«Բարձրտեխնոլոգիական» ոչխարները

«Բարձրտեխնոլոգիական» ոչխարները

Տնտեսական «ձեռքբերումների» լուրերն այս շաբաթ ավելացան եւս մեկով: Վարչապետ Փաշինյանի երբեմնի տնտեսական խորհրդական, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց տնտեսական նոր «նվաճման» մասին․ Գորայք գյուղում ոչխարաբուծական ֆերմա է բացվում, որն ունի 5 մշտական աշխատող, իսկ ապագայում գուցե կունենա ամբողջ 30 աշխատող: Վարազդատ Կարապետյանը հպարտ է այս ձեռքբերմամբ՝ Ամուլսարի ստորոտին, հավանաբար, Ամուլսարի հանքի փոխարեն 5, իսկ ապագայում նույնիսկ 30 մարդ ոչխար կբուծի:

Երբ «Իմ քայլը» խմբակցությունը նոր էր դարձել կառավարող մեծամասնություն, Վարազդատ Կարապետյանն այն իմքայլականներից էր, որ հետեւողականորեն խոսում էր այն մասին, թե նախկինում տնտեսությունը սխալ է աշխատել, ու հանքարդյունաբերությունը պետք է փոխարինել բարձր տեխնոլոգիաներով։ «Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի բարձր տեխնոլոգիաների ու զարգացած ռազմական արդյունաբերությամբ երկիր»,- ասում էր Կարապետյանը, երբ դեռ նոր էր պատգամավոր դարձել: Մենք էլ դեմ չէինք, որ Հայաստանը Վարազդատ Կարապետյանի տնտեսական խորհուրդների շնորհիվ ոսկու փոխարեն հեռահար հրթիռներ արտահաներ: Բայց ընթանում է իմքայլականների կառավարման արդեն երկրորդ տարին, ու հիմա, փաստորեն, վարչապետի երբեմնի տնտեսական գծով խորհրդատուն առաջարկում է հանքարդյունաբերությունը փոխարինել «բարձրտեխնոլոգիական» ոչխարաբուծությամբ: Նախորդ իշխանությունները, որոնց օրոք Վարազդատ Կարապետյանը, ի դեպ, փոխնախարար էր ու ո՛չ Ամուլսարից, ո՛չ հանքարդյունաբերությունից չէր դժգոհում, երեւի չէին ֆայմում, որ նավթահանող Ադրբեջանին կարելի է դիմակայել ոչխարաբուծությամբ ու ոչխար արտահանելով զարգացնել ռազմարդյունաբերությունը: Բայց, ահա, Վարազդատ Կարապետյանը գտել է հա՛մ կանաչ, հա՛մ բարձրտեխնոլոգիական, hա՛մ ռազմարդյունաբերություն ու կրթական տեխնոլոգիաներ ապահովող տնտեսության գաղտնիքը․ դա ոչխարաբուծությունն է:

Այս տնտեսական բացահայտմանը օգտատերերից մեկը պատասխանել է՝ հիշեցնելով, որ եթե նոր կառավարության հույսը ոչխարաբուծությունն է, մեր եզդի հայրենակիցներից շատերն այդ գործով անհիշելի ժամանակներից Վարազդատ Կարապետյանից լավ են զբաղվում: Այն, որ դրանով տնտեսություն չես զարգացնի, եւ դա պարզ է նույնիսկ դպրոցականին: Բայց արդյոք Ամուլսարի շուրջ կառավարության որոշում կայացնելու անկարողության արդյունքում անգործ մնացած գորայքցիները գոնե իրենց համար ոչխարաբուծության մեջ հեռանկար տեսնո՞ւմ են:

Անահիտ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ