Ո՞նց կարող է բանակը ենթարկվել երեկ չէ առաջին օրվա թղթակցին, որը բանակից ոչինչ չի հասկանում. Մանուկյան

Ո՞նց կարող է բանակը ենթարկվել երեկ չէ առաջին օրվա թղթակցին, որը բանակից ոչինչ չի հասկանում. Մանուկյան

Իսկ դուք ի՞նչ եք կարծում ՝ բանակը հեշտությամբ կենթարկվի՞, որ իր ղեկավարին հանեն։ Ոչ, բանակը կընդվզի, ես կոչ եմ անում, որ ընդվզի։ Ոնց կարող է բանակը ենթարկվել երեկ չէ առաջին օրվա թղթակցին, որը բանակից ոչինչ չի հասկանում։  Մենք բանակի հետ ենք, մինչև վերջ պաշտպանելու ենք մեր բանակին, բանակը մինչև վերջ պաշտպանելու է մեր ժողովրդին։ Այս մասին քիչ առաջ իր ելույթում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Նիկոլ Փաշինյանի երկրորդ հենարանը, որը դեռ կա, ոստիկանությունն է։ Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այս պահին Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության երթը շրջում է Երեւանի փողոցներով։

Ավելի վաղ,«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները Բաղրամյան պողոտայից երթով շարժվել էին Հանրապետության նախագահի նստավայր։

«Այս իրավիճակում շատ կարևոր է Հայաստանի նախագահի դիրքորշումը։ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը գտնվում է նախագահի սեղանին։ Նա հայտարարել է, որ դա չի ստորագրելու, բայց դա բավարար չէ։ Չստորագրելու դեպքում եռօրյա ժամկետից հետո ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված։ Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ նախագահը օրենքի շրջանակում ներկայացնի առարկություն, քանի որ դա հակասահմանադրական է, և ներկայացնի ՍԴ», - հայտարարել էր շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ նախագահը մոտ կես ժամից պետք է ընդունի ընդդիմության պատվիրակությանը։