Ո՞ր «հանրության» անունից է խոսում

Ո՞ր «հանրության» անունից է խոսում

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն Արցախի հետընտրական իրավիճակը համարում է «պերմանենտ քաղաքական դիֆուզիա»:  Ինչու՞՝ չվիճենք: Բայց նրա դիտարկումներում մի արձանագրում, թե «հանրությունը ոչ մի կերպ չհասկացավ, թե ինչու Արցախի նոր նախագահն իր երդմնակալության վայրը մայրաքաղաքից տեղափոխեց Շուշի»՝ լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ո՞ր հանրության մասին է խոսում Մանվել Սարգսյանը: Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանի այդ որոշումը հասկացել եւ գնահատել են ըստ արժանվույն, ինչպես նաեւ՝ արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը:

Շուշիում Արցախի նախագահի երդմնակալությունը չեն հասկացել Բաքվում: Ավելի ճիշտ, հասկացել եւ նկատելիորեն շփոթված են, եթե չասենք՝ հուսահատված: Այդ առթիվ մտահոգություն են հայտնել նաեւ ռուսաստանյան վերլուծաբանական հանրության որոշ ներկայացուցիչներ: Մանվել Սարգսյանն ինչու՞ է այդ հարցում արցախյան հանրության եւ Բաքվի արձագանքի միջեւ հավասարության նշան դնում՝ ահա գլխավոր մտահոգությունը: Արցախում կա՞ն անհատներ, խմբեր եւ շրջանակներ, որ կարծում են՝ Շուշին պետք է «պահպանվի որպես ադրբեջանական ներկայության խորհրդանիշ»: Երդմնակալությանը հաջորդած ելույթում նախագահ Հարությունյանը խոսել է Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու նպատակահարմարությունից: Նախորդ իշխանությունն այս ուղղությամբ որոշ քայլեր արել է, Շուշի է տեղափոխվել մշակույթի նախարարությունը, ինչպես նաեւ ՄԻՊ գրասենյակը: Ազգային ժողովի նստավայրի Շուշի տեղափոխմամբ պատկերն ավելի խոսուն կդառնա: Մանվել Սարգսյանը դե՞մ է այդ գործընթացին, Շուշիի՝ որպես Արցախի հոգեւոր-մշակութային, ինչու չէ՝ նաեւ քաղաքական կենտրոնի կերպարի ակտուալացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության կազմակերպմանը որեւէ արձագանք չեն հնչեցրել: Ինչի՞ց է Մանվել Սարգսյանի մտահոգությունը, որ նա վերագրում է Արցախի հանրությանը: Անձնապես, գուցե, Մանվել Սարգսյանը հիասթափված է արցախյան իրականությունից, թերեւս՝ մտահոգ: Ի վերջո, ինչ-որ տեղ, հնարավոր է, նրանից էլ «գարու հաշիվ» կպահանջեն չստացված «գլամուրային վեստերնիզացիայի» համար: Բայց ինչու՞ Շուշիի խնդիրը խառնել այդ ամենի հետ: