Ընդդիմությունը ճիշտ կաներ՝ արձակուրդին կարատե կամ բոքս պարապեր

Ընդդիմությունը ճիշտ կաներ՝ արձակուրդին կարատե կամ բոքս պարապեր

Սեպտեմբերի 13-ին կմեկնարկի ԱԺ ութերորդ գումարման նստաշրջանի երկրորդ նիստը, որտեղ, հավանաբար, անակնկալներ չեն լինի, այսինքն՝ ԱԺ դահլիճը կարճ ժամանակ անց կվերածվի մարտադաշտի: Դե, երկշաբաթյա հանգստի ընթացքում տղերքը լավ հանգստացած, լրացուցիչ էներգիա հավաքած կլինեն, որի պարագայում նրանք հատկապես ֆիզիկապես ավելի ագրեսիվացած կլինեն, եւ լիցքաթափվելը նաեւ առողջական խնդիր կլուծի: Կարծում եմ, հեռուստադիտողը հասկանում է, թե ինչ նկատի ունեմ: Իհարկե, շատ տխուր բանի մասին եմ խոսում, սակայն որքան էլ չուզենամ, միեւնույն է՝ դա անխուսափելի է լինելու:

Մի երկիր, որը հայտնվել է ողբերգական վիճակում, չկա հուսադրող որեւէ բան, եւ փոխանակ մտածելու, որ այս իրավիճակում ճոխություն է օրենսդիր մարմնի երկշաբաթյա արձակուրդը, քանզի կուտակված պրոբլեմները լուծելու համար պետք էր սահմանված գրաֆիկից շատ ավելի աշխատեին, մտածում են, թե առաջիկայում ում ծեծեն, գլադիատորական՝ առանց կանոնների ինչ մարտ կազմակերպեն։ Անգամ այն, որ նորից աշխարհի առջեւ խայտառակ ենք լինելու, քանզի աշխարհով մեկ սփռվելու է, թե հայերն այնքան անդարդ են ու բանուգործ չունեն, որ ԱԺ նիստերը վերածում են իսկական մարտադաշտի:

Եթե այս երկրում բոլոր հարցերը լուծված են, գուցե արժե՞ լուծարել Ազգային ժողովը եւ այդ 107 հոգանոց թիմը դարձնել առանց կանոնների մարտակռվի Հայաստանի սպորտային հավաքական եւ կազմակերպել աշխարհի առաջնություն՝ այլ երկրների օրենսդիր մարմինների ընտրովի կոլեկտիվների միջեւ մրցաշարեր կազմակերպելու համար: Սա սպորտի մեջ կլինի նոր ուղղություն, եւ մերոնք առաջիկա տարիներին կգրավեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը, քանզի արդեն պրոֆեսիոնալ են: Համոզված եմ, որ դրանից մեր երկիրը կշահի ու անգամ եկամուտ կստանա…

Ընկերներ, մեր երկրին նայողի լացը գալիս է, սթափվեք, խելքի եկեք, փորձեք զբաղվել այն գործով, որի համար ձեզ մանդատ է տվել ժողովուրդը, որի մասին իբրեւ թե գիշեր-ցերեկ մտածում եք եւ որի անունն ամենաշատն եք տալիս սույն մարտադաշտում։ Սթափվեք, որ գոնե մի փուշ հանեք նրա մատից․․․

Եթե չեք կարողանում տիրապետել ձեր անձնական էմոցիաներին, ապա ինքներդ ձեզ պարտադրված տանելու եք միակ ճանապարհով՝ ինքնալուծարման, քանզի դուք ձեր ձեռքով այրում եք մնացած ճանապարհները: Կարծում եմ, 2021թ. սեպտեմբերի 13-ից սկսած, դուք ունեք վերջին շանսը՝ սթափվել, ապաշխարել ու զբաղվել գործով, քանզի երկիրն օր-օրի եւ մաս-մաս մեռնում է, իսկ նման պահելաձեւով դուք միայն նպաստում եք դրան…

Լավ է ուշ, քան երբեք…

Անկեղծ մաղթանքներով՝ Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ