Ցուցմունք տվողներ որքան ուզես կգտնես, կինոբյուջեի տզրուկները բավական են

Ցուցմունք տվողներ որքան ուզես կգտնես, կինոբյուջեի տզրուկները բավական են

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավարոպես նշված էր, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ»:

Այս առնչությամբ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց, մասնավորապես նշելով. «Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն լսելով մեկ, կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք -տեսեք նախկին նախարարը յուրացում է կատարել։ Ո՞վ է ինձ գումար տվել, այդ ու՞մ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը։ Չկա որևէ մեկը, որ կարող է ասել,որ ինձ՝ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել։ Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա,թե գողացել ես, յուրացրել ես, իսկ դուք՝ քննչական կոմիտեի հարգելի քննիչներ ձեր կենսագրության մեջ ևս մեկ իբր «բացահայտում» եք ավելացնում։ Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող։ Կեղծ մատնությամբ, ստով և կեղծիքով լցոնված բանսարկուներին խորհուրդ կտամ օգտվել առիթից և ապաշխարելով մաքրվել։ Դեռ ուշ չէ , մեծ պահքի ժամանակ ընդհանրապես մաքրվում են»: 

Այդուհանդերձ, ի՞նչ գումարի մասին է խոսքը եւ ի՞նչ միջնորդի մասին է ակնարկում քննչականը.  

«Կաննի կինոփառատոնին ներկայացուցչական մասնակցության համար ես հրաման եմ արձակել, որպեսզի կինոկենտրոնն իր արտաբյուջեի հաշվին հոգա պահանջվող ծախսերը, որի նախահաշիվը կազմել է հենց ինքը՝ ֆիլմի ռեժիսոր Հ. Գալստյանը։ Ընդհանուր բյուջեն, եթե չեմ սխալվում 12, թե 13 միլիոն է եղել։ Ինքը Հովիկը գնացել է Կանն, վերադարձել և ինքն էլ հաշվետվություն է գրել փառատոնի մասնակցության և ծախսերի մասին»,-ի պատասխան մեր հարցին ասաց Ամիրյանը: Այսինքն կինոկենտրո՞նն է ֆիլմին հատկացված գումարի մի մասը ուղղել Կաննի փառատոնի մասնակցության ծախսերին. «Այո»,-ասաց Ամիրյանն, ըստ էության ակնարկելով, որ այս դեպքում պատասխանատուն Կինոկենտրոնն է. «Ընդհանրապես, եթե նախարարը հավանության է արժանացնում այս կամ այն ծրագիրը, ապա հանձնարարում է ոլորտի ՊՈԱԿ-ին այդ հարցը լուծել»: 

Ա. Ամիրյանը նաեւ նկատեց, որ այս գործի շրջանակներում ՀՀ քնչչական կոմիտեից իրեն ուղղված որևէ նամակ, հեռախոսազանգ, դիմում կամ այցելություն չի եղել: Այդ դեպքում, ովքե՞ր են իր դեմ այդպիսի ցուցմունքներ տվել. «Ցուցմունք տվողներ որքան ուզես կգտնես... կինոբյուջեի տզրուկները, որոնց սահմանափակել էի, բավական են...»: