Ինչպես ժողովուրդը վերածվեց ամբոխի

Ինչպես ժողովուրդը վերածվեց ամբոխի

Այստեղ կուզեմ հիացմունքով անդրադառնալ իմ վաղեմի լավ բարեկամ և մտաւորական ընկերուհի Մաքօ Մկրտչեանի յօդւածին, որ լոյս տեսավ Ասպարէզի Յունւար 16, 2021 թ. «Թոյլ Չտալ Որ Ժողովուրդը Յաղթէ Ազգին»։ Այո, որքան ճիշտ և յուզիչ կերպով է նա անդրադառնում անցեալ 2 տարւայ չարաբաստիկ դեպքերին, մանաւանդ շեշտելով անցած նոյեմբեր 9-ի գուժը:   Մենք ազգովին տակաւին կայծակնահար ենք, թէ ի՞նչպէս և ի՞նչու տեղի ունեցավ այդ պարտութիւնը:

 Նրա մտքերից այստեղ ներկայացնեմ: Բոլորս էլ Արցախեան պատերազմին մասնակից, ու հաղթութեան բերկրանքը մօտ երեսուն տարի վայելեցինք ու զոհաբերութիւններով ու նւիրաբերումներով յարութիւն տւեցինք Արցախին: Մեզանից շատերը խանդավառութեամբ այցելած են մեր Հայրենիքի այդ դրախտավայրը ու ծրագրում էին տակաւին ուրախութեամբ այցելելու: «Այստեղ կուզեմ նշել որ իմ անմոռանալի առաջին այցելութեան յուշերը Արցախ տպւել է Ասպարէզում Հոկտեմբեր 9,1993 թ. և յաջորդաբար այլ յօդւածներ»: Մաքօ-ն սրտի խորը կսկիծով գրում է․ «Արցախ աշխարհի ծաղկման ու զարգացման երջանկութիւնը ապրած, վերջին պատերազմին անմնացորդ մարտնչած հայրենապաշտ ազատամարտիկը, ի տես դաւադրութեամբ ստեղծուած պարտութեան և տիրող համատարած ողբերգութեան, զայրույթն ու ցասումը բռունցքներուն, խոր հառաչանքով կը մրմնջէ. «Այս ինչպէս եղաւ, որ ժողովուրդը յաղթեց ազգին  …» ( և կշարունակէ յօդւածը որը կարող եք կարդալ համացանցով):

Մեզանից շատերը կը յիշեն 1991-92-93 թւերի թէժ պատերազմը, որ ըստ ականատես Գուրգէն Մելիքեանի, որակւում էր ամենախիստ, ամենադաժան պատերազմը վերջին 2000 ամեայ մեր պատմութեան ընթացքին: Յիշում ենք ինչպիսի սխրանքներ գործեց Սփիւռքահայ Մոնթեն իր ռազմակիցներով և ինչ պատգամեց մեզ նախքան իր նահատակւելը, «Եթէ կորցնենք Արցախը ապա կը շրջենք մեր պատմութեան վերջին էջը»:  Ահաւասիկ մեր պատմական ոսոխը շրջեց մեր պատմութեան վէրջին էջը մեր միջից բխած Հայանուն կրող, ոչ բարով «առաջնորդով»…:

Հարիւրաւոր տարիներ ստորացւած, հարստահարւած գոյամարտից յետոյ ունեցանք անկախութիւն: Ահաւոր կոտորածների և օտարի լծի տակ ստրուկաբար դիմանալուց յետոյ, վերջապէս ազատագրւած Հայաստան ունեցանք: Հայկական Պետականութիւն ու Բանակ ստեղծեցինք, բայց ի հեճուկս կեղեքիչ, ապիկար որկրամոլութեամբ ու սեփական գոյքի հափշտակութեամբ զբաղւող իշխանաւորներին, աթոռապաշտութիւնը հասցրեց մեզ այս հանգրւանին: Մեր յաջորդաբար իշխանաւորները թերագնահատեցին մեր դարաւոր թշնամու նկրտումները, որ լուրջ կերպով զբաղւած էր մինչև ատամները զինւելով, իսկ մենք օրօրւում էինք բարձր վճարւող «Համանախագահների խոստումներով ու խափուսիկ բանակցութիւներով»: Միւս կողմից էլ հսկայական գումարներ էինք հատկացնում եկեղեցիներ կառուցելով, փոխարէն զէնք ու զինամթերք արտադրելու:  
   
Գոյութիւն ունի մի պարզ իրականութիւն, որն է՝ ի՞նչն է որոշում որևէ ազգի իրաւունքը ապրելու իր սեփական հողի վրայ: Պատասխան՝ զենքը, բիրտ ուժը։ Ասած Սրբազան Խրիմեան Հայրիկի՝ երկաթե շերեփը…ավելի մեծ՝ պողպատե շերեփը … Մեր թշնամին նկատեց, որ մենք այս պատգամին չենք հետևում, ու մեր կարծեցեալ «դաշնակից» Ռուսաստանի հետ մտածեց՝ «Հերիք է ձեզ: Վերջ: Խնջույքը վերջացավ: Մի քանի տարի վայելեցիք Ազատագրւած ու Անկախ Հայրէնիք, հիմա հետդարձ դէպի այն իրավիճակին, որ ունեցել եք նախկինում…»:

Փաշինեանի գործի գալու ընթացքին, ես իմ շրջապատի մի քանի հոգու հետ վիճաբանութիւն էի ունենում: Մի անգամ նրանցից մէկն ասաց․ «Ես ներքին ձայնով զգացած էի, որ այս մարդն այն չէ՝ ինչ ներկայանում է»: Ցաւօք խոստովանեմ, որ ես մեր միլիոնավոր հայրենակիցների նման չզգացի այդ ներքին «ձայնը»  ու տարւեցի էյֆորեայով, որովհետև ես ներկայ էի այդ ամիսներին Հայաստանում: Միայն այստեղ յիշեցնեմ իմ կարդացողներին, որ ինչպիսի խանդավառութեամբ ընդունեցինք համակ սփիւռքում այդ «կարծեցեալ» հեղափոխութիւնը: միայն յիշենք մայիս 20, 2018 թ. Սալբի Ղազարեանի ձեռնարկած հանրահաւաքը USC Համալսարանում, ուր ոտնկայ դիմաւորեցինք խոշոր էլէկտրոնային պաստառի վրայ Փաշինեանի լայն ժպիտն ու պատգամը: Այո, ես ու իմ նման միլիոնաւորներ շփոթեցինք «Ժողովրդականութիւնը»` populism-ը ժողովրդախափէութեան հետ: Շատ քչերն էին այն օրերին, որ կասկածով էին մոտենում Վարչապետի կեցւացքին: Յիշում եմ իմ ունեցած խիստ վիճաբանութիւններից մէկի ժամանակ ես վէճը կարճ կապելու մտադրութեամբ ասացի. «Լավ, այս նոյն հարիւր հազարանոց ժողովուրդը, որ հիմա Հանրապետական հրապարակում գոռում է․ «Նիկոլ, Նիկոլ վարչապետ..․» մի օր էլ կարող է գոռալ՝ «Նիկոլ, հեռացիր…»: 

Հիմա տեսնում ենք, որ այդպէս էլ եղավ: Ականատես եղայ այն տեսարանին, որ ձեզանից շատերը տեսաք Հայկական և օտար լրատւամիջոցներից:  Յիշենք Հանրապետութեան հրապարակի լեփ լեցուն ծափահարող բազմութիւնը: Անհնարին էր տեսնել այդ տեսարանը ու չհաւատալ ժողովուրդին, որովհետև ես ականատես էի 2017 թ. ինչպիսի հոգեկան անկում էր ապրում Հայաստանի ժողովուրդը: Այնքան յուսահատ ու լքւած էր զգում իրեն, որ հարիւրաւորներ ամեն միջոցներով, անգամ ուղղակի ոտքով լքում էին երկիրը դէպի Վրաստան տանող ճանապարհով:  Փաշինեանը եկավ կամ «բերւեց» ճիշտ ժամանակին:

Չմոռանանք ինչպիսի ընդունելութիւն ունեցավ Փաշինեանը այստեղ՝ սեպտեմբեր 22, 2019-ին Grand Park, L.A., և այլ հայահոծ գաղթոջախները՝ Եւրոպա: Նրա կրակոտ ոգևորիչ ելույթները, հանդիպումները գաղութի զանազան կազմակերպութիւնների հետ, մարդաշատ հիւրընկալութիւնները, հարցազրոյցները հայ և Ամերիկեան լրատւամիջոցների հետ, իր կնոջ Աննայի ելոյթը Հ.Օ.Մ.ի ճաշկերոյթին և այլուր: «Չնայած որ, կարգ մը հրաւէրների ընթացքին քննադատւեցին ոչ առժանավայել իրենց պահւածքով»: 

Համակ հայութիւնը Ն. Փաշինեանին գրկաբաց ընդունեց: Սա ինչպիսի՞ երևոյթ էր մեր հայ իրականութեան մեջ, ինչպէ՞ս եղավ, որ չթափանցեցինք այս մարդու հոգու և մտքի խորքերը:  Ի՞նչ և ինչպէ՞ս փոխւեց նրա կեցւածքը: Արդեօ՞ք ազգովին խաբւեցինք ու չկարողացանք խանդավառութիւնից անդին տեսնել ինչ էր կատարւում: Այսպիսի ամբոխավարներից էին օրինակ, Հիթլերը, Մուսոլինին և այլոք: Այնպիսի գրաւիչ ու տեղին ժողովրդականութիւն քարոզեց, որ ամբոխը իր միակ փրկութիւնը տեսավ նրա անձի մեջ: Ցաւոք մարդկութիւնը միշտ տարւում է անձի պաշտամունքով, ինչպէս որ էր Սովետական շրջանում, և ինչու ոչ այս ԱՄՆ-ում Թրամփի Մեսիանիք երևոյթով…:

Երբ 2019 թ. Արայիկ Յարութիւնեանին նշանակեց Մշակոյթի-գիտութեան-կրթութեան- սպորտի նախարար, և նրա առաջին անհիմն գործը եղավ Հայ Ասպէտ սիրւած ծրագրի վերացումը և միւս տարօրինակ դրամական յատկացումները, իմ համակրութիւնը սկսեց նւազել ու անգամ մասնակցեցի Հ.Յ.Դ. երիտասարդների բողոքի ցոյցերին՝ Արայիկ-ի դէմ: Տակաւին դեռ հաւատք ունէի նրա հանդէպ, ինչպէս որ ժողովուրդի մի հատւած մինչև օրս նրան ընդունում է որպէս «օրինական» վարչապետ: 

Նոյեմբեր 9-ի ահաւոր դէպքերից յետոյ այլևս ոչ նրա ձայնը, ոչ էլ տեսքը տանել չեմ կարող: Այո ազգովին յուզւած ենք ու նորից գլխիկոր ստիպւած ենք նորանոր պայքարների, շտկումների հոսանքի մեջ թաւալվելով ելք ու ճանապարհ գտնել: Հազիվ էինք մի քիչ ազատւել Ցեղասպնութեան զոհի բարդոյթից ու սկսել էինք մեր մատղաշ սերունդին հպարտութեամբ պատմել մեր Ղարաբաղեան հաղթութեան մասին, բայց նորից այս լախտը եկավ մեր գլխին…

Ցաւօք չունենք ամուր հաստատութիւններ, «ամերիկեան ձևի դեմոկրատական ինստիտիւտներ», որ կարելի լինի անխռով, խաղաղ կերպով Խորհրդարանը լուծել Վարչապետի հետ միասին, պիտի հենւենք ժողովրդի խէլացի, մասնագէտ հատւածի անխռով կամքի միջոցով այս բարդ իրավիճակից դուրս գալ: Հայահոծ Սփիւռքի մասնակցութիւնը պիտի լինի որքան շուտ առաջնահերթութիւնը տալ վերականգնելու մեր ԲԱՆԱԿԸ:  Այլևս ոչ մէկ սև կոպեկ ներկայ իշխանութեան:

Թուրքի Դամոկլեան սուրը տակաւին մեր գլխին կախւած է: Թուրքիան երեք պայման է դրել մեր առջև, որոնց չկատարելու դէպքում մեզ նոր պատերազմով է սպառնում: «Առաջինը Արցախի հարցն է, որ արդեն լուծեցինք, երկրորդը Կարսի Պայմանագրի բեկանումն է, երրորդը Ցեղասպանութեան Հարցի վերացումն է»: Այս տարւայ մարտին Կարսի Պայմանագրի հարիւր ամեակն Է: Արդեօք Պր. Վարչապետը և իրեն հետևող Խորհրդարանը ի՞նչ է մտածում այս մասին:  Արդեօ՞ք նորից «անտերութիւն» է տիրում՝ այնպէս, ինչպէս ազերին է ուզում, գիւղեր է գրաւում, բայց ոչ մէկ հակազդեցութիւն չի լինում իշխանութիւններից: 

Լսում ենք լուրերից, որ Ալիևը Եւրոպական Դատարաներում Հայաստանից պահանջելու է 50 միլեարդ դօլարի հատուցում, որ իբր թէ Արցախը 30 տարի իրենց հողերից օգտւելով հսկայական հասոյթ է ստացել, ուրեմն կամ այդ վնասի փողը պիտի վճարի կամ էլ հաւելեալ հողեր նւիրաբերի իրենց: Ու՞ր է սրա հակադարձը մեր կողմից: Քանի՞ հարիւր միլիօն դօլարների մեր նւիրատւութեամբ հանգանակած, կամ Համահայկական գումարներից ճանապարհներ, դպրոցներ հիվանդանոցներ և այլն կառոյցներ մնացին  իրենց ձեռքը: Մեր կառավարութիւնը ինչո՞ւ չի ներկայանում Եւրոպական դատարաններին՝ մեր պահանջներով:

 Այսպիսի արհաւիրքներ մեր Հայ ազգի գլխին շատ եկած է բայց ինչպէս Ջիվանին ասել է՝ «Վհատելու չէ, ձախորդ օրերը ձեան նման կուգան ու կերթան…»: Ինքնասպանութիւն չպիտի գործենք: Մեր թշնամուն աւելի չուրախացնենք իրարու «միս ուտելով»: Զգացմունքային անպտուղ գոռգռոցները մի կողմ դնենք: Աւելի լուրջ ու աւելի սառը բանականութեամբ «ինթելեկտով» դատենք ելքի միջոցները: Մեր մէջի ամենափայլուն ուժերն ու խէլքը գործի լծենք: Պարապ խօսքերով ու բաժակաճառերով չզբաղւենք: 

 Մենք կռւել ու յաղթել ենք աշխարհակալներին, Չէնգիզ Խաներից սկսած մինչև նորանոր «բուսնած» գազան ցեղեր: Ազերու աստղն էլ մի օր կմարի, թուրքն էլ երկար չի վայելի իր «հովանաւորների» բարիքները: Համբերող, հարատևող ու դիմացող լինենք, կը հաղթահարենք: Մենք ունենք առաքելութիւն այս հողի վրայ: Մենք հայերս միշտ եղել ենք «Քրիստոնեային վայել» ներողներ, բայց այլևս բավ է: «Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհ կարդայ հայուն նախատինք»: Լինենք վրիժառու, վարվենք վայրագ թուրքի հետ իրեն վայել հենց իր լեզւով: 

Արմինէ Կ. Կունդակջեան