Շարունակում ենք վարչապետի ու նախագահի հրաժարականը պահանջել, ոչինչ չի փոխվել

Շարունակում ենք վարչապետի ու նախագահի հրաժարականը պահանջել, ոչինչ չի փոխվել

Այն հարցում, որ 5165 շարժումը այլևս առանձին է շարունակում պայքարը, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ի վերջո, մեր նպատակները մեկն են։ Հիմա փորձում են տարբեր մեթոդներով ցույց տալ, թե պառակտում է տեղի ունեցել, բայց հավատացեք՝ նման բան չկա, սա ուղղակի աշխատանքի բաժանում է։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքի ընթացում լրագրողների հետ զրույցում ասաց շարժման համահիմնադիրներից լրագրող Նաիրի Հոխիկյանը։ Հիշեցնենք՝ 5165-ն ու «Ազատագրական շարժումը» առանձին են շարունակում պայքարը։ 

«Մենք շարժման սկզբում հենց ասել էինք, որ առաջ ենք քաշում կատարելու երեք պահանջ, որոնց չկատարման պարագայում պահանջելու ենք վարչապետի հրաժարականը, ու այո, պահանջում ենք նրա հրաժարականը։ Դրան ավելացել է միայն նախագահի հրաժարականը, որը սկզբում նախատեսված  չէր ու միայն վերջին երկու օրում է դա օրակարգ մտցվել։ Ոչինչ չի փոխվել, կրկնում եմ, մեր պահանջները շարունակում են մնալ նույնը։ Նախագահի հրաժարականն էլ սկսեցինք պահանջել այն բանից հետո, երբ 5165-ը դիմել էր նախագահական ստեղծված իրավիճակի հետ կապված, սակայն այդպես էլ արձագանք չէր եղել»,- ասաց նա։