Եթե ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն պետք է «իր դեմքը ցույց տա»

Եթե ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն պետք է «իր դեմքը ցույց տա»

Մինչ քաղաքական դաշտը նախընտրական եռուզեռի մեջ է, Սերժ Սարգսյանը դեռեւս ծանրութեթեւ է անում՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։ Երրորդ նախագահն անձամբ հակված է չմասնակցել ընտրություններին՝ համարելով, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունները լինելու են իշխանության վերարտադրության միջոցառում, եւ իրենք մասնակցելու են առաջիկա տարիների համար նրա լեգիտիմացմանը։ Նա կարծում է, որ կարելի է անգամ 1-2 տարի դիմանալ եւ չգնալ ընտրությունների, բայց հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, քանզի այս մթնոլորտում ընտրություններով նրա հեռացումն անիրատեսական է։ Թեեւ նրա թիմակիցներից ոմանք պնդում են, որ եթե այս ընտրություններին հնարավոր լիներ մեծ ընդդիմադիր դաշինք ձեւավորել, ապա իշխանափոխությունը սարերի ետեւում չէր լինի։

Բայց ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անհաղթահարելի հակասություններ ունեն, որը թույլ չի տալիս նրանց միավորվել։  Սերժ Սարգսյանը նաեւ չի ցանկանում կուսակցությանը մղել լուսանցք՝ իրենց ռեսուրսները չօգտագործել, իրենց էլեկտորատին թողնել բախտի քմահաճույքին, հատկապես որ խոշոր գործարարները կգնան Ռոբերտ Քոչարյանի կողմը, եւ էլեկտորատն էլ ցաքուցրիվ կլինի։ Չար լեզուներն ասում են, որ Սերժ Սարգսյանը ոգեւորված չէ նաեւ Քոչարյանի՝ իշխանության գալու հեռանկարով։ Ճիշտ է՝ Փաշինյանի հեռացումը համարում է գերխնդիր, բայց Քոչարյանի գալն էլ առանձնապես ցանկալի չէ։ Ուստի քաղաքական գործընթացներին մասնակցելու այլընտրանքային տարբերակների փնտրտուքի մեջ է։ Կարծում է, որ կուսակցության ակտիվը կարող է բաշխվել տարբեր քաղաքական ուժերի ընտրացուցակներում, եւ ռեսուրսներն էլ ընտրությունների ժամանակ աջակցեն այդ ուժերին։ Դիտարկում են ՀՀԿ-Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների դաշինք ձեւավորելու հարցը։ Ընդ որում՝ կուսակցությունը պահանջում է, որ ընտրացուցակը կազմվի հավասար համամասնությամբ։ Ի դեպ, ՀՀԿ-ում լիդերի խնդիր կա․ Սերժ Սարգսյանը 2018-ին այնքան է բարդույթավորվել, որ մտավախություն ունի, թե հանրությունը դեռ չի ներել «մերժվածին», ուստի ցուցակում իր առաջնորդությունն այնքան էլ նպատակահարմար չի տեսնում։ 

Սակայն բոլորը չէ, որ համաձայն են ՀՀԿ-ական երբեմնի վարկաբեկված գործիչներին իրենց ցուցակում ընդունելու առաջարկին։ Մանավանդ՝ ՀՀԿ-ականներն իրենք էլ լուրջ հավակնություններ ունեն․ կարծում են, որ ՀՀԿ-ն ամենաինստիտուցիոնալ կուսակցություններից է, ունի լուրջ ռեսուրսներ ու պետք է իր անվան ներքո մասնակցի։ Անշուշտ, վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է։ 
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հորդորեց չշտապել․ եթե մինչ կիրակի հայտարարում էին, թե ընտրություն չի լինելու՝ Փաշինյանը փոշմանելու է, հիմա էլ ասում են․ «Երբ կլինի ընտրությունների մասին պաշտոնական հայտարարություն, մենք անմիջապես կարձագանքենք։ Կարծում եմ՝ մոտակա օրերս կուսակցությունը որոշում կունենա»։ Ապա շեշտեց իր անձնական կարծիքը՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ չի կարելի ընտրության մասնակցել, «բայց թե ինչ որոշում կընդունի կուսակցությունը, պարտավոր ենք բոլորս ընդունել»։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ նկատեց, որ իրադարձությունները զարգանում են վայրկենական․ «Եվ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը եթե մի բան ասաց, անպայման լինելու է։ Ավելի անկանխատեսելի, ավելի տուրբուլենտ, ինչպիսին մեր իրականությունն է, երբեք չի եղել։ Դրա համար՝ սպասենք զարգացումներին»։ Ասաց․ մյուս կողմից՝  հույսեր չի կապում խորհրդարանական ընդդիմության հետ, թե թեկնածու կառաջադրեն եւ նոր վարչապետ կընտրեն․ «Եթե իրենք ուզենային երկիրն այս վիճակից դուրս հանել, անպայման կանեին, բայց անհույս է, եւ նրանց ընդդիմություն համարելն էլ արդեն անհեթեթություն է»։ ՀՀԿ-ն է, ըստ Աճեմյանի, ամենակայացած կուսակցություններից մեկը․ «Եվ, այո, դերակատարում ունենալու է, բայց թե ինչպես՝ այս պահին չեմ կարող ասել, որոշում կընդունենք առաջիկա օրերին»։

Փորձեցինք հասկանալ․ ի՞նչ նկատի ունի «դերակատարում է ունենալու» ասելով։ Աճեմյանը փակագծեր չբացեց, ներկայացրեց իր անձնական դիրքորոշումը․ «Ես կարծում եմ, որ մեծ դաշինքի միջոցով է հնարավոր միայն բան փոխել։ Եթե մարդը եկած օրվանից կեղծում է, սուտն իր համար շնչելու պես մի բան է, ապա նա կկեղծի նաեւ ընտրությունները, ամեն ինչ կանի, որ վերարտադրվի, իսկ դաշինքը կարող է ինչ-որ բան փոխել»։ Հարցրինք՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան դաշինք պատկերացնո՞ւմ է։ «Դա երկու նախագահների որոշելիքն է»։ Իսկ հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ականներն այլ ցուցակներում տեղավորվեն։ «Եթե ՀՀԿ-ն մասնակցի, միայն իր դեմքով է մասնակցելու։ Մենք մնում ենք ամենակայացած քաղաքական ուժը, եւ տարրալուծվել այլոց, այն էլ այն կուսակցությունների մեջ, որոնք ճանապարհ չեն անցել, հետագիծ չունեն, անընդունելի է»։ Փորձեցինք հասկանալ, թե որ ուժին նկատի ունի, եւ եղե՞լ են նման բանակցություններ։ «Ոչ, Դուք էիք ասում, որ այլ ուժերի հետ հնարավոր է գնաք․ մենք այդպիսի քնարկում չենք ունեցել եւ չենք կարող ունենալ»։

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը գերադասեց լռել, քանի դեռ չկա ՀՀԿ-ի որոշումը։ Հարցրինք՝ եթե ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, ինքը որեւէ ձեւով կներգրավվի՞ ընտրական գործընթացներին եւ ո՞ւմ օգտին։ «Միանշանակ, պայքարելու եմ մինչեւ վերջ, մինչեւ այս իշխանությունը հեռանա, իսկ թե ում հետ եմ պայքարելու, որեւէ որոշում չեմ կայացրել»։
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսն էլ հորդորեց մի քանի օրից զանգել իրեն, երբ ՀՀԿ-ն ունենա որոշում։ Նա համառորեն որեւէ հարցի չպատասխանեց։ Գյումրեցի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց, որ ճիշտ չէ այս պահին ընտրություններ անցկացնելը․ «Կարծում եմ՝ ավելի ուշ է պետք ընտրություններ անցկացնել, որ մի քիչ սպիտակներն ու սեւերը փոխեն, հին ու նորը փոխեն, մարդկանց տրամադրել նորմալ ընտրությունների, մարդկանց միջից հանել փոխադարձ հայհոյանքների մթնոլորտը, երբ երկիրը հնարավոր կլինի կայունության ռելսերի վրա բերել, թող այն ժամանակ էլ ընտրություն անեն»։ Իսկ մինչ այդ, Ավետիսյանի խոսքով՝ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է ժամանակավոր կառավարություն ձեւավորվի։ Բայց եթե ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն, մեր զրուցակցի խոսքով, պետք է «իր դեմքը ցույց տա»։