ
Որպես դառը հանդիմանանք
սերունդներին,
Որպես պատգամ...
Էն հեռավոր ակունքներից
Դեռ լսվում է վրնջոցը հովատակի՝
Ո՞ւր է արքան ձեր բարեպաշտ,
Ո՞ւր է սակրը, ո՞ւր է աշտեն, վահանն ո՞ւր է...
Ո՞վ է ջրում ձեր զինվորի անտեր արտը,
Ո՞ւր է արքան ձեր բարեպաշտ,
Ձեր երգն ո՞ւր է...
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ