«Հրապարակ». Ովքեր են գրանտ ստացել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանից

«Հրապարակ». Ովքեր են գրանտ ստացել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանից

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անցյալ տարի պետբյուջեից ահռելի գումարներ է հատկացրել հասարակական կազմակերպություններին։ Օրերս նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ թիվ նշեց՝ մոտ 800 մլն դրամ, որ ստացել են 4-5 տասնյակ ՀԿ-ներ։ Ինչի՞ համար են այդ գումարները բաժանվել՝ մեր  հարցին նախարարությունից պատասխանեցին․ «2022 թ. սոցիալական պաշտպանության ոլորտում ընդլայնվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ։ Անցկացվել են դրամաշնորհային մրցույթներ՝ մատուցվող ծառայությունների համար։ ՀԿ-ներին տրամադրվել է շուրջ 730 մլն դրամ, որից՝ ընտանիքներին, կանանց եւ երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակում` 122,5 մլն դրամ դրամաշնորհ, տարեցներին մատուցվող ծառայությունների շրջանակում` 374,6 մլն դրամ դրամաշնորհ, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակում՝ 233 մլն դրամ դրամաշնորհ»:

Գումարները բաժանվել են մրցութային սկզբունքով։ Գրանտ ստացածների թվում տեսնում ենք բազմաթիվ հայտնի եւ անհայտ ՀԿ-ներ։ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում հաղթել ու ֆինանսավորվել են «Լիարժեք կյանք» եւ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ները։ «Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ համայնքահենք փոքր խմբային տներում» ծրագիրն իրականացրել են ոլորտային մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց թվում են «Ջերմիկ անկյունը», «Խնամքը»։ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական/հոգեբանական աջակցություն» ցերեկային կենտրոնում ծրագիրը պատվիրակվել է «Աստղավարդ», «Կարիտաս-Արեգակ» ԲՀ եւ այլ կազմակերպություններին։  

Տարեցների հիմնահարցերի ոլորտում գործունեություն իրականացնող ՀԿ-ներից ֆինանսավորվել են, օրինակ, «Հայկական Կարիտաս» ընկերությունը, Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիան, «Առաքելություն Հայաստան»-ը, մի շարք ՀԿ-ներ։ «Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի իրականացումը 2022 թ․ պատվիրակվել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը։ «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագիրն իրականացրել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամը։ Մարդկանց թրաֆիքինգի եւ կանանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներից կառավարությունը գերապատվություն է տվել Կանանց աջակցման կենտրոնին, «Դեմոկրատիան՝ այսօր», «Կանանց իրավունքների կենտրոն», «Դու մենակ չես», «Երիտասարդ ավանգարդ», մի շարք այլ ՀԿ-ների։

Երեխաների հիմնահարցերի ոլորտում նշենք «ՍՕՍ մանկական գյուղերը», «Ընտանիք եւ համայնք», «Հայկական Կարիտաս», «Արմավիրի զարգացման կենտրոն» եւ մի շարք այլ կազմակերպություններ։  
Գրանտային ծրագրերով գումար ստանալը ոմանց մասնագիտությունն է դարձել, բայց դրանց արդյունավետության մասին շատ դժվար է որեւէ բան ասելը, որովհետեւ գումարը տրամադրվում է, ինչ-որ հաշվետվություններ են ներկայացվում` ձեւական, սակայն թե այդ գումարներից ով ինչ է շահում, եւ որ ծրագիրն է օգնում մեր հասարակությանը` լուծելու ինչ-որ խնդիրներ, պարզ չէ: Իսկ գումարը փոքր չէ` 800 միլիոն դրամով հսկայական գործ կարելի էր անել, եթե խելամիտ ծախսվեր: Իսկ այսպես հանրային միջոցները փոշիացվում են` քամուն տալիս: