Լավրովի հանելուկը և մենք

Լավրովի հանելուկը և մենք

ՀՀ նախկին նախագահներից ո՞ւմ նկատի ուներ Սերգեյ Լավրովը, երբ Երեւանում հայտարարում էր, որ նրանցից մեկն Արցախը դուրս է թողել բանակցություններից: Սերժի «վախտ», կարծես, նման բան տեղի չի ունեցել: 2008-2018 թվականներին Արցախն արդեն բանակցային սեղանի մոտ չէր, եւ, հիշում եմ, ամեն առիթով խոսում էինք, որ ժամանակն է պաշտոնական Ստեփանակերտին կրկին ներգրավելու այդ գործընթացի մեջ: Սերժ Սարգսյանի ալիբին, նրա պաշտոնավարման ժամանակաշրջանի առումով, ինչպես տեսնում ենք, անխոցելի է: Մնացին Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե նկատեցիք, ես հակառակ հերթականությամբ նշեցի մյուս նախագահներին, որովհետեւ, բարեբախտաբար, պատմաբան չեմ եւ չեմ սիրում առավել մոտ ժամանակների իրադարձությունները համեմատաբար վաղ շրջաններում տեղի ունեցած դեպքերով մեկնաբանելու պատմաբանների պրոֆեսիոնալ «ֆինտուֆլյուշկաները»:

Եվ այսպես՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է Արցախը դուրս թողել բանակցություններից, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պատմաբաններն առայժմ լռում են: Ինչո՞ւ: Չե՞ն հիշում, թե՞ իրենց մասնագիտական սովորության համաձայն՝ ստիպված են գալ հեռվից, իսկ ամենահեռվում Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ ոչ միայն ալիբի չունի, այլեւ, մեղմ ասած, երբեք չի փայլել դիվանագիտական ճկունությամբ: Դրա ապացույցն այս արտահայտությունն է. «Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, դու լավ չես ապրելու»: Սա հաստատ ես չեմ ասել, Տեր-Պետրոսյանն է ասել՝ մի կողմից ընդգծելով, որ Սերգոն իրավունք չունի վատ ապրելու համար իրեն մեղադրել, մյուս կողմից հասկացնելով, որ ինքը չէ Ղարաբաղի հարցը լուծողը: Այլապես կասեր՝ «մինչեւ չեմ լուծել»: Հիշողություններին տրվելը հաճելի զբաղմունք է, բայց ավելի լավ է ասելիքից չշեղվենք, որովհետեւ հարցը բավականին նուրբ է: Ես կասեի՝ նուրբ-աղմկահարույց, այսինքն՝ այս հարցի շուրջ պետք է աղմկել, բայց նուրբ ձեւով, որովհետեւ մեզ լսում են դրսում եւ արդեն հայտարարություններ են անում, թե, իբր, հայաստանյան քաղաքական էլիտայում իրար ուտում են ու չեն կարողանում գուշակել Լավրովի հանելուկը:
Բայց ասեմ՝ եղավ մի պահ, որ հայ-հայ էր լուծելու էինք թնջուկը:

Մինչ մենք Հայաստանում մտմտում էինք՝ Լեւո՞նը, թե՞ Ռոբերտը Արցախը դուրս թողեց բանակցություններից, ձայն մը հնչեց արցախյան կողմի հայոց լեռներեն: Պատասխանելով օրաթերթերից մեկի հարցին՝ ՀՀ նախկին նախագահներից ում նկատի ուներ Լավրովը, Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր. «Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից»: Նա այնուհետեւ հավելել էր. «Ինչպե՞ս կարող էր մեկ անհատը այդ հարցը կարգավորել»՝ եւս մեկ անգամ հաստատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի խոստովանությունը, որ ինքը չէ Արցախի հարցը լուծողը: Ես միշտ ասել եմ, որ ղարաբաղցիները դիվանագետ են ծնվում: Սա էլ ձեզ՝ փաստ: Դավիթ Բաբայանն այնպես է շշպռել, որ Լավրովն էլ, երեւի, իրեն վատ զգաց մեզ այդպիսի ռեբուս առաջադրելու համար:

Այսուհանդերձ, հայաստանյան մամուլը շարունակում է ակտիվորեն քննարկել Լավրովի հանելուկը՝ «թռնելով» մերթ Տեր-Պետրոսյանի, մերթ՝ Քոչարյանի դեմքին: Ոչ մի կերպ չենք կարողանում պարզել, չնայած որ նույնիսկ կոնկրետ տարեթվեր ու իրադարձություններ են նշվում, թե երբ եւ ինչ հանգամանքներում Արցախը դուրս մնաց բանակցություններից: Հակաքոչարյանական կայքը, օրինակ, գրում է. «Լավրովը, իհարկե, չի մանրամասնել, թե Հայաստանի որ ղեկավարին է ակնարկում, սակայն ակնհայտ է, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է․զուտ ժամանակագրորեն պաշտոնական Արցախը մինչեւ 1998-ի նոյեմբերը եղել է բանակցային գործընթացի սուբյեկտ»: Ապացո՞ւյց… Հո չե՞ք գժվել, ի՞նչ ապացույց, ինչ բան: Իրենցն ասելն է՝ անցա՞վ՝ լավ, չանցա՞վ՝ էլի լավ: Մեկ այլ կայք ավելի նուրբ է մոտեցել խնդրին: Պեղելով ժամանակի մամուլը՝ գտել է «Հայք» օրաթերթի 1997թ․ հունվարի 28-ի համարում հրապարակված ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի «սարատնիկ» Հովհաննես Իգիթյանի՝ ԵԽԽՎ նստաշրջանի ելույթը, որտեղ նա արձանագրում է, որ Արցախը տվյալ պահին արդեն իսկ չէր մասնակցում բանակցային պրոցեսին։ «․․․Մենք հավատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշակվի այն կողմերի միջեւ, որոնք անմիջականորեն ներքաշված են կոնֆլիկտի մեջ՝ մասնավորապես ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ․․․»,- ասվում է Հովհաննես Իգիթյանի ելույթում։

Իգիթյանի ելույթից պարզ է դառնում նաեւ, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի Հանրապետությունը կարգին չարչարվել է Ղարաբաղը կրկին բանակցությունների սուբյեկտ դարձնելու ուղղությամբ, ինչի համար կարելի է միայն դրվատել առաջին նախագահին: Այդ աշխատանքները շարունակվել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջաններում, նույնն է փորձում անել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Կարծում եմ՝ կարելի էր այսքանով էլ ավարտել խոսակցությունն ու Լավրովի հանելուկը համարել լուծված: Այդկերպ մենք կփաստենք նաեւ, որ այնքան էլ անտեղյակ չենք բանակցային գործընթացից եւ տիրապետում ենք ինֆորմացիայի այն նույն ծավալին, որ ունեն ՄԽ համանախագահ երկրները, դեռ մի բան էլ ավելի: Ավելի այն իմաստով, որ մենք հստակ հասկանում ենք, որ համանախագահող երկրները, արդեն 30 տարի, անիմաստ ձգում են կոնֆլիկտը՝ հետապնդելով բացառապես իրենց շահերը: Այլապես Ղարաբաղն իր ստատուս-քվոն վաղուց է ֆիքսել թե՛ օրենսդրությամբ, թե՛ պատերազմում տարած հաղթանակներով:

Բայց կրկին վերադառնանք վեճի առարկային՝ Քոչարյա՞նն է Արցախը դուրս թողել բանակցություններից, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խնդրի կարգավորման ամենահեշտ ճանապարհը, թերեւս, Լավրովին հատուկ նամակ գրելն է եւ խնդրելը, որ մեզ այդ ցավից ազատի: Բայց Լավրովին հատուկ հարցում ուղարկելը, կարծում եմ, այնքան էլ պատվաբեր չի լինի մեզ համար, որովհետեւ նա կարող է հակադարձել՝ դուք արտգործնախարար չունե՞ք, որ ինձ եք նամակ գրում: Դե արի ու որոշիր՝ արտգործնախարար ունե՞նք, թե՞ չունենք: Մնում է, որ կրկին դիմենք Արցախին ու արցախցիներին, որ պարզաբանեն, թե իրենք երբ են վերջին անգամ նստել բանակցային սեղանին: Դիցուք՝ Սամվել Բաբայանից կարող ենք հետաքրքրվել, որ անձամբ է նման բանակցություններ վարել: Չեմ կասկածում, որ դեռ հիշում է, թե երբ ու ինչ է տեղի ունեցել 90-ականներին: