Պարետատունն իր PR-ին է ծառայեցնում SMS հաղորդագրության գործիքը

Պարետատունն իր PR-ին է ծառայեցնում SMS հաղորդագրության գործիքը

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ՀՀ բնակիչներին ձեւական SMS-ներ է ուղարկում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված: Քաղաքացու համար ոչ մի կարեւոր տեղեկատվություն, որը կփրկեր նրան վարակից, դրանց մեջ չկա: Կարելի է ասել, որ Ավինյանը պարզապես փչացնում է զանգվածային իրազեկման այս ամենաարդյունավետ մեթոդը, այն PR գործիք դարձնելով: Եվ այսպես, ինչ է մեզ գրել պարետը վիրուսների խրախճանքի այս օրերին։ 
Մարտի 24-ին նա հայտնեց, որ ամեն առավոտ 10։00-12։00-ն «մեր տատիկ-պապիկների առեւտրի ժամն է», եւ հրահանգեց. «Մնա տանը, պահպանիր նրանց առողջությունը»: Պարետի այս հրահանգին հետեւող գրեթե չեղավ, եւ դա կարելի է պարզ տեսնել, այդ ժամին մտնելով մթերային խանութներ: Մարտի 25-ին Տիգրան Ավինյանը SMS-ով հայտնեց այն, ինչ առանց իր ասելու էլ բոլորը լսել են 100 անգամ. «Տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, լրացրեք ձեւաթուղթը (կարելի է՝ ձեռագիր), ավարտեք գործերը եւ շուտ վերադարձեք»: Ի դեպ, եթե ձեւաթղթի մասին միտքը հանենք, սա այն է, ինչ մեր տանը նստած պապիկ-տատիկները մեզ ամեն օր ասել են դեռ մինչկորոնավիրուսային ժամանակները, իսկ մենք, գործի շտապող մարդիկ, մտածել ենք՝ «երանի քեզ», բայց բարձրաձայն չենք արտահայտվել, որ նրանց չնեղացնենք: 

Մարտի 28-ին Տիգրան Ավինյանը, երեւի, լավ տրամադրություն ուներ ու ինքնագովեստ-SMS ուղարկեց ՀՀ քաղաքացիներին այն մասին, որ կառավարությունը լավն է: «Կառավարության ջանքերն արդյունավետ են, քանի որ Դուք մեզ աջակցում եք: Շնորհակալություն տանը մնալու ու վիրուսի տարածումը կանխելու համար»,- լատինատառ գրում է մեզ Ավինյանը: Այդ օրը՝ մարտի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք էր գրանցվել: Հայտնաբերվածների թիվն այդ օրը, ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի, հասավ 372-ի: Ի՞նչ արդյունավետության մասին էր հայտնում Ավինյանը, լավ չհասկացանք: 

Բայց ամենազավեշտալին երեկ առավոտյան պարետատնից ստացված SMS-ն էր: «Հիգիենայի եւ մեկուսացման կանոններին հետեւող երկրները գրանցում են հաջողություններ: Մենք եւս գրանցում ենք այս հաջողությունները՝ կանոններին հետեւելով»,- երեկ առավոտյան արձանագրեց Ավինյանը: Սա այլ կերպ չես անվանի, քան հեռախոսային հիպնոս, որովհետեւ, երեկվա պաշտոնական տվյալներով, «բացահայտվածները» 663-ն են՝ 92 նոր դեպք վերջին 24 ժամում:  

Իսկ այլ երկրներում ի՞նչ SMS-ներ են քաղաքացիները ստանում իրենց կառավարություններից: Կորոնավիրուսային վարակի վերաբերյալ բնակչությանը պաշտոնական նորություններ փոխանցելու համար աշխարհում բազմաթիվ նոր տարբերակներ են մտածում, վճարային տերմինալների, սմարթֆոնների համար նախատեսված ծրագրերի օգտագործումից, ինչպիսին է, օրինակ, «Վայբերը», հաղորդակցությունների ակնթարթային փոխանակության այլ համակարգեր, մինչեւ ավանդական բարձրախոսը: Բայց ավելի կարեւոր է պաշտոնական տեղեկատվության բովանդակությունը: 

Հարավային Կորեայում, որն ամենահաջողակ երկրներից է համարվում, եւ որին կարճ ժամանակում հաջողվեց թուլացնել կորոնավիրուսի տարածման տեմպը, SMS-ը վարակի դեմ պայքարելու ամենաարդյունավետ գործիքներից է: Մարդկանց SMS-ների միջոցով ուղարկում էին COVID-19 -ով հիվանդ քաղաքացիների մասին ամբողջ տեղեկատվությունը: 

Չինաստանում համաճարակի բուռն շրջանում, երբ դրա էպիկենտրոն Հուբեյը փակ էր, բնակիչներին SMS-ներ էին ուղարկում, առաջարկելով 1000 յուան վարձատրության դիմաց ոստիկանությանը հանձնել Հուբեյից փախածներին: Այս երկրում անցագրային ռեժիմ էին մտցրել բոլոր միկրոշրջանների մուտքերի մոտ, եւ բնակիչները SMS-ներ էին ստանում այն մասին, որ իրենց մուտքում կամ շենքում հիվանդ կա:  

ՌԴ կառավարությունն արտասահմանում գտնվող իր քաղաքացիներին SMS-ներ է ուղարկել, օգնություն առաջարկելով նրանց այն դեպքում, եթե ՌԴ քաղաքացիները չունեն բնակության վայր կամ ֆինանսական խնդիրներ ունեն: Կառավարությունը հատուկ պորտալ է ստեղծել, որտեղ դիմողները կարող են նույնիսկ դրամական օգնություն ստանալ:  

Նույնիսկ այնպիսի երկիրը, ինչպիսին Թաթարստանն է, մեզնից առաջ է ընկել SMS-ների օգտագործման արդյունավետության առումով: Այսօր համացանցով մեկ տարածվեց Թաթարստանի փորձը: Տեղաշարժման թերթիկ լրացնելու փոխարեն քաղաքացիները SMS են ուղարկում, որում նշում են հասցե, ելքի նպատակ եւ այլն եւ ստանում են տեղաշարժի թույլտվությունը հաստատող հատուկ կոդ: Այս դեպքում կարանտինի պահպանության ժամանակ ոստիկանական ուժեր պետք չեն: