Իշխան Սաղաթելյանն իր 1.60 բոյով արդեն 2.60-ի գործ է արել

Իշխան Սաղաթելյանն իր 1.60 բոյով արդեն 2.60-ի գործ է արել

Քայլում եմ Տերյան փողոցով եւ պատահաբար հանդիպում մեր հայտնի իրավաբաններից մեկին, որը գործի բերումով կաշկանդված է հրապարակային կարծիք արտահայտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու հարցում, առավել եւս՝ խուսափում է հանրահավաքի ու երթի մասնակցելուց, բայց, ինչպես ասում են, սիրտը Ֆրանսիայի հրապարակում է։ Մարդկանց մի մեծ խումբ կա, որոնք սրտի թրթիռով սպասում են, հույս ունեն, որ այս պայքարը հաջողելու է, բայց տարբեր պատճառներով ֆիզիկապես ներկա չեն։ Եվ պետք չէ այդ մարդկանց մեղադրել՝ բոլորն ի վիճակի չեն հերոսության կամ իրենց ունեցած փոքրիկ կամերային կյանքը կտրուկ փոխելու եւ զրկանքների մատնվելու՝ պայքարելով ռեժիմի դեմ։ Իհարկե, բոլոր նրանք, ովքեր վտանգել են իրենց անձնական բարեկեցությունը, հրաժարականներ են տվել, դուրս եկել, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել քանդող բրիգադի՝ ՔՊ-ի ու նրա առաջնորդի դեմ, հերոսներ են՝ փառք ու պատիվ նրանց։ Բայց եկեք սպասողներին ու թաքուն համակրողներին էլ չփնովենք ու չդատապարտենք։

Վերադառնանք իմ անակնկալ հանդիպմանը։ Պարզ է, որ զրույցը պտտվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ իշխանափոխության շուրջ։ Եվ մարդն իր խոր ափսոսանքն է հայտնում, որ պայքարն առայժմ արդյունք չի տալիս, եւ համահայկական ընդվզում առաջացնել չի հաջողվում։ Բնականաբար, խոսում ենք այն մասին, թե ինչ անել, որ ընդդիմությունը հաջողի, ինչպես գործել, ինչպես խուսափել սխալներից ու վրիպումներից։ Ինձ հետաքրքիր է լսել պրոֆեսիոնալ մարդու, իր գործի գիտակի կարծիքը, որը դեմ է ծայրահեղական քայլերին եւ չի ասում՝ «մի բան է պետք անել․․․», այլ խոսում է գրագետ քարոզչության, ճիշտ հռետորաբանության, հստակ քայլերի մասին։ Ինչպեսեւ սպասում էի, ինչպեսեւ վայել է կայացած մարդկանց, ասում է՝ թեկուզ հազարավոր սխալներ թույլ տա ընդդիմությունը, պետք է այսօր ողջունել եւ խրախուսել՝ հերոսական գործ են անում, իսկ «Իշխան Սաղաթելյանն իր 1․60 բոյով 2․60-ի գործ է արել արդեն»։

Ասում է, որ բոլորը պետք է հասկանան, թե ինչքան բարդ գործ է ստանձնել ընդդիմությունը, եւ ինչով հնարավոր է՝ աջակցեն, այլ ոչ թե միայն փնթփնթան ու քննադատեն։ Ամեն դեպքում, խնդրում եմ, որ ասի, թե ինչ սխալներ է նկատել եւ ինչ խորհուրդ կտար ընդդիմադիրներին։ Ասում է՝ ես իսպառ կարգելեի «թուրք» բառի գործածումը․ թուրք Նիկոլ, առանց թուրքի Հայաստան եւ այլն։ Բացատրում է, որ դա ռասիզմ է, եւ աշխարհը դրան շատ վատ է վերաբերվում։ Հետո նկատում է, որ ընդդիմությունը չի կարողանում Նիկոլի զենքը Նիկոլի դեմ կիրառել, նկատի ունի՝ պոպուլիզմը։

Ասում է, որ հարկավոր է խոստումներ տալ, օրինակ՝ գույքահարկն իջեցնելու, վարորդների տուգանքները ներելու, վարկերի տույժերն իջեցնելու, վարչական եւ այլ տուգանքների չափերը նվազեցնելու մասին։ Չէ՞ որ ժողովրդի կյանքը լավացնելու խոստումով իշխանության եկած Փաշինյանը հնարավորինս վատացրել է սոցիալական վիճակը՝ հազար ու մի տույժ-տուգանք սահմանել, պետական հարկեր-տուրքերը բարձրացրել, բարելավել միայն իր յուրայինների աշխատավարձերն ու պարգեւավճարներ սահմանել եւ այլն։ Պետք է այդ բոլորը հետ պտտեցնել։ Եվ, առհասարակ՝ ամենակարեւոր բանը ծրագիր ներկայացնելն է։ Ոչ թե լիդեր, ինչպես հիմա պնդում են շատերը, այլ՝ ծրագիր։ Որ ոլորտում ինչ են անելու, եթե գան իշխանության։ Ասում է, թե միանգամայն հասկանալի է, որ ապագա վարչապետի անուն տալ չեն կարող, եւ պետք էլ չէ, թեեւ շարքային մարդիկ ասում են՝ ո՞ւմ հետեւից գնանք, բայց մտածող, գրագետ մարդկանց մի մեծ բազմություն ուզում է ծրագիր լսել, եւ պետք է այդ մարդկանց պահանջը բավարարել։

Բայց մարդը մի քանի նախադասությունը մեկ կրկնում է՝ արձանագրենք, որ այս պայքարն իր արդյունքն արդեն տվել է, եթե այս պայքարը չլիներ, վաղուց ստորագրված կլինեին տարբեր փաստաթղթեր, եւ տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերված կլինեին՝ ի վնաս մեզ։ Եվ ամենակարեւորը․ ասում է՝ մինչեւ մեր հավաքական միտքը կհասնի այն ճշմարտությանը, որ այս մարդու՝ իշխանության մնալը կործանում է մեր երկիրը, եւ ամեն օրն ավելի է բարդացնում հետագայում մեր պետության ոտքի կանգնելն ու ինչ-որ բան շտկելը, անդառնալի կորուստներ կունենանք։ Այնպիսի անդառնալի կորուստներ, որոնք տասնամյակների ընթացքում էլ հնարավոր չի լինի շտկել։ Ցավալի է, որ մեր ազգը չի գիտակցում այս պարզ ճշմարտությունը։