Հայ-ռուսական ջարդեր եւ Հայաստանի դենացիֆիկացիա. ինչի կարող է հանգեցնել հակառուսական ֆաշիզմի հետեւողական տարածումը Հայաստանում

Հայ-ռուսական ջարդեր եւ Հայաստանի դենացիֆիկացիա. ինչի կարող է հանգեցնել հակառուսական ֆաշիզմի հետեւողական տարածումը Հայաստանում

Արեւմտյան որոշ շրջանակների պասով ֆաշիզմը եւ նացիզմը հետեւողականորեն տարածվում են նաեւ Հայաստանի հանրային կյանքում: Իրեն քաղաքագետ հռչակած ոմն մեկը, ում ֆեյսբուքյան ստատուսները հետեւողականորեն տարածում են հայկական մեդիադաշտի այլ ռեսուրսներ եւս, գրում է. «Պուտինյան ռեժիմը գոյություն ունի շնորհիվ ռուսաստանցիների, առաջին հերթին՝ ռուս ժողովրդի վայրենության, հետեւաբար, այդ ժողովուրդը պիտի պատասխանատվության ենթարկվի»: Մաքուր ֆաշիստական գաղափարախոսություն, որն իշխանության գործողությունների համար պատասխանատու է հռչակում մի ամբողջ ժողովրդի եւ հայտարարում, որ դրա համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Մնում է պատասխանատվության ձեւն ու մեթոդներն էլ հայտարարվեն: Ռուսներին գուցե պետք է պատասխանատվության ենթարկեն գազային կամերաներո՞ւմ, գիլյոտինո՞վ, թե՞ կարելի է ավելի մեղմ եւ հումանիստական միջոցներ կիրառել. մեկուսացնել սիրբիրյան ռեզերվացիաներում եւ թողնել, որ այնտեղ մեռնեն ցրտից ու սովից:

Պուտինին աջակցում են ոչ միայն ռուսները, այլեւ Ռուսաստանի բոլոր ազգերը: Իզուր է ստատուսագիրը տարբերություն դնում ռուսների, բուրյաթների, դաղստանցիների, չեչենների, կալմիկների ու տասնյակ այլ ազգերի ու ազգությունների միջեւ: Թե՞ վախենում է գրել, որ, օրինակ, պետք է պատասխանատվության ենթարկել բոլոր չեչեններին, քանի որ նրանք էլ սատարում եմ Ռամզան Կադիրովին, ով ջոկատներ է ուղարկում Ուկրաինա: Կադիրովը կարող է պատասխանատվության մասին ոչ թե ստատուս գրել, այլ միանգամից գործել:

Իսկ ինչո՞ւ նույն անձն արցախյան պատերազմի սանձազերծման համար պատասխանատու չի հռչակում բոլոր ադրբեջանցիներին կամ Հայոց ցեղասպանության համար՝ բոլոր թուրքերին ու պահանջում պատասխանատվության ենթարկել բոլոր ադրբեջանցիներին ու թուրքերին: Ալիեւի հանրային աջակցությունը պատերազմի օրերին ու հիմա էլ ավելի մեծ է, քան Պուտինի հանրային աջակցությունը հիմա: Ռուսաստանում հարյուրավոր մարդիկ հրապարակային դատապարտեցին պատերազմը, իսկ Ադրբեջանում գեթ մեկ մարդ հրապարակայնորեն չխոսեց դրա դեմ: Գուցե խոստովանի, որ իր նման մտածողները համարում են, որ Ալիեւն արդարացի պատերազմ էր սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, մինչդեռ Պուտինի պատերազմն իմպերալիստական նվաճողական է: Հայ ժողովուրդն էլ կռվում էր ուրիշի տարածքի համար, իսկ ադրբեջանցի ժողովուրդն ազատագրական պատերազմ է մղում ընդդեմ օտարերկրյա ինտերվենցիայի: Բայց ո՞վ թույլ կտա որեւէ մեկին Հայաստանում ադրբեջանատյացություն եւ թուրքատյացություն քարոզել, այն էլ՝ Ֆեյսբուքում, որտեղ արգելափակում են Մոնթեի անունը տվողների էջերը, չէ՞ որ ՀՀ իշխանական ուժերն ու սորոսական գործիչներն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության օրակարգ ու բաց սահմանների քաղաքականության կողմնակիցներ են: 

Իրական պատճառն այն է, որ ադրբեջանցիների դեմ թշնամանքի տարածումը ոչ մի պահանջարկ չունի, մինչդեռ ռուսատյացությունը ոչ միայն պահանջված է, այլ նաեւ վճարված: Ի՞նչ վատ ծրագիր է որ. Հայաստանում պլանավորված ու հետեւողականորեն բորբոքել հակառուսական ֆաշիզմ, հայերին ու ռուսներին իրար դեմ հանել, հայ-ռուսական ջարդեր կազմակերպել: Այնքան շիկացնել հակառուսականությունը, որ մի երկու ռուսի Երեւանի փողոցներում պատասխանատվության ենթարկեն՝ Պուտինին աջակցելու համար, օրինակ՝ Հյուսիսային պողոտայում քացու տակ գցելով: Հետո Ռուսաստանում մի քանի միլիոն հայերին կսկսեն քացու տակ գցել: Ռուսաստանը կհայտարարի, որ Հայաստանում եւս ֆաշիզմ ու նացիզմ կա, որ այն ոչ միայն չի հետապնդվում իշխանության կողմից, այլեւ նույնիսկ խրախուսվում է: Ռուսաստանին էլ ի՞նչ է պետք. Ուկրաինայից ազատվի, սկսի զբաղվել հերթական երկրի դենացիֆիկացիայով: Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստան զորք էլ պետք չէ մտցնել. Հայաստանի հյուսիսից հարավ ռուսական զորք է: 

«Հետաքրքիր է՝ Շոլցի որդնած ուղեղը տեղյա՞կ է, որ Պուտինն այդ նույն ռուսների կողմից ընտրված պրեզիդենտն է, որ ռուսաստանցիների ավելի քան 80%-ն աջակցում է նրան ու նրա սանձազերծած ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի»,- գրում է նույն ստատուսագիրը՝ քննադատելով Գերմանիայի կանցլերին այն բանի համար, որ դեմ է ռուսաստանցիների մուտքը ԵՄ տարածք արգելելուն: Դեմ է, որովհետեւ հասկանում է, թե ինչ վտանգներով է հղի ֆաշիզմի ու նացիզմի վերածնունդը Գերմանիայի համար: Շոլցի ուղեղն այնքան որդնած չէ, որ հասկանում է՝ Ռուսաստանի հետ պատերազմը, թեկուզ պատժամիջոցային, քայքայում է գերմանական արդյունաբերությունը, Գերմանիայի տնտեսությունը դարձնում ոչ մրցունակ ամերիկյան տնտեսության նկատմամբ, որ գերմանացիների համար պատերազմն արժենում է միլիարդավոր եվրոներ, ու երկիրը խրվում է պարտքի մեջ: Շոլցը հասկանում է, որ, ինչպես 1945 թվականին, այս պատերազմն էլ կարող է բերել Գերմանիայի՝ որպես եվրոպական գերտերության ոչնչացման, եւ այն, ինչի հասել է գերմանացի ժողովուրդը 70-ամյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, կարող է մի քանի տարում ոչնչացվել, ու դա վերացնելու համար պետք կլինի մի նոր Մարշալի պլան ու ԱՄՆ-ից տնտեսական կախման ուժեղացում:

Ուկրաինայում էլ 8 տարի հետեւողականորեն հակառուսական ֆաշիզմ քարոզեցին: Ու դրա արդյունքն ուկրաինական քաղաքները ռուսական հրետանու, ավիացիայի եւ հեռահար հրթիռների կողմից ավերումն է, տասնյակ հազարավոր զոհերն ու միլիոնավոր փախստականները: Ֆաշիզմի քարոզիչներին ու հովանավորներին դա բացարձակապես չի հուզում, նրանք լուծում են իրենց աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերը: Դա պետք է հուզի միայն այդ քարոզչության զոհերին: Նրանք պատրաստ են պատասխանատվության ենթարկել ոչ միայն ռուսներին, այլ նաեւ հայերին: «Ես հիմա չգիտեմ՝ քանի հոգի հայ ենք մնացել, գոնե 1000 հոգի կա՞նք, թե՞ ոչ»,- գրում են նրան՝ մյուս բոլոր հայերին հռչակելով «սեռամոլագարներ, մտավոր հետամնացներ, հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ, 6-րդ պալատից փախածներ»: Մնում է հրապարակեն այդ հազար մարդու անունը եւ անցնեն մյուսներին պատասխանատվության ենթարկելուն:

Ավետիս Բաբաջանյան