Խառնաշփոթ

Խառնաշփոթ

Փաշինյանի սատելիտ արեւմտամետ ուժերը, ամոթ էլ է ասելը, լրիվ ք..ի մեջ են: Ողջունե՞լ, թե՞ չողջունել… էական չէ՝ ինչը: Այս դիլեման բավականին ժամանակ է խլում նրանցից եւ տարատեսակ քաղաքական հոգսեր պատճառում: Առավել խելացիներն աշխատում են լռել եւ սպասել, մինչեւ հիմարները կողմնորոշվեն՝ ողջունե՞լ, թե՞ չողջունել: Բանն այն է, որ Երեւանում այս օրերին բազմաթիվ հետաքրքիր միջազգային միջոցառում-քննարկումներ, կոնֆերանսներ են կազմակերպվում, որոնց մասնակցում են բացառապես շեֆ կազմակերպության՝ ՔՊ-ի ներկայացուցիչները, իսկ ընդդիմադիրներին կա՛մ ուղղակի արգելում են, կա՛մ զանազան պատրվակներով հեռու են պահում այդ քննարկումներից:

Պատկերացրեք, խնդրեմ, Փաշինյանի արեւմտամետ սատելիտի վիճակը, որին լրագրողը հարց է ուղղում՝ պարոն այսինչ կամ տիկին այնինչ, ինչո՞ւ ԱՄՆ եւ ԵՄ դեսպանների մասնակցությամբ ժողովրդավարության թեմայով կոնֆերանսին արգելում են մասնակցել ընդդիմադիր պատգամավորներին: Այդ ի՞նչ նոր ժողովրդավարություն է, որ արեւմտյան տիկինները բերում են Հայաստան: Ի՞նչ անի խեղճ սատելիտը՝ ողջունի՞  ԱՄՆ եւ ԵՄ դեսպանների պահանջով ընդդիմադիրներին ներս չթողնելը, թե՞ չողջունի: Իսկ եթե ընդդիմադիրներին ներս չեն թողել, որովհետեւ ՀՀ իշխանություններն են այդպես կամեցել, ապա սատելիտի վիճակն ավելի է ծանրանում: Լրագրողը կարող է հարցնել՝ ինչո՞վ է մտածում, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, որ օրեր առաջ հայտարարում էր, թե Հայաստանը տեղափոխվել է ժողովրդավարության բարձրագույն լիգա:

Փաշինյանի սատելիտների մեջ գտնվեցին առանձին ապուշներ, որոնք շտապեցին ողջունել հունիսի 3-ին Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանների սադրած բախումը: Ճակատագրի բերումով բախումը տեղի էր ունեցել ԵՄ ներկայացուցչության պատուհանների տակ: Ծեծել էին քաղաքացիներին, հատուկ միջոցներ էին կիրառել նրանց վրա: Ինչո՞ւ… Որովհետեւ ոստիկանությունն այդ օրը հրաման էր ստացել՝ սադրանք կազմակերպել եւ մի լավ ջարդել ցուցարարներին: Եվ, պատկերացրեք, այդ պահին հրաման տվողի տանձին էլ չէր, որ իր ամառանոցը գտնվում է ԵՄ դեսպանի պատուհանի տակ: Ես արդեն չեմ հիշում, թե դա որերորդ խաղաղ երթն էր դեպի դաչաներ, ու երբեք ցուցարարներն իրենց որեւէ ավելորդություն թույլ չէին տվել՝ քարեր ու շշեր նետել, խեղդել ոստիկաններին կամ շորերը ճղել: Այդ օրն էլ ցուցարարները հանգիստ քայլով տեղ հասան, իրենց ասելիքը փոխանցեցին դաչայի բնակչին եւ արդեն ուզում էին խաղաղ հեռանալ Դեմիրճյան փողոցով, երբ տեսան, որ այն փակ է: Իսկ ինչո՞ւ էր փակ: Փակ էր, որովհետեւ ոստիկանությանը հրամայված էր՝ հենց այստեղ էլ ջարդեք: ԵՄ եւ ԱՄՆ դեսպանները լռեցին, արեւմտյան ոչ մի պաշտոնյա հարկ չհամարեց «տեսակետ» հնչեցնել, եւ այդ ծանր բեռը դարձյալ մնաց Նիկոլի սատելիտների ուսերին: Ամենաախմախները, ինչպես ասացի, ողջունեցին տեղի ունեցածը, իսկ ահա ախալքալաքցի Լեւոն Շիրինյանը, որը, անշուշտ, ավելի խելացի է, քան մյուս սատելիտները միասին վերցրած, իշխանություններին կոչ արեց զարգացնել հաջողությունը եւ այս անգամ Երեւանի Ֆրանսիայի հրապարակը մաքրել երեւանցիներից…

Իսկ հիմա պատկերացրեք, որ դուք Փաշինյանի արեւմտամետ սատելիտ եք, մերժում եք Ռուսաստանն ու այն ամենը, ինչ ռուսական է՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, եւ հանկարծ Երեւանում տեղի է ունենում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում են բացառապես ՔՊ-շնիկ ուսապարկերը: Թե ինչու ընդդիմադիր պատգամավորներից մարդ չի լինում, դա արդեն էական չէ: Հարց՝ կողջունեի՞ք, արդյոք, ՔՊ-շնիկների մասնակցությունն այդ ժողովին, թե՞ կքննադատեիք: Ի դեպ, հաշվի առեք, որ, 2018 թվականից սկսած, ձեր պայմանական կումիրը՝ Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ արել է ՀԱՊԿ-ն քանդելու համար: Տրամաբանությունը հուշում է, որ արեւմտամետ սատելիտը կա՛մ պետք է խարակիրի աներ, կա՛մ էլ պահանջեր Նիկոլի հրաժարականը, որ իշխանության եկավ արեւմտյան քարոզչությամբ ու, խնդրեմ, դարձել է ՀԱՊԿ-ի «խարոշին»: Բայց ի՞նչ է անում Նիկոլի սատելիտը: Նա «ծաղրում է» ընդդիմությանն այն բանի համար, որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել ՀԱՊԿ խորհրդի հավաքին, իսկ Վոլոդինն անգամ հրաժարվել է ընդդիմության հետ հանդիպել:

Արեւմուտքում ի՞նչ են մտածում Հայաստանում «հավատարմագրված» արեւմտամետ քաղաքական ուժերի եւ գործիչների մասին, եթե արեւմտամետությունը մեզ մոտ այս տարիների ընթացքում ոչ միայն չի աճել, այլեւ վերածվել է աղբի, որից օգուտ չկա այլեւս: Ի դեպ, արեւմտամետները խայտառակ վիճակում են այսօր հետխորհրդային գրեթե ողջ տարածքում: Նույնը Ուկրաինայում է, Բելառուսում, Մոլդովայում, առաջիկայում իրենց ցույց կտան նաեւ Վրաստանի արեւմտամետները: Բոլոր տեղերում են նրանք պարտված, եւ Հայաստանն էլ բացառություն չէ: Ես արդեն չգիտեմ, թե ինչ պետք է տեղի ունենա, որ արեւմտամետությունը Հայաստանում կրկին արժեւորվի: Հավանաբար, Հայաստանին պետք են նոր որակի արեւմտամետներ, որոնք սատելիտ չեն լինի եւ բոլորովին այլ արժեքներ կքարոզեն, այնպիսի արժեքներ, որոնցով Արեւմուտքը հիրավի կարող է պարծենալ: