Պարոն Փաշինյան, բա մնացած ,,վորե՞րը’’, որ շվշվացնելով ման են գալիս…

   Պարոն Փաշինյան, բա  մնացած ,,վորե՞րը’’,  որ շվշվացնելով ման են գալիս…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այսօր  կառավարության նիստից անմիջապես հետո այս գրառումն է արել․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ Вор должен сидеть в тюрьме!

 

Գրառման առաջին արձագանքը սա է՝ բա ինչու՞ նստած չեն այն մարդիկ, ովքեր միլիոններ են յուրացրել և ազատ ֆռֆռում են։ Ժողովուրդը նույն բանը ձեզ է ասում՝ Вор должен сидеть в тюрьме!

Ցանկացած մարդ, ով գողություն է կատարում, պետք է նստի։ Ո՞վ չգիտի դա։ Բայց արդյո՞ք այդպես է։ Լսենք ֆեյսբուքյան օգտատիրոջը․

Armen Nikoghosyan Եփած հավի ծիծաղն եկավ, միլարդ տարածը երկու կոպեկ հետա տալիս, բաց եք թողում, ով մի հատ բուլկիա տանում՝ փակում եք, այսինքն՝ մի հատ ցորեն որ տա, պետքա բաց թողնեք։

Նորից եմ կրկնում՝ ցանկացած մարդ, ով գողություն է կատարում, պետք է նստի։ Դա կլինի «օրենքով գող», «ավտարիտետ», պետական բարձր պաշտոնյա, թե շարքային քաղաքացի։ Մեր քրեական օրենսգրքում ամրագրված է դա՝ համապատասխան հոդվածով։ Ինչու՞ ընդհանրացված այդ օրենքը մանրամասնվում է, որ ավելորդ լարվածություն է առաջացնելու․ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով ՀՀ կառավարությունը լուծում է «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու հարցը։ Փաշինյանը մանրամասնում է․ «Ներկայացված նախագիծն օրենքով գողերի, այսպես կոչված` «սխոդկաների», կներեք, որ կառավարության նիստում այսպիսի բառեր եմ օգտագործում, «օբշչյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է, որպեսզի այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն պատասխանատվության, այս ենթամշակույթի կրող մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու»։

Նախագծի քննարկման ժամանակ վարչապետի պատմած դեպքը շատ բան է բացահայտում․ «Վերջերս երբ իրավապահները խուզարկելիս են եղել ՔԿՀ-ում գտնվող անձին, Քրեակատարողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան զանգահարել է իրավապահներին ու ասել՝ ինչպե՞ս եք խուզարկում նրան, նա օրենքով գող է. «Հասկանո՞ւմ եք, սա ընդհանրապես վերջն ա»: Մինչ այդ զրույցը Փաշինյանը չգիտե՞ր, որ նման բան կա։ Բանտում եղած ժամանակ նրան չէի՞ն ասել, որ «առանց զոն հսկողի» բանտը կվերածվի դժոխքի։ Որ ծայրահեղ դեպքերի ժամանակ, գողերը զսպվում են միայն օրենքով գողի կամ «ավտարիտետի» խոսքից հետո։ Ու երբ վարչապետն ասում է, որ  «Այդ ասողն արդեն համակարգում չի աշխատում ու եթե ընդունվող օրենքը լիներ, նա նաև քրեական պատասխանատվության կենթարկվեր. «Այս կատեգորիայի հետ առնչվող մարդիկ պետք է իրենց արժանի տեղը գտնեն», մտածում ես, եթե ազնվորեն խոստովանենք՝ միայն այդ աշխատո՞ղն է այդպես մտածում․․․

Այդ բարդություններն է հիմք ընդունել ՀՀ դատախազ Արթուր Դավթյանը, երբ շեշտել է․ «Ներկայացված նախագիծը շարքային չէ, այլ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ներկա հանցավորության մակարդակի վրա էական ազդեցություն ունեն հենց այդ ենթամշակույթն ու դրա շահառուները, ովքեր նաև խանգարում են հանցագործությունների բացահայտմանը»։

Այն կարծիքին եմ, որ  առանց լրացումների էլ կարելի էր այդ գործն   անել, որովհետև որևէ տեղ ամրագրված չէ, որ օրենքով գողերին չի կարելի խուզարկել։ Դա ներքին չգրված օրենք է, որը կապ չունի օրենքի լրացումների հետ։

Այդ հարցին կարելի էր անդրադառնալ, երբ օդում կախված  կիսատ հարցերից գոնե մի երկուսը լուծում ստանային։ ՀՀ կառավարության կողմից բարձրացված ցանկացած հարց մնացել է հենց այդպես օդում կախված։ Որը ուզում եք վերցրեք։

Եթե պետությունը համարենք որպես բանող եզ, ուրեմն պիտի մտածենք՝ եթե նա չի կարող տանել բարձածը, ինչպե՞ս ենք անընդհատ նորը բարձում։ Մի հարցի կարելի է վերջնական լուծում տալ, հետո անցնել մյուսին, այլապես բոլորն էլ կիսատ- պռատ  կմնան։ Կտապալենք բանող կենդանուն, կոնկրետ դեպքում պետությանը։ Ուրեմն սկսենք այս կետից․ Вор должен сидеть в тюрьме!  Ո՞վ չգիտի դա։ Բայց նա բանտում պիտի նստի ոչ թե կասկածներով, ենթադրությամբ, այլ ամրագրված օրենքով, ներկայացված փաստերով, դատարանի որոշումով։  Ոչ թե որ «օրենքով գող է», այլ որ գողություն է կատարել կամ հեռահար ձևով մասնակցել է։ Ու էլի նույն հարցը՝ ժամանակային առումով ինչու՞ է նման խրթին հարցերը բարձրացվում այսօր․․․ Տարիուկես անցել է, հիշեցնեմ։ Օգտատերերը դեռ սպասում են նախորդ գողերին «հորով- մորով անելուն» և զուր չեն հարցնում՝ պարոն Փաշինյան, բա  մնացած ,,վորե՞րը’’,  որ շվշվացնելով ման են գալիս…