Սթափության ապտակներ

Սթափության ապտակներ

Մեր երկրի, Հայաստան պետության և պետականության ճգնաժամային վիճակին էլ հասանք, սակայն դրա գիտակցումը չկա հանրության մեծ զանգվածի մեջ: Երկրի այս ճակատագրական վիճակով մտահոգ բազմաթիվ մարդիկ անընդհատ գրում ու ասում են, որ մեր ժողովուրդը թմբիրի մեջ է, արթնացում է պետք այս մահաքնից, բայց անդրդվելի է նույն այդ «ժող ջանը», որը նույնքան պատասխանատու է, որքան այս վիճակը ստեղծողները, քանի որ շարունակում է միայն մի ականջով լսել մի բան և հավատալ դրան, որից բան չի հասկանում: Դա քաղաքական մանիպուլյացիան է…Այսօր ընկերներիցս մեկի հետ զրուցելիս հիշեցի մի դեպք, որը կարծես թե մարդու կյանքում կարող է բերել շրջադարձային փոփոխություն, դա, ժողովրդի խոսքով ասած, սթափության ապտակն է: 

2000-ականների սկիզբն էր. հունվար ամիսն էր, երեկոյան իջա առաջին հարկ՝ հարևանիս տուն՝ ծնունդը շնորհավերելու: Այն ժամանակ մուտքում լուսավորություն չկար, և ես իմ լապտերիկով էի իջել՝ սանդուղքները լուսավորելու համար: Հարևանուհիս կանգնած էր տան բաց դռանը` ինձ էր սպասում, և ասաց, որ բակում մի երիտասարդ տղամարդ է ընկած ձյան վրա, մեր շենքից երկու երիտասարդ ուզում են բարձրացնել, որ գիշերը չմնա դրսում քնած…Տղաները խոսում են հետը, ընկածը ոչ մի պատասխան չի տալիս, երևում է, որ խմած է, բայց կարծես հայերեն չի հասկանում, գուցե վրացի՞ է, երևի մանդարին է բերել վաճառելու, մի տեղ խմել է, մոլորվել է, ընկել ու քնել: 
Ես մոտեցա տղաներին, որոնք ամեն մեկը մի թևատակից բռնած նրան բարձրացնում էին, բայց նա սահում էր ու ընկնում ձյան թմբի վրա: Ես մոտեցա և վրացերեն հարցրեցի՝ որտե՞ղ է իջևանել, թող ստուգի, փողը գրպանո՞ւմ է, թե՞ ո՛չ, հիշո՞ւմ է այն հասցեն կամ հեռախոսահամարը, որտեղ ինքը ապրում է այս մի քանի օրը:

Տղամարդը չպատասխանեց, միայն անհանգիստ շարժումներ էր անում: Ես լապտերիս լույսը պահեցի նրա դեմքին և հասկացա, որ նա վրացի չէ, այլ հայ: Այդ պահին ինձ համակեց մի անզուսպ զայրույթ. Ուրեմն, երեսունն անց հայ երիտասարդն այնքան խմի ու հարբի, որ կորցնի տան ճանապարհը և թավալվի ցեխոտ ձյան մեջ: Ես զայրացած ասացի, բա դու չե՞ս ամաչում, էս ժամին դու պիտի տանը՝ երեխաներիդ ու կնոջդ կողքին լինեիր, սա հայ տղամարդու վա՞րք է,- և մի թույլ ապտակ հասցրեցի նրան: Նա կարծես մի քիչ սթափվեց: Ես դրանից ոգևորվեցի և շարունակեցի. «Վե՛ր կաց, խելքդ գլուխդ հավաքի՛ր ու տուն գնա, երեխաներիդ ու ծնողներիդ մոտ»: Նա ձեռքը թափ տվեց, ու ես այդ պահին, ինձ համար անգամ անսպասելի մի այնպիսի ուժեղ ապտակ հասցրեցի նրան, որ նա նույն վայրկյանին աչքերը բացեց ու ասաց. «Ճիշտ ես ասում, քո՛ւր ջան, խելքս գլուխս հավաքեմ» և ուզեց ոտքի կանգնել: Հարևաններս բռնեցին նրա թևերից, որ օգնեն ոտքի կանգնի, բայց նա հրեց երկուսին էլ, ինքնուրույն ոտքի կանգնեց, թափ տվեց հագուստի ցեխոտ ձյունը, ձեռքերն ու դեմքը սրբեց ձյունով և գնաց, ասես ինքը չէր մի ժամ ձյան վրա կիսաթմրած պառկած: Հարևաններս զարմացան, որ ես այդպես խիստ ու կտրուկ վարվեցի, քանի որ նրանք ինձ գիտեին որպես չափի մեջ մարդու… 

Ինչու՞ հիշեցի այս դիպվածը. այդ մարդուն ես հասցրեցի ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԱՊՏԱԿԸ… 
Սիրելի՛ Հայեր, մեզ ավելի դաժան սթափության ապտակ են հասցրել 30 տարիներ շարունակ, այն էլ մեկի փոխարեն մի քանիսը, որը հավասարազոր է ծեծվելուն: Մի՞թե մեզ պատիվ է բերում ծեծվելը… 

Ահա այդ սթափության ապտակները. 
1.30 տարիների ընթացքում մեր երկրի և բանակի թալանն ու թուլացումը.
2.ՀՀ արտաքին քաղաքականության ոչնչացումը. 
3.Կրթության, գիտության և մշակույթի կաթվածահարումը, 
4.Տասնամյակներով սերնդի ապազգայնացման փորձերը. 
5.Արտագաղթի բազամպատկումը. 
6. Հեղափոխության էյֆորիան. 
7. Հեղափոխության առաջնորդի քաղաքական, բարոյական սնանկությունը, քաղաքական տկարամտությունը, կադրերի սխալ կամ միտումնավոր թյուր ընտրությունը.
8.Հայաստանի հասարակության պառակտումը. 
9.Արտաքին քաղաքականության վերջնական զրոյացումը. 
10.Բանակը թուլացնելն ու բանակի շուրջ հակաբարոյական և ապազգային մթնոլորտ ստեղծելը. 
11.Պատերազմին առիթ տալն ու պատերազմին անպատրաստ լինելը. 
12.Ռազմական գործողությունների մարտավարական բացթողումները. 
13.Կամավորական ջոկատներին մարտական գործողություններին չպատրաստելը և հետ ուղարկելը. 
14.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեղծ հայտարարություններն առ այն, որ ինքը չի կարող Արցախի ժողովրդի անունից բանակցություններին մասնակցել, քանի որ իրեն՝ որպես վարչապետ, արցախցիները չեն ընտրել, սակայն առանց Արցախի ղեկավարներին և ժողովրդին տեղեկացնելու, նա ինքնակամ հանձնեց արցախյան ազատագրված տարածքները և Արցախի Հանրապետության տարածքների մի մասը. 
15.ՀՀ պաշտոնապես պատերազմող կողմ չէր համարվում, բայց Արցախից բացի, պարտության՝ կապիտուլյացիայի տարավ նաև Հայաստանի Հանրապետությունը
16.Պատերազմի կողմ չհամարվող Հայաստանին պարտադրվում է սահմանազատում և սահմանագծում ոչ թե միջազգային իրավունքի սկզբունքներով, այլ փլուզված Խորհրդային Միության ներքին՝ վարչատարածքային բաժանումների հիման վրա. 
17.Ռազմական գործողությունների և քաղաքական ճնշումների ներգործությամբ Հայաստանին պարտադրվում է ճանապարհ հատկացնել, այն էլ՝ միջանցքի կարգավիճակով, պատերազմական մեր թշնամի պետություններին, որոնց նպատակն է եղել արցախյան առաջին պատերազմի սանձազերծումն ու հենց այդ ճանապարհը գրավելը. 
18.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում աշխարհաքաղաքական իրավիճակի շուրջ մեր երկրի քաղաքագետների վերլուծությունները, այլ շարունակում է ամեն ինչ սկսել զրոյական կետից՝ այդպիով հեղինակազրկելով Հայաստանի Հանրապետությունը, զրոյացնելով մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը. 
19.Թշնամի պետության հետ սահմանազատումն ու սահմանագծումը վերջնականապես լուծում է թշնամու և Ռուսաստանի օգտին՝ Սյունիքը կտրելով Հայաստանից…. 

Ահա այսպիսի սթափության ԱՊՏԱԿՆԵՐ ԵՆՔ ստացել մենք՝ ՀԱՅԵՐՍ, որ համարժեք են ԴԱԺԱՆ ԾԵԾԻ, իսկ մենք շարունակում ենք ասել՝ թեթև անձրեւ է գալիս… Անձրև չէ՛,մրրիկ է ու հեղեղ, որը կարող է մեզ քշել, տանել… 

Մարի Բարսեղյան-Խանջյան