Իսկապես պատրա՞ստ եք առերեսվել պատմության հետ․ Փայլանն՝ Էրդողանին

Իսկապես պատրա՞ստ եք առերեսվել պատմության հետ․ Փայլանն՝ Էրդողանին

Երեկ Թուրքիայի Հանրապետության նախագահ, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախագահ, նորօսմանականության քարոզիչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական ցանցերի իր օգտահաշիվներում անդրադարձել է նախկին Օսմանյան կայսրության Արևելյան բանակի հրամանատար, 1920թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Մուսա Քազըմ Կարաբեքիրի մահվան տարելիցին ու լուսանկար հրապարակել ու գրառումներ կատարել։

«Իմ սիրելի եղբայրներ ... Գիտե՞ք այս դիմանկարի պատմությունը Քազըմ Քարաբեքիր փաշայի, ում մենք հարգանքով ու ողորմությամբ հիշեցինք նրա մահվան տարելիցի կապակցությամբ»,- հարցադրում է իր թվիթերյան էջում արել Էրդողանը:

Այնուհետև պատասխանը գրել է իր տելեգրամյան ալիքում։

«Քազըմ Քարաբեքիր փաշան՝ մեր Անկախության պատերազմի հերոսներից մեկը, շատ կարեկցող պետական գործիչ էր, ով ահռելի սեր ուներ երեխաների հանդեպ ու խնամում էր զավակներին, որոնք առանց ընտանիքի մնացին: Նա Անատոլիայում [Արևմտյան Հայաստան] պաշտպանեց 6 հազար երեխաների և իր վրա վերցրեց բոլոր ծախսերը: Կարաբեկիր փաշան «որբերի հայրն էր»»,- գրել է նեոօսմանականության քարոզիչ Էրդողանը:

Նրա խոսքերով՝ այս դիմանկարը նվեր է այն որբերից, ում Քարաբեքիրը Տրապիզոնում վերցրել է իր պաշտպանության տակ և բավարարել նրանց բոլոր կարիքները: «Դիմանկարի տակ եղած գրությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե որքան բարի և կամեցող են մեր նախնիները. «Որբերի մեծարգո հայր, հերոս Քազըմ Քարաբեքիր փաշային… Տրապիզոնի հայ որբերի կողմից… Ռումի 1338 (1922) սեպտեմբերի 9»»:

Թուրք զորահրամանատարի դիմանկարի տակ արված գրությունն օսմաներեն է։

Այնուհետև Էրդողանը տելեգրամյան ալիքում ևս մեկ դիմանկար է հրապարակել, որում ինքն է՝ մի երեխայի գրկած։ «Եվ գրեթե 100 տարի անց... հասկանալով, որ մեր նախնիները այսօր էլ շարունակում են հավերժացնել Թուրքիայի Հանրապետությունը»,- գրել է նա։ […] Հուսով եմ, որ թուրք ազգի կարեկցանքով և աղոթքով մեր երեխաներից յուրաքանչյուրը կհասնի շատ հաջող ու օգտակար աշխատանքների մեր երկրի համար»,- նշել է նա։ Թուրքիայի նախագահը նաև իր դիմանկարի համար երախտագիտություն է հայտնել Ֆուրքանին, Նուրային, Բերքջանին, Օզունին ու Բերֆինին։

Էրդողանի գրառմանն այսօր իր թվիթերյան ու ֆեյսբուքյան էջերով արձագանքել է ԹՀ խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ ««Այդ դիմանկարի պատմությունը» գիտե՞ք, պարո՛ն Էրդողան: Այդ երեխաները որբ դարձան, քանի որ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ իրենց ընտանիքները կոտորվեցին: Դուք իսկապես պատրա՞ստ եք առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ, պարո՛ն Էրդողան»,- գրել է հայազգի պատգամավորը:

Քազըմ Քարաբեքիրը 1918-19 թվականներին եղել է 1-ին, 2-րդ, 15-րդ թուրքական Կովկասյան բանակային կորպուսների հրամանատար, մասնակցել Երզնկայի, Էրզրումի և Կարսի գրավմանը, հետագայում՝ եղել է Արևելյան ռազմաճակատի զորքերի հրամանատարը։ 1920 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը Քարաբեքիրի գլխավորությամբ ներխուժել են Արևելյան Հայաստան։

Թուրք զորահրամանատարը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անունից գլխավորել է թուրքական պատվիրակությունները Ալեքսանդրապոլի (1920) և Կարսի (1921) բանակցություններում։ Ալեքսանդրապոլի պայմանագրով (1920 թ․ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշեր) Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Կարսի պայմանագրի համաձայն (1921 թվականի հոկտեմբերի 13)՝ Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը, այդ թվում՝ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Հայաստանի կողմից պայմանագիրը կնքվել է բոլշևիկյան ղեկավարության ներքո՝ մասնավորապես Իոսիֆ Ստալինի գլխավորությամբ: