Հաթաթա՝ Վենետիկի հանձնաժողովին

Հաթաթա՝ Վենետիկի հանձնաժողովին

Արման Բաբաջանյանն ունիկալ պատգամավոր է։ Միայն այն փաստը, որ նա 132 պատգամավորներից միակ անկախն է, արդեն իսկ իրավունք տալիս է նրան հռչակելու ունիկալ։ 
Բայց նա ունիկալ է ոչ միայն անկախ պատգամավորի կարգավիճակով, ունիկալ է նաեւ Ազգային ժողովի դերի ու դերակատարության մասին սեփական պատկերացումներով։ Հարցազրույցներից մեկում (որը, ի դեպ, բավականաչափ անգրագետ է՝ այդ մարդու՝ ինչ-որ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը լինելու փաստից զարմանալու չափ) մեր ունիկալը հայտարարում է․ «Ազգային ժողովի գլխավոր առաքելությունը ժողովրդավարության պաշտպանությունն է եւ բոլոր այն ինստիտուտները, որոնք ոտնձգություն կիրականացնեն Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ, պետք է ուղղակի դառնան ՀՀ խորհրդարանի կողմից ուղիղ գործողությունների, քայլերի թիրախ» («Ժողովուրդ» օրաթերթ, 28 մայիսի 2020)։ Ուրեմն՝ նրա պատկերացմամբ խորհրդարանը ոչ թե օրենսդիր գործառույթներ իրականացնող ներկայացուցչական մարմին է, ինչպես սահմանված է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով, այլ՝ պատժիչ մարմին, քանի որ, ինչպես նկատեցիք, մեջբերված հատվածում խոսվում է ինչ-որ դավադիր, «ոտնձգություն իրականացնող» (լեզու եմ ասել) ինստիտուտների մասին իբրեւ «թիրախի», որոնց, ակներեւաբար, պիտի խփի խորհրդարանը։ Խնդալու-լալու բան է նաեւ, որ պատգամավորը ժողովրդավարությունն ազգայնացնում է՝ «Հայաստանի ժողովրդավարություն»․ փաստորեն, կարող է լինել Ռուսաստանի կամ Ուզբեկստանի ժողովրդավարություն, իսկ մենք միամտաբար կարծել ենք, թե ժողովրդավարությունը համամարդկային արժեք է՝ ազգայնացման ոչ ենթակա։ 

Բայց անցնենք առաջ։ Ունիկալի հարցազրույցի մեխը, ինչպես ասում են, այն կանխավարկածն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ, հետեւաբար՝ տեղով մեկ «թիրախ» է եւ պիտի կրի խորհրդարանի «ուղիղ գործողությունների, քայլերի» դաժան հարվածը («դաժան» բառը ժամանակակից հայ քաղաքական լեքսիկոնում հայտնվել է բոլորովին վերջերս եւ աննախադեպ արագությամբ իրական դրսեւորումներ է ստանում)։ Եվ որպեսզի ապահովվի այս իշխանությունների պատժիչ «ժողովրդավարությունը», պատգամավորը՝ իբրեւ անհերքելի իրողություն, հիշեցնում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված «ճգնաժամը» եւ օր առաջ այն հանգուցալուծելու «ժողովրդի» կամքը։ Հայ քաղաքական դաշտում ավելի մեծ կեղծիք, ավելի անարգ սուտ, քան անգո, հորինովի մի «ճգնաժամ» «ժողովրդի» վզին փաթաթելն իբրեւ իրողություն, չի եղել հետանկախական բոլոր երեք տասնամյակների ընթացքում։ Այդ կեղծիքը մոգոնել է իշխանական ճամբարը, այդ աննախադեպ սուտը գեներացրել են մերձիշխանական արբանյակները, նաեւ՝ ունիկալ, գեներացրել այնքան, որ իրենց համար հոգեբանական առումով ավելի հարմարավետ է արդե՛ն հավատալ այդ կեղծիքին, հակառակ դեպքում իրենք իսկ իրենց կարհամարհեին սեփական փարիսեցիական դիրքորոշումների համար։

Եվ մեկը չկա՝ մեր ունիկալին հարցնի՝ այդ «ճգնաժամը» եւ օր առաջ այն հանգուցալուծելու ժողովրդի «կամքն» ի՛նչ ուսումնասիրությունների, ի՛նչ սոցիոլոգիական հարցումների արդյունքում է իր եւ իր տերերի համար պարզ դարձել։ Կորոնավիրուսի «հայկական» հաղթարշավի այս դժնդակ օրերում, երբ զոհերի թիվն արդեն հարյուրներով է հաշվվում (նրանք զոհեր են), այդ ի՛նչ անբարո միտք պետք է ունենա մարդ՝ ասելու համար, թե «ԱՅՍՕՐ հասարակության մեջ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ձեւավորված պատկերացումները» պարտադրում են այդ դատարանի «ճգնաժամի» լուծման հրատապ անհրաժեշտությունը, ասել ու հանգիստ քաշվել մի կողմ, երբ ԱՅՍՕՐ Հայաստանի ժողովուրդը սոսկ ՄԻ գերխնդիր ունի՝ ապիկար կառավարման իրավիճակում հաղթահարել համավարակը, այն է՝ ողջ մնալ ու գոյատեւել։ 

Սահմանադրական փոփոխությունների անհեթեթ հանրաքվեի չեղարկումը «ժողովրդավարացնելու» հույսով իշխանությունը, ինչպես հայտնի է, դիմել է Վենետիկի հանձնաժողով․ իշխանության հույսն այլեւս անկաշառ Ջ․ Բուքիքիոն է։

Բայց արի ու տես՝ մեր պատգամավորը դեմ է նաեւ Վենետիկի հանձնաժողով դիմելուն․ «Ընդհանրապես, Վենետիկի հանձնաժողով դիմելու կառավարության այդ քայլն ինձ համար անընդունելի է»։ Իսկ անընդունելի է, որովհետեւ սույն ունիկալը կանխազգում է այդ հանձնաժողովի այնպիսի արձագանքի հավանականությունը, որը միջազգային ասպարեզ կհանի բնույթով դարձյա՛լ ունիկալ՝ զուտ նիկոլա-իմքայլական մի կեղծիք, որը որեւէ աղերս չունի նույնիսկ․․․ «Հայաստանի ժողովրդավարության» հետ։ «Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եթե համահունչ չլինի այսօր հասարակության մեջ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ձեւավորված պատկերացումներին, հավասար պատասխանատվություն է կրելու այն առաջացող ճգնաժամերին, որոնք անխուսափելիորեն ձեւավորվելու են առաջիկայում․․․»։ («Եզրակացությունը․․․ պատասխանատվություն է կրելու»․ այս անգրագետ լեզուն մեզ համար, այնուամենայնիվ, հասկանալի է, որովհետեւ ի սկզբանե հստակ եւ հասկանալի է սույն ունիկալի քաղաքական չէությունը)։ 

Հայոց խորհրդարանի պատգամավորը, այսպիսով, հաթաթա է տալիս Վենետիկի հանձնաժողովին ու նրա նախագահին, ապա նաեւ նրանց հռչակում ապագա ճգնաժամերի համար «հավասար» մեղավոր ու պատասխանատու։ Եվ կանխավ քավության նոխազ հայտարարելով Վենետիկի հանձնաժողովին՝ լվանում է ներկա իշխանության երեսը՝ երեսպաշտորեն վերջինիս անմեղ հռչակելով բոլոր առաջիկա ճգնաժամերի համար։

Ճգնաժամեր, որոնցից, այսօրինակ ստահոդ քաղաքական օրակարգերի տիրապետության պայմաններում, ցավոք, իսկապես խուսափել չենք կարողանա։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ