Արցախի ԱԺ նախագահն այցելել է Սասնա Ծռերի գրասենյակ

Արցախի ԱԺ նախագահն այցելել է Սասնա Ծռերի գրասենյակ

Արցախի Աժ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի առաջարկությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Սասնա Ծռեր արցախյան կուսակցության ղեկավարության հետ:

Հանդիպումը կայացել է Սասնա Ծռեր արցախյան կուսակցության Ստեփանակերտի գրասենյակում: Հանդիպումից հետո Սասնա ծռեր կուսակցությունը հեգնական տոնով հայտարարություն է տարածել հանդիպման մասին, Արցախի ԱԺ նախագահի մասին գրելով «այսպես կոչված Արցախի ԱԺ նախագահ»։ Հաղորդագրության մեջ ասված է․

«Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները Արցախի հարցի վերջնական լուծման և այլ ռազմավարական հարցերի վերաբերյալ:

Սասնա Ծռեր կուսակցության ներկայացուցիչներն իրենց կտրուկ անհամաձայնությունն են հայտնել Արցախի կեղծ անկախության հայեցակետից բխող պաշտոնական քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել են Սասնա Ծռեր համահայկական շարժման տեսակետներն արտահայտող գրավոր հայտարարություն:

«Դուք այցելել եք Սասնա Ծռեր արցախյան կուսակցության գրասենյակ՝ համագործակցության առաջարկությամբ:

Այդ առթիվ ստորև ներկայացնում ենք 1988 թ. Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ընկած ժամանակահատվածի վերաբերյալ մեր իրավաքաղաքական գնահատականը և դրանից բխող համագործակցության առաջարկությունը:

1988-ին սկսված Արցախյան շարժումը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի օրգանական բաղադրիչն էր: Պայքար, որն ուղղված է 1920-21 թթ. Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի դաշինքի համատեղ ագրեսիայով ու պայմանավորվածություններով բռնազավթված, մասնատված և բռնակցված 1918-20 թթ. անկախ Հայաստանի Հանրապետության ազատագրմանն ու վերամիավորմանը:

Օգտվելով այն հանգամանքից, որ 1918-20 թթ. անկախ Հայաստանի Հանրապետության մաս կազմած Հայկական ԽՍՀ-ն և նրան վերամիավորվելու ձգտող Արցախը՝ ի դեմս նրա տարածքի մի մասի վրա ձևավորված ազգային ինքնավարություն ԼՂԻՄ-ի, գտնվում էին ԽՍՀՄ-ի կազմում, ուստի նաև՝ նրա արդյունավետ վերահսկողության ներքո, Մոսկվան կարողացավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարության շարքերում ներդնել իր գործակալներին:
Հետագայում՝ Շարժման որոշակի փուլից սկսյալ, այս գործակալները կայսրության պետական աջակցությամբ կարողացան դուրս մղել կամ երկրորդական դերերում թողնել Շարժման նվիրյալների մեծ մասին և տիրանալ Շարժման ղեկին, ինչի շնորհիվ Շարժումը շեղեցին իր բնականոն ընթացքից և միացման փոխարեն առաջ քաշեցին ու խաբեությամբ մեր ժողովրդին պարտադրեցին Արցախի անկախության հակահայ ընտրությունը:

Հայ ազգի և հայոց պետականության դեմ ուղղված այս հատուկ գործողության նպատակն էր կասեցնել ԽՍՀՄ 1918-20 թթ. անկախ Հայաստանի Հանրապետության ազատագրման ու վերամիավորման բնապատմական ընթացը, որը տեղի էր ունենալու ԽՍՀՄ-ի անխուսափելի լուծարման հետևանքով:

Արդեն 1990 թ. ամռանը նկատելի դարձավ այս նպատակի իրագործման միտումը, երբ Հայաստանի անկախության մասին հռչակագրով 1918-20 թթ. անկախ Հայաստանի Հանրապետության ուղիղ և ամբողջական իրավահաջորդությունը հայտարարելու փոխարեն ընդամենը անուղղակի և մասնակի բովանդակությամբ հղում տրվեց նրա ժողովրդավարական ավանդույթները զարգացնելու վերաբերյալ:

Դրանից հետո Մոսկվայի անմիջական և գործուն վերահսկողությամբ Արցախի միացումը վերածվեց կեղծ անկախության, ինչն էլ արձանագրվեց հայությունը և նրա պետականությունը վերամիավորելու գործընթացը կասեցնող և խոչընդոտող գործողություններով՝ միայն Հայկական ԽՍՀ տարածքում առանց Արցախի և արցախաբնակ հայության 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացված Հայաստանի անկախության հանրաքվեով և նույն թվականի դեկտեմբերի 10-ին Արցախը փաստացի Հայաստանի Հանրապետությունից անկախացնող հանրաքվեով:
Երկու հանգամանք՝ Արցախի կեղծ անկախությունը և պաշտոնապես միայն Հայկական ԽՍՀ տարածքի վրա ներկայիս Հայաստանի Հանրապետության գործառելը, անփոխարինելի լծակներ են Մոսկվայի ձեռքում: Դրանց միջոցով Մոսկվան կարողանում է ոչ միայն կասեցնել և խափանել ԽՍՀՄ լուծարումից հետո Ռուսական կայսրության տարածքից դուրս եկած Հայաստանի Հանրապետության ամբողջականության վերականգնումը և իրապես ինքնիշխան ու կենսունակ հայկական պետության ստեղծումը, այլև պահպանում է իր արդյունավետ ազդեցությունն ամբողջ Այսրկովկասի վրա՝ դրա շնորհիվ ցամաքային կայուն ելք ձեռք բերելով դեպի Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջան:

Այս նպատակը հանուն անձնական և կլանային շահերի սպասարկող հայանուն գործակալները օտարի աջակցությամբ Արցախյան ազգային-ազատագրական շարժման ղեկին տիրանալուց հետո նաև զավթեցին պետությունը և, խափանելով ինքնիշխան ազգային միացյալ պետություն ստեղծելու գործընթացը՝ Մոսկվայի արտաքին կառավարման ներքո ստեղծեցին ազգի և պետականության ներկայի ու ապագայի հաշվին գոյատևող կիսագաղութային կեղեքիչ համակարգ:
Դե յուրե անկախ, բայց դե ֆակտո գաղութային այդ համակարգի կայացման և դրա արդեն երեք տասնամյակ ձգվող կառավարման աղետալի հետևանքների թվում հարկ ենք համարում առանձնացնել.

պլանավորված ու մեթոդական հետևողականությամբ երևելի գործիչների և հրամանատարների սպանությունները, որպեսզի նրանք չկարողանան խափանել դավաճանությունը,
սպիտակ ցեղասպանության փաստացի վիճակը՝ դրսևորված բնակչության կեսի արտագաղթով, իրավազրկությամբ, խեղդող անարդարությամբ, սոցիալական ծայրահեղ բևեռացմամբ, քաղաքական, տնտեսական ու հասարակական կազմալուծմամբ,
ի կատարումն այսպես կոչված Լավրովյան պլանի՝ Ապրիլյան պայմանավորված պատերազմով և այլ գործողություններով Արցախի աբխազացումը և Հայաստանի Հանրապետությունից նրա հետևողական տարանջատումը,

բնական պաշարների գիշատչական շահագործումը և բնական միջավայրի ոչնչացումը:
2020 թ. մարտ-ապրիլ ամիսներին համավարակի պայմաններում Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների կամքի բռնադատմամբ անցկացվեցին այսպես կոչված Արցախի Հանրապետության հերթական ապօրինի և հակապետական ընտրությունները: Դրանց հետևանքով վերարտադրվեց կիսագաղութային կեղեքիչ համակարգի Ստեփանակերտյան մասնաճյուղի մաֆիոզ կլանի իշխանությունը: Մի իշխանություն, որ կազմակերպել է Բերձորի պետական ահաբեկչությունը և մասնակցել է Ապրիլյան պայմանավորված պատերազմի դավադրությանը:
Շատ հավանական է, որ անձամբ Դուք և այսպես կոչված Արցախի Հանրապետության խորհրդարանի շատ անդամներ, ամբողջությամբ չեք գիտակցում տեղի ունեցողի դավաճանական և հանցավոր բնույթը: Փաստ է, որ անձամբ Դուք և նրանց մեծ մասն անմիջական մասնակցություն չեք ունեցել կատարված ոճրագործություններին, այլ միայն լռել և համակերպվել եք:

Ուստի ունեք շանս՝ ինքնամաքրվելու և մասնակցելու հայ ժողովրդի ազատագրական պայքարին՝ գործուն քայլեր ձեռնարկելով Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միավորելու իրավական և ինստիտուցիոնալ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

Ուզեք թե չուզեք, Արցախը չի հանդուրժելու կեղեքումն ու տարանջատումը և շուտով ընդվզելու է Ստեփանակերտյան մաֆիային տապալելու և միացումն ամբողջացնելու համար: Դուք կարող եք միանալ ժողովրդին և մաս կազմել այդ քաղաքական գործընթացին:
Եթե ոտք կդնեք այդ ճանապարհին, ապա մենք պատրաստ ենք ամեն ջանք գործադրելու՝ համատեղ ուժերով միացման համազգային նպատակն իրագործելու համար:
Անխուսափելիորեն մոտենում է այն օրը, երբ իր լիակատար ինքնիշխանությունը վերականգնած ժողովուրդը պատասխանատվության է ենթարկելու բոլոր դավաճաններին ու հանցագործներին:

Կոչ ենք անում չմերժել ճակատագրի ընձեռած հնարավորությունը:

Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարություն