ՀՖՖ-ն հավաքականի մարզիչի փնտրտուքների մեջ է, զարմանալի է, որ Մարգար Աղաջանյանն անտեսված է․ Արարատ Ճաղարյան

ՀՖՖ-ն հավաքականի մարզիչի փնտրտուքների մեջ է, զարմանալի է, որ Մարգար Աղաջանյանն անտեսված է․ Արարատ Ճաղարյան

 Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընթացքի վերաբերյալ զրուցել ենք ԳԻՖԱ-ի մրցավար, ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ Արարատ Ճաղարյանի հետ։ 

- Պարոն Ճաղարյան, Աշխարհի առաջնություն 2022-ը դեռ նոր է մեկնարկել, խմբային փուլն է, սակայն անակնկալներ եղան, Գերմանիան պարտվեց Ճապոնիային, Արգենտինան` Սաուդյան Արաբիային: Ինչով է պայմանավորված, որ ֆուտբոլային առումով ավելի համեստ պետությունները կարողանում են հաղթել ֆուտբոլային գերտերություններին:

-Ինչ խոսք, ականատես ենք անսովոր ու բավական յուրօրինակ առաջնության բոլոր առումներով։ Նախ առաջնության անցկացման ժամկետը՝ ԱԱ պատմության ընթացքում սա միակ ԱԱ-ն է, որ անցկացվում է ուշ աշուն֊ձմեռ ժամկետում, երկրորդ՝ դեռ ամբողջությամբ չի ավարտվել երկրորդ խաղային օրը խմբերում, արդեն կան հնչեղ անակնկալներ, որոնց հեղինակները ասիական հավաքականներն են, այն հավաքականները, որոնց կազմերում չկան աստղային անուններ, դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ֆուտբոլ խաղում են ոչ թե անունները, այլ խաղադաշտում ֆիզիկապես ավելի պատրաստ, անդադար պայքարող, կամք դրսևորող թիմերը, իսկ Ձեր նշած Սաուդյան Արաբիայի և Ճապոնիայի հավաքականները հենց այդպիսի որակներ ցուցադրեցին։ Ի դեպ,ասիական բոլոր հավաքականները, բացառությամբ Քաթարի, աչք են շոյում իրենց որակներով։ Հվ Կորեայի և Իրանի հավաքականները նույնպես նվեր չեն իրենց մրցակիցների համար, չնայած Իրանի 2-6 պարտությանը, որն ըստ իս պայմանավորված էր այդ երկրի ներքաղաքական վիճակով և խաղացողները չերգեցին իրենց երկրի հիմնը և գտնվում էին բացառիկ հոգեբանական ճնշման տակ, ինչի մասին ի դեպ նշել է Կառլուշ Կեյրուշը իր թվիթերյան գրառման մեջ։ Ի դեպ, Ուելսի դեմ խաղով իրանցիները նույնպես ապացուցեցին, որ չեն պատրաստվում հենց այնպես զիջել փլեյ օֆի ուղեգիրը ։

-Ձեզ համար այս առաջնությունում ո՞ր երկիրն է ֆավորիտը, ու՞մ եք համարում հաղթանակին ամենաարժանին։

-Թերևս շուտ է հաղթողի ամենաարժանի թիմի մասին խոսելը, իսկ ֆավորիտները մի քանիսն են։ Ուղղակի կուզենայի ասել, որ չնայած կրած պարտությանը, պետք չի շտապել և Արգենտինային ու Գերմանիային հանել ֆավորիտների ցանկից։ Համարում եմ, որ առաջնությունը հաստատ կունենա իր թաքնված անակնկալը, որը, մեղմ ասած, մեծ աղմուկ է բարձրացնելու։

Դուք վստահաբար ավելի ուշադիր եք հետևում խաղերին, քան շարքային ֆուտբոլասերներս։ Կա՞ն ուշագրավ բաներ, որոնք կարող է վրիպած լինեն մեր ուշադրությունից։

-Նախ այս առաջնությունն աչքի է ընկնում նրանով, որ արդեն քննարկումների հիմնական թիրախը մրցավարները չեն և դրա հիմնական և միակ «մեղավորը» VAR համակարգի ներդրումն է նորագույն տեխնոլոգիաներով, ինչը մրցավարության հիմնական՝ ճակատագրական որոշումները համարյա ամբողջությամբ դարձրել է անվիճելի։ Երկրորդ, Ուելս-Իրան խաղին Հ1-ի եթերով հետևող ոչ բոլոր ֆուտբոլասերները երևի ճանաչեցին քանիցս էկրանի վրա հայտնված Մարգար Աղաջանյանին, ով Իրանի հավաքականի մարզիչն է՝ գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշի օգնականը։ Փաստորեն ԱԱ 2022-ին մեր ազգը նույնպես ներկայացված է Մարգար Աղաջանյանի միջոցով, ով առանցքային դեր ունի Կեյրուշի մարզչական թիմում։ Ցավալի է, որ նման մարզիչը, ում համար ԱԱ 2022 երրորդն է, անտեսվում է մեր ֆուտբոլային չինովնիկների կողմից թե ակումբային, թե հավաքականների մակարդակով։ ՀՖՖ չինովնիկները մեր Ազգային հավաքականի մարզիչի փնտրտուքների մեջ են և զարմանալի է, որ Մարգար Աղաջանյանն անտեսված է, նույնիսկ չի քննարկվում նրա թեկնածության հարցը։ Ընկած ամբողջ սփյուռքով որոնում և գտնում են հայկական ազգանունով խաղացողներ, իսկ ինչու չօգտագործել սփյուռքի բավական հզոր ներուժն այս պարագայումՄտահոգիչ է, որ մեր թիմը կարող է հայտնվել հերթական «խոպանչի» կապարոսների ձեռքում, որ Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո ոչ թե երգի, այլ ինտենսիվ ու արտահայտիչ մաստակ ծամի։