Սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պարագայում մեր՝ թուրքերենի իմացությունը կարեւոր է լինելու

Սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պարագայում մեր՝ թուրքերենի իմացությունը կարեւոր է լինելու

Պատերազմից երկու տարի անց  կառավարությունն ու ԿԳՄՍՆ-ն որոշեցին, որ դպրոցների ավագ դասարանների աշակերտները պետք է ուսանեն ադրբեջանական եւ թուրքական լեզուները։ Սա ոչ թե թշնամու լեզուն իմանալու անհրաժեշտությամբ է պայմանավորված, այլ խաղաղության դարաշրջանի շրջանակներում է։ Սա, իհարկե, մատուցվեց իբրեւ տարածաշրջանի հարեւան երկրների լեզուն ուսանելու կոնցեպցիայի շրջանակներում։ Աշակերտներին հնարավորություն են տալու ընտրություն կատարել թուրքերենի, ադրբեջաներենի, վրացերենի եւ պարսկերենի միջեւ։

Մենք զրուցել ենք թուրքագետ, հանրակրթական դպրոցներում թուրքերենի ուսուցման ծրագրի համահեղինակ Մուշեղ Խուդավերդյանի հետ, ով օրերս, որպես ծրագրի համահեղինակ, պարգեւատրվեց ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրով։

- Որքանո՞վ է դպրոցներում 3-րդ լեզու ուսուցանելու ծրագիրն իրատեսական՝ կարո՞ղ է արդյոք երեխան ռուսերենին եւ անգլերենին զուգընթաց, ուսումնական ծանր ծրագրերի պարագայում, նաեւ երրորդ լեզու սովորելու ժամանակ ու հնարավորություն ունենալ։ Դա մյուս առարկաների հաշվին չի՞ լինի։

- Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս, որ այդ ծրագիրը հաստատվեց կրթության եւ գիտության նախարարության կողմից, եւ արդեն այս տարվանից դպրոցներում ուսուցանվում է թուրքերենը։ Այն բավական կարեւոր է այն առումով, որ թուրքերենը տարածաշրջանային լեզու է եւ ոչ միայն թուրքերենը, այլ նաեւ ադրբեջաներենը, պարսկերենը, վրացերենը։ Այս լեզուներից միայն մեկը դպրոցը կարող է ընտրել եւ դարձնել որպես 3-րդ օտար լեզու։

- Հայաստանյան քանի՞ դպրոց է ընտրել թուրքերենն ու ադրբեջաներենը։

- Թվի մասին տեղյակ չեմ, սակայն գիտեմ, որ բավական դպրոցներ ընտրել են։ Թուրքերենն ու ադրբեջաներենն ուսուցանվելու են միայն ավագ դպրոցում եւ նախատեսված են 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների ուսուցման համար։ Սկսում ենք 10-րդ դասարանից՝ զրոյից, ուսուցանումն արդեն սկսված է՝ սեպտեմբերից մասնագետներն աշխատում են։

- Դպրոցներն ունե՞ն այդքան ռեսուրս եւ, ամենակարեւորը՝ մասնագետներ, այդ լեզուների ուսուցումն ապահովելու համար, եւ դա ի՞նչ ծախս է կազմելու պետական բյուջեի վրա։

- Մասնագետների հետ կապված կարող եմ ասել, որ ցանկացած մարդ, ով ունի համապատասխան որակավորում, դիպլոմ, այսինքն՝ դա հիմնականում վերաբերում է այն համալսարաններին, որտեղ թուրքագիտություն են անցնում, եւ որից հետո հարցազրույց են անցնում դպրոցում մասնագետները։ Հարցազրույցն անցնելուց հետո պետք է մանկավարժական հմտությունների վերաբերյալ, այսպես ասած, երեսուն միավոր հավաքեն, եւ այդ միավորները հավաքելուց հետո, որը հիմնականում վերաբերում է մանկավարժական հմտությունների դասընթացին, արդեն մասնագետը կարող է ուսուցանել թուրքերեն։ Նոր ծրագիրն ընդունվեց օգոստոսի վերջին, այսինքն՝ բավական քիչ ժամանակ կար մինչեւ սեպտեմբեր, մասնագետներին հնարավորություն տրվեց 30 միավորը հավաքել աշխատանքի ընթացքում։

- Ծրագրի համահեղինակներից մեկը Դուք եք։ Կմանրամասնե՞ք, թե ինչպիսին է ծրագիրը։ Ովքե՞ր են դասագրքի հեղինակները, ի՞նչ ժամաքանակով են անցնելու առարկան։

-  Մենք անցնելու ենք թուրքերենի պաշտոնական դասագրքով, որը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Այդ գրքերն անցնում են նաեւ պետական համալսարանում եւ բազմաթիվ բուհերում, որտեղ ուսուցանվում է թուրքագիտություն։ Գրքի հեղինակներն են Ալեքսանդր Սաֆարյանը, Աշոտ Սողոմոնյանը, Տիրան Լոքմագյոզյանը։ Ծրագիրը ներկայացվել է այս տարի, որից հետո սկսվել են ծրագրի վերաբերյալ աշխատանքները, ծրագրի կազմման աշխատանքները, որից հետո այն ներկայացվել է նախարարություն՝ համապատասխան հանձնաժողովի քննությանը, եւ հանձնաժողովը՝ համապատասխան մասնագետներով, քննել է ու հավանություն տվել։
Ծրագիրը գրել ենք ես եւ «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանի անձնակազմը՝ ի դեմս տնօրեն Լենդրուշ Ղումաշյանի եւ այլոց։ Ադրբեջաներենի մասով չգիտեմ, թուրքերենի մասով, օրինակ, ես դասավանդում եմ շաբաթական 8 ժամ՝ տարբեր դասարանների հետ, մեկ դասարանին բաժին է հասնում շաբաթական 2 ժամ։

- Հաշվի առնելով 44-օրյա պատերազմը, ինչպե՞ս Ձեզ դիմավորեցին աշակերտները, ինչպիսի՞ն է նրանց տրամադրվածությունը, հոգեբանորեն պատրա՞ստ են թուրքերեն ուսանելուն։

- Աշակերտները բավական բարյացակամ են ընդունել ինձ՝ ժպիտով, եւ կարող ենք ասել, որ այս լեզուն պարտադրված չէ աշակերտներին։ Շատ դեպքերում լեզուն ընտրել են աշակերտները։ Այսինքն՝ օրինակ, մեր դպրոցում ընտրություն են կատարել ֆրանսերենի եւ թուրքերենի միջեւ։ Շատ աշակերտներ ուսումնասիրում են ֆրանսերեն, շատ աշակերտներ՝ թուրքերեն։ 30 աշակերտ ունեցող դասարանում առնվազն 20 հոգի թուրքերեն է սովորում։

- Իսկ հարցեր ուղղե՞լ են Ձեզ, թե ինչու պետք է սովորեն թուրքերենը։

- Շատերի պատկերացումները տարբեր են, բայց այստեղ նպատակը մեկն է՝ ուսումնասիրել թուրքերենը, իսկ հետագայում աշակերտներն ինչպես կօգտագործեն թուրքերենի գիտելիքները, դա արդեն իրենց գործն է։

- Ի՞նչ է տալու թուրքերենի իմացությունը հայ երիտասարդներին, որտե՞ղ են շփվելու թուրքերի հետ, արդյո՞ք սա նշանակում է, որ սկսելու են թուրքեր ժամանել Հայաստան, եւ նրանց համար ծառայություններ, կոմֆորտ ապահովելու համար է տեղացիների թուրքերենի իմացությունը կարեւոր։

- Տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթաց, բանակցություններ են տեղի ունենում, ինչպես գիտենք։ Բանակցությունները բավական լուրջ մակարդակով են տեղի ունենում, արդեն բանագնացները մի քանի անգամ հանդիպել են։ Այդ բանակցությունները ոչ միայն Թուրքիայի հետ են, այլ նաեւ՝ Ադրբեջանի։ Եվ, ըստ իս, առանց մեկը մյուսի չի լինի, այսինքն՝ չի լինի հարաբերություններ միայն կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ՝ ոչ, կամ հակառակը։ Եվ, ըստ այդ գործընթացի, կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանում իսկապես սկսեն լրջորեն վերաբերվել այդ տարածաշրջանային լեզուներին, քանի որ սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պարագայում երկկողմ շփումներն ուժեղանալու են։

- Ինչքանո՞վ եք հետեւում թուրքական հանրային ու տեղեկատվական դաշտին, ինչպե՞ս են թուրքերը վերաբերվում հայերին եւ հայերենի իմացությանը։ Կա՞ն փոխանակումներ, փոխայցելություններ, գուցե Հայաստանում դրամաշնորհային ծրագրեր են պատրաստվում իրականացնել, կամ թուրքերը ֆինանսավորում են թուրքերենի ուսուցումը, դասագրքերի տպագրությունը։

- Մեկ անգամ չէ, որ թուրքական մամուլը, հեռուստաընկերությունները, մամուլն անդրադարձել են, որ Հայաստանում ուսուցանվում է թուրքերեն։ Եվ կարելի է ասել, որ նույն գործընթացները տեղի են ունենում Ադրբեջանում եւ Թուրքիայում, այսինքն՝ Թուրքիայում, ճիշտ է՝ ոչ պետական մակարդակով, բայց, ամեն դեպքում, որոշ կրթական հաստատություններում հայերեն սովորեցնում են։ Իսկ մեզ համար կարող ենք ասել՝ եթե սահմանները բացվեն, հարաբերությունները բարելավվեն, արդեն կսկսվեն ներդրումային, զբոսաշրջային եւ այլ ծրագրեր։