Փակուղուց՝ փակուղի

Փակուղուց՝ փակուղի

«Ռուսական 102-րդ ռազմաբազան, ըստ պայմանագրի, կարող է օգտագործվել Հայաստանի վրա հարձակման դեպքում։ Այս առումով վատ չէ, ընդհակառակը, շատ լավ է, որ բազայի հնարավորություններն ուժեղացվում են։ Այո՛, բազան դեկորացիա չէ եւ չպետք է լինի։ Եթե կա բազա, այն պետք է ամենավերջին սպառազինությամբ սպառազինված լինի։ Հայաստանում ռուսական ռազմաբազան զսպիչ նշանակություն ունի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

ԱԺ երեք գումարումների պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի պարզաբանում, թե այդ ո՞ւմ եւ ի՞նչն է զսպելու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետը՝ համալրվող սպառազինությամբ: Պերմյակովների՞ն է զսպելու, թե՞, ընդհակառակը, զինելու է նրանց: Գուցե Թուրքիայի՞ն, սակայն Մոսկվա-Անկարա օրըստօրե ջերմացող հարաբերությունները, ռազմաքաղաքական գործարքները, տարածաշրջանում ազդեցության գոտիների համաձայնեցված բաժանումը վկայում են, որ Մոսկվայի դաշնակից Անկարան, առանց ՌԴ նախագահի համաձայնության, Հայաստանի սահմաններին մոտենալ անգամ չի կարող: Եթե Մարուքյանը նկատի ունի, որ ռուսական 102-րդ ռազմահենակետը զսպելու է Ադրբեջանի ռազմական նկրտումները, ապա ապրիլյան պատերազմը 102 անգամ ապացուցել է, որ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին առատորեն մատակարարվող ռուսական մահաբեր զենքն է կրակել ՀՀ քաղաքացիների եւ սահմանների ուղղությամբ, եւ պատերազմը սադրել է Մոսկվան: ՀՀ 100 քաղաքացու կյանք խլած քառօրյա պատերազմն անգամ հուշ չի դարձել, սակայն դրա դասերը հայ քաղաքական գործիչները չեն յուրացրել: 

38-ամյա Էդմոն Մարուքյանը հեղափոխությունից հետո, իր տարեկից գործիչների պես, հասցրել է նրբասահ անցում կատարել արեւմտյան քաղաքական ուղղությունից դեպի ռուսական ուղեծիր: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը նախորդ գումարման խորհրդարանում արեւմտամետ համարում ունեցող «Ելք» դաշինքի առանցքային ուժն էր, այսօր համալրել է հայաստանյան կուսակցությունների շարքը, որոնք մոռացել են ռուսական քաղաքական վտանգի, Երեւանի կողմից չեղարկված ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ԵՏՄ-ի տնտեսական անհեռանկարայնության, Մինսկի խմբի անդամ Ռուսաստանի՝ Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի մասին: Եթե ներքաղաքական կյանքում «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող կուսակցության միակ ընդդիմությունը, ցավալիորեն, շարունակում է մնալ «Հանրապետականը», ապա արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանում ընդդիմությունը տարրալուծվել է մարտնչող ռուսականության հետ: 

Հայաստանում արեւմտամետների եւ ռուսամետների քաղաքական պայքարն ավարտվեց հայկական հեղափոխության հետ: Հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում երկու հիմնական հարցադրումներ եւ թեմաներ են  առկա․ առաջինը՝ ռուսական թեման, Մոսկվայի հետ հարաբերությունները խորացնելու, բարելավելու խնդիրները, եւ երկրորդ՝ ղարաբաղյան թեման: Նիկոլ Փաշինյանի համար ռուսական թեման գլխացավանք էր դարձել այն առումով, որ ՌԴ նախագահը համառորեն չէր հաշտվում Հայաստանում իր պաշտոնավարման եւ հեղափոխության հետ: Ժամանակն ամեն ինչ տեղը դրեց, եւ ԵՏՄ ավտորիտար ակումբը համոզվեց, որ Նիկոլ Փաշինյանը նույնքան ավտորիտար է, որքան իրենք, նույնչափ արբել է իշխանությամբ, որչափ իրենք՝ նույն ակումբի ներսում: 

Ինչ վերաբերում է ղարաբաղյան թեմային, ապա նոյեմբերի 12-ին, Փարիզի խաղաղության 2-րդ համաժողովի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնաոգեւորված հայտարարել է. «Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարեց, որ ԼՂ հարցի ցանկացած լուծման տարբերակ պետք է Ադրբեջանի ժողովրդի համար եւս ընդունելի լինի։ Մենք ուզում ենք պատրաստել մեր հասարակությանը խաղաղության համար»: Այս հայտարարությունը վկայում է, որ Նիկոլի մեջ բլեյանիզմը շատ խորն է արմատակալել: Ստացվում է այնպես, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա երկու թեմաները, հարցադրումները, դրանց լուծման ուղիների որոնումները դառնում են վտանգավոր հետհեղափոխական Հայաստանի համար: Պաշտոնական Երեւանն ինչպես դեգերել է ռուսական ուղեծրում, այնպես էլ մոլորվել-մնացել է այնտեղ նաեւ հեղափոխությունից հետո: Պարզապես Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում այդ քաղաքական ուղղությանն ընդդիմացողներ կային, այսօր նրանք կա՛մ փաստացի իշխանություն են, կա՛մ իշխանության կողքին են: 

2014թ. դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը՝ «ՀՀ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» հարցին «դեմ» քվեարկած, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանն այժմ երջանկանում է Երեւանում անցկացված ԵՏՄ վեհաժողովի փաստից, ռուսական քաղաքական գրկախառնություններից:
Ուշագրավը եւ ցավալին միաժամանակ այն է, որ ԵՏՄ անդամակցությանը «դեմ» քվեարկած ԱԺ 7 պատգամավորներն այսօր կա՛մ ռուսական ուղեծրում հայտնված իշխանություն են, կա՛մ անհետ կորել են քաղաքական ասպարեզից: Ինչպես, օրինակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Մյուսը՝ Ալեքսանդր Արզումանյանը, այժմ սկանդինավյան մի շարք երկրներում ՀՀ դեսպանն է: Թեւան Պողոսյանը ՀՀ նախագահի աշխատակազմում է եւ քաղաքական ելույթների հնարավորությունից ինքնազրկվել է: Զարուհի Փոստանջյանը, պարզվեց, նախընտրական արշավներում ֆինանսավորվել է ռուսահայ աղբյուրներից եւ այժմ աջակցում է Քոչարյանի դատավարությանը: Քոչարյանի աջակիցների շարքում է նաեւ Ռուբեն Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի ռուսականացումը եթե առաջինի դեպքում խիստ կտրուկ եւ անսպասելի տեղի ունեցավ, ապա երկրորդի դեպքում՝ նրբասահ եւ փափուկ:

Խորհրդարանից դուրս գտնվող արեւմտամետ կուսակցությունների, անհատ գործիչների քաղաքական ազդեցությունը կա՛մ խիստ նվազ է, կա՛մ նրանք եւս փորձում են տեղավորվել իշխանության կողքին: Արդյունքում՝ արեւմտականությունը Հայաստանում արագորեն հալչում է, ինչպես գարնանային ձյունը՝ արեւի ճառագայթներից:

Ինչ վերաբերում է իշխանություն դարձած «սորոսականներին», ապա նրանք արեւմտականության հետ կապված են միայն դրամաշնորհներով, եւ եթե Ռուսաստանը նրանց գումարներ հատկացներ, ապա նրանք նույնչափ մարտնչող ռուսականացման ուղղության ջատագովներ կդառնային: Մանավանդ որ, նրանցից եւ ոչ մեկն այս 1.5 տարվա ընթացքում երբեւէ հանդես չեկավ Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսի դեմ: 

Հայաստանում արեւմտամետների եւ ռուսամետների քաղաքական պայքարը հեղափոխությունից հետո ավարտվեց. Հայաստանի ամբողջական ռուսականացման համար այժմ խոչընդոտներ չկան՝ ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական, ո՛չ հոգեբանական առումով: Անարգել ռուսականացմանն այժմ ավելացել է մարտնչող ապազգայնության եւ պացիֆիզմի հաղթարշավը: Համահայկական միացյալ ուժերով Հայաստանն այժմ մղվում է աշխարհաքաղաքական մեծ փակուղի: Թերակատար հայկական քաղաքականության հետեւանքով հեղափոխությունից հետո մեր երկրին պատած նոր սարսափը Նիկոլ Փաշինյանի հանկարծակի ռուսականացման երջանկությունն է եւ ղարաբաղյան խնդիրն ադրբեջանցիներին հաճո լուծելու ձգտումը: Սա հայկական հեղափոխության ապագաղափարականության, ապազգայնության եւ ապաքաղաքականության ամենածանր հետեւանքն է, որի հաղթահարման ուղիները դարձյալ փակուղի են տանում, քանի որ այդ ուղղությանն ընդդիմացողներ չկան: 

Քաղաքական փակուղուց Հայաստանն այժմ մղվում է նաեւ քաղաքակրթական փակուղի: Հայաստանում վերհիշել են եւ «վերիմաստավորել» Մոսկվային հաճոյանալու, Եվրոպային խաբելու, Արեւմուտքին արհամարհելու հին հայկական սովորույթի մասին: Իսկ սովորույթը, ինչպես հայտնի է, երկրորդ բնավորությունն է, բնավորությունն էլ ավանդույթներ է ձեւավորում: Հայաստանում քաղաքական վատ եւ վտանգավոր ավանդույթները շարունակվում են: Նիկոլ Փաշինյանի դժբախտությունն այն է, որ նրա իշխանությունը դրանից չի ամրանում, սակայն Հայաստանը թուլանում է եւ մաշվում փակուղուց փակուղի մղվելու այդ անկանգ հարահոսում: