Մի համեմատվեք հրեաների հետ

Մի համեմատվեք հրեաների հետ

Հայերս սիրում ենք մեզ համեմատել հրեաների հետ, զուգահեռներ ենք անցկացնում, համեմատում մեզ հետ ու հիմնականում եզրակացնում, որ մենք նրանցից խելացի եւ իմաստուն ենք, որի պատճառով այդ «ջհուդները» չեն սիրում մեզ, ատում են ու նախանձում։ Չգիտեմ, աշխարհի տերերից մեկը դարձած ու մատի վրա Երկիր մոլորակ պարացնող հրեաների մտքով երբեւէ անցե՞լ է զուգահեռներ անցկացնել իրենց ու մեր միջեւ, թե՞ ոչ։

Անկեղծ ասած, չեմ կարծում, թե նրանց ստվար մասը հետաքրքրված է մեզնով։ Բայց դա չէ կարեւորը, այլ այն, որ մենք նրանց ընդհանրապես չենք ճանաչում։

Ի տարբերություն մեզ, հրեաները մշտապես կոտորվել են՝ իրար շաղկապված լինելու ու դրա շնորհիվ իրենց գերակա դիրքերի ու ֆինանսական հզորության պատճառով: Իսկ ահա հայերը կոտորվել են իրար ատելու, «քցելու» ու դրա հետեւանքով առաջացած անմիաբանության ու թուլությունների պատճառով: Հրեաները դեռեւս անհիշելի ժամանակներում են հասկացել փողի հատկություններն ու աննկարագրելի հզոր ուժը։ Տիրացել են դրան ու դրա միջոցով հիմա աշխարհն են կառավարում: Դրան հակառակ, փողն աստված դարձրած, ամեն մի ամեն սրբություն, անգամ հայրենիք ծախծխող հայն այսօր էլ չի հասկացել փող ասվածի իմաստը եւ այն դիտում է որպես իր անհագ փորը լցնելու միջոց, ինչի համար պատրաստ է կողքինին հոշոտելու:

Նոբելյան մրցանակակիրների մեկ երրորդը հրեա է, եւ ամբողջ աշխարհը դրա դեմ խաղ չունի: Ու դա ոչ միայն ԽԾԲ-ով է, այլեւ օբյեկտիվ, որովհետեւ հրեան նույնիսկ անծանոթ տաղանդավոր հրեային անշահախնդիր օգնում է, մարդամեջ հանում ու ամեն ինչ անում, որ այդ մեկն իրոք մեծ մարդ դառնա: Իսկ հայի ուշքնումիտքն այն է, որ կողքի խելացիի գլխին տա, հոշոտի նրան, որպեսզի տեղն իր ազգականին, իր բարեկամ ոչնչությանը դնի: Մենք ու հրեաներն իրականում ոչ մի ընդհանրություն չունենք, իրար անտիպոդն ենք: Նրանք իրենց ցեղասպանության փաստն օգտագործելով, աշխարհի աչքը խոթելով, ավելի են կազմակերպվել, հզորացել ու այսօր Գազայում իրենք են ցեղասպանում պաղեստինցիներին։ Իսկ մենք այսօր զբաղված ենք Հայոց ցեղասպանության փաստերը ոչնչացնելով եւ ցեղասպանից խաղաղություն մուրալով։

Եվ ամենամեծ տարբերությունը՝ նրանք անապատում ոչնչից հզոր պետություն են կառուցել, իսկ մենք մեր «ծովից ծով Հայաստանից» մի բուռ հող ենք թողել եւ այսօր ազգովի լծված ենք դա եւս վերացնելու գործին, որովհետեւ այդպես էլ չհասկացանք պետության ու հայրենիքի իմաստն ու արժեքը։

Հայրենիք-պետությունը ֆորմալ սահմանագծով առանձնացրած տարածքը չէ, լակոտանոցի վերածված սեփական պետությունը չէ, այլ ընդհանուր տանիք է բոլորի համար: Այսօր այդ տանիքը մի քանիսն իրենց որջն են սարքել, ու մնացածն էլ ոչ մի հակազդեցություն չեն կարողանում ունենալ։ Սարոյանը Սարոյան է դարձել ԱՄՆ-ում, Խաչատրյանը՝ Թբիլիսի-Մոսկվայում, Շիրվանզադեն՝ Բաքու-Թիֆլիսում։

Հայ գրողների 90 տոկոսը գրող է դարձել արտերկրում: Երեւի ինչ-որ մի լուրջ բան այն չէ մեր հայրենիքում, որը միայն ողբ-դժբախտություն է բերում ու տականքներին հանում ջրի երես, իսկ տաղանդավոր մարդկանց խորտակում: 1991-ին մեզ հասած տնտեսական ժառանգությունը որպես մետաղի ջարդոն մսխեցինք: Սեւան-Հրազդան կասկադը, որը մի փական բացելով աշխատում էր, չկարողացանք աշխատեցնել եւ նվիրեցինք ռուսներին: Ու այդպես՝ հարյուրավոր փաստեր։

Այնպես որ՝ ամեն անգամ հայ-հրեա համեմատելիս պետք է փորձել գոնե մի միկրոն օբյեկտիվ ու իրատես լինել:

Գարեգին Վարդանյան