«Լուսավոր Հայաստանին» դավաճանածների «հրաշալի քառյակը»

«Լուսավոր Հայաստանին» դավաճանածների «հրաշալի քառյակը»

Նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը նոր կուսակցություն են բացել ու որոշել են մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Արդեն տեղեկություն կա, որ Մանեն ու Մեսրոպը թեկնածուների որս են սկսել՝ որոշել են մարզերում խելացի, առողջ կադրեր «վերբովկա» անել, որոնք կարող են հաղթել ՏԻՄ ընտրություններում։ Ու դա սկսել են Մանե Թանդիլյանի երբեմնի հարազատ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Մանեն, հիշեցնենք, Էդմոն Մարուքյանի հետ ԼՀԿ հիմնադիրներից էր ու համարվում էր «Լուսավորի» ամենալուսավոր դեմքերից մեկը։ Բայց հեղափոխությունից հետո նա նախարար նշանակվեց, ապա, երբ Էդմոնի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները սրվեցին, դավաճանեց կուսակցությանն ու թռավ իշխանությունների գիրկը։ Այսօր էլ զբաղված է Մեսրոպ Առաքելյանի հետ «Ապրելու երկիր» կուսակցությունը կայացնելով։ Բայց միայն Մանե Թանդիլյանը չէ, որ դավաճանել է Մարուքյանին ու նրա հիմնած կուսակցությանը։ Մենք որոշեցինք հիշել նրանց, ովքեր իշխանության հոտն առնելով՝ հարմար պահի դավաճանել են հարազատ թիմին եւ անցել իշխանական ճամբար։

Առաջին տեղում, իհարկե, Մանե Թանդիլյանն է։

Մանե Թանդիլյանը 2015 թ․ դեկտեմբերի 15-ին Էդմոն Մարուքյանի եւ այլ անձանց հետ հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ 2017-ին «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրվել եւ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, դարձել պատգամավոր, նշանակվել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 2018-ի իշխանափոխությունից հետո՝ մայիսի 11-ին, նա մի քանի ամսով դարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ՝ զբաղեցնելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Նշանակվելուց մեկ ամիս անց հրաժարականի դիմում է գրել՝ դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը։

Բայց Փաշինյանը չի ընդունել նրա հրաժարականը, ու «սկզբունքային» Թանդիլյանը շարունակել է պաշտոնավարել մինչեւ նոյեմբեր։ Նոյեմբերին դարձյալ հրաժարական է տվել, որ մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ԼՀԿ-ի ցուցակով դարձել է պատգամավոր, իսկ արդեն 2020 թ․ օգոստոսի 24-ին, իբրեւ թե առողջական խնդիրների պատճառով, վայր է դրել պատգամավորական մանդատն ու «պասիվացրել» կուսակցական-քաղաքական գործունեությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ «առողջական խնդիրներն» ընդամենը պատրվակ էին, որ «թռնի» հարազատ կուսակցության վրայից եւ անցնի իշխանական ճամբար։ Պատերազմից հետո նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար։ Որոշ ժամանակ անց ազատվել է նաեւ այս պաշտոնից ու հիմա 4 ամիս սոցապնախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանի հետ եւ Ռուբեն Վարդանյանի միջոցներով զբաղված է «Լուսավոր Հայաստանից» մարդ փախցնելով։

Հայկ Կոնջորյան

Սույն երիտասարդը, որն այսօր Ազգային ժողովի իշխանական ՔՊ խմբակցության ղեկավարն է, այս «փառքին» հասել է դարձյալ դավաճանության եւ իրեն «աճեցրած» ու ասպարեզ բերած, իրեն կնքած անձին ուրանալու ճանապարհով։ Հայկ Կոնջորյանը եւս ԼՀԿ հիմնադիրներից է՝ Էդմոն Մարուքյանի ու Մանե Թանդիլյանի հետ։ Բայց մինչ այդ նա աշխատել է նաեւ նախկինների՝ ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ական իշխանության համար։ Իր ուսանողական կյանքի համար պարտական է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին, որի տնօրենը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր եւ նախկին փոխնախարար, այն ժամանակ ՀԺԱՄ վարչության անդամ Վահրամ Մկրտչյանն էր։ Հիմնադրամը ֆինանսավորվում էր Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի կողմից, եւ այդ միջոցներից էին փոխանցվում հիմնադրամի հետ համագործակցող ուսանողների ուսման վարձերը։

Բայց ԼՀԿ համագումարում իր թղթե շերեփի մասին ելույթով հայտնի դարձած Հայկ Կոնջորյանը դեռեւս 2015-ին հեռացել է ՀՀԿ-ից եւ դարձել «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր խմբի անդամ։ Եվ որպեսզի նրա կապերն այդ կուսակցության կազմում հնարավորինս ամուր լինեին, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դարձել էր Կոնջորյանի քավորը եւ սանիկին դարձրել «Ելք» խմբակցության փորձագետ, իսկ 2018-ի մայիսից՝ նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր։ 2018-ի հոկտեմբերի 30-ին նա ուրացել է սեփական քավորին՝ Էդմոն Մարուքյանին, եւ Ալեն Սիմոնյանի կանչով հայտնվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Կոնջորյանը դավաճանել է նաեւ հարազատ քաղաքին՝ իր ծննդավայր Չարենցավանին, ուր պատգամավոր դառնալուց հետո գրեթե չի այցելել, որեւէ մեկի հետ չի շփվում, չի շփվում նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի իր երբեմնի ընկերների հետ։ Փոխարենը այսօր պարոն Կոնջորյանն իշխող ՔՊ խմբակցության ղեկավարն է՝ իշխանության մեջ ազդեցիկ դեմք։

Վիկտոր Ենգիբարյան

Վիկտոր Ենգիբարյանը կուսակցություններին անդամակցելու եւ դրանցից «թռնելու» հարցում չեմպիոն է։ ԱԺ կայքում զետեղված նրա կենսագրականում, իհարկե, բաց է թողնված, բայց Վիքիպեդիայում նշված է, որ Ենգիբարյանը մինչեւ ՔՊ անդամ լինելը հասցրել է մի քանի կուսակցություն փոխել։ Մինչեւ 2017 թվականը նա մի քանի տարի եղել է ԲՀԿ անդամ, անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդականն է եղել, հետո՝ 2017-ին, հանգրվանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, ապա ԼՀԿ-ի շնորհիվ հայտնվել ԱԺ-ում։ Այդ ընթացքում հասցրել է լինել նաեւ ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի օրոք պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խորհրդականն էր։ Իսկ 2018-ի հայտնի իրադարձություներից հետո դավաճանել է նաեւ Էդմոն Մարուքյանին ու ԼՀԿ-ին եւ նետվել ՔՊ-ի «գիրկը»։ Ի դեպ, նրա տեղափոխությունները եղել են կայծակնային։ Մասնավորապես, 2018-ին Երեւանի ընտրությունների ժամանակ, երբ «Իմ քայլի» թեկնածուն Հայկ Մարությանն էր, իսկ «Լուսավորի» թեկնածուն Էդմոն Մարուքյանը, նա ընտրություններից մեկ օր առաջ մի գիշերվա մեջ ուրանում է Մարուքյանին ու անցնում Հայկոյի ճամբարը։

Ընտրություններին նախորդած լռության օրվա նախորդ գիշերը Ենգիբարյանը ՖԲ իր էջում գրառում է կատարում՝ նշելով․ «Ես աջակցում եմ Հայկ Մարությանին»։ Եվ դա դառնում է «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դառնալու գինը։ Իսկ արդեն խորհրդարանում նա բացառիկ «ուշացած», բայց շատ «պատեհ պահի» վերստին դավաճանում է նաեւ անձամբ Գագիկ Ծառուկյանին՝ ուրանալով նրա հետ աշխատած տարիներն ու նրա հետ կիսած հացը՝ կողմ է քվեարկում իշխանության բերած նախագծին, որով պետք է անձեռնմխելիությունից զրկեին եւ դատեին Գագիկ Ծառուկյանին։ Կարող էր, իհարկե, չանել, բայց արեց, քանզի նրա առաջխաղացման գինը հենց դավաճանությունն է։ Այսօր, ըստ տեղեկությունների, Ենգիբարյանին պատրաստվում են նշանակել Գերմանիայի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Արման Բաբաջանյան

Նա Էդմոն Մարուքյանի ամենասիրելի լրատվամիջոցի՝ «Ժամանակ» թերթի եւ 1in.am կայքի խմբագիրն էր՝ մինչ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ 2018-ի հեղափոխության օրերին Մարուքյանը գրեթե ամեն օր 1in.am-ի տաղավարում քննադատում էր Նիկոլ Փաշինյանին եւ քարոզում իր «երրորդ ճանապարհը», եւ երբ Արման Բաբաջանյանն ընդգրկվեց «Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակում, ոմանք զարմացան, իսկ շատերն էլ բնական համարեցին։ Սակայն երկար չտեւեց նրանց համագործակցությունը․ կարճ ժամանակ անց, որսալով հարմար պահը, Բաբաջանյանը թռավ ավելի ապահով «գիրկ»՝ Նիկոլ Փաշինյանի «գիրկը», հրաժարվեց ԼՀ խմբակցության անդամությունից եւ իրեն անկախ պատգամավոր հռչակեց։ Ապա «անկախ» պատգամավորի դիրքերից սկսեց իշխանական քարոզ անել եւ նեղ պահին իր մի ձայնով աջակցել «Իմ քայլին»։ Հետո նա միավորվեց Լեւոն Շիրինյանի հետ, ու չնայած իշխանությունների գործադրած ջանքերին, չանցավ խորհրդարան։ Սակայն նրան լիուլի օգտագործած Նիկոլ Փաշինյանը դեռ որեւէ պաշտոն կամ արտոնություն չի տրամադրել, չի գնահատել նրա ցուցաբերած ծառայությունները։