Պետք է հեռանան, որովհետեւ անցել է գեղեցիկ խոսելու ժամանակը

Պետք է հեռանան, որովհետեւ անցել է գեղեցիկ խոսելու ժամանակը

Երբ հետեւում ես այն խոսքուզրույցին, որն առկա է այս երկրի, այսպես ասած, քաղաքական ու քաղաքագիտական հարթակներում, ակամայից այն պատկերացումն ես ստանում, որ երկրի քաղաքական ու քաղաքագիտական շրջանակները քաղաքականությամբ ու քաղաքականության վերլուծությամբ են զբաղվում միայն այն նպատակով, որ կա՛մ պաշտպանեն Նիկոլին, կա՛մ քննադատեն նրան: Ու արդյունքում ստացվում է, որ այս երկրում ընթացող ամեն ինչը Նիկոլի համար կամ նրա մասին է: Այնինչ երկիրն այսօր ոչ թե Նիկոլի մասին խոսելու պահանջով, այլ այս վիճակից իրեն դուրս բերող ծրագրերի ու նախաձեռնությունների անհրաժեշտության գիտակցմամբ պետք է ղեկավարվի:
Եվ եթե այս երկրի ընդդիմությունն այնքան անկարող պետք է լինի, որ նրան թվա, թե երկրին այսօր մի ընդդիմություն է պետք, ով կա՛մ Նիկոլի մասին կխոսի, կա՛մ էլ կգա, որ ավելի գեղեցիկ բառերով, ավելի դիպուկ բացատրություններով երկրին բացատրի, թե «ինչքան վատ եղավ, որ մենք Արցախը կորցրինք», կամ թե` «ինչ վատ կլինի, եթե Սյունիքում թշնամուն հաջողվի մեզնից արտատարածքային միջանցք պոկել», ապա նա կսխալվի:

Կսխալվի, չի հասկանում, ուրեմն պետք է հեռանա: Պետք է հեռանա, որ չզբաղեցնի այն տեղը, որն ավելի կարող եւ ընդունակ ընդդիմության համար է նախատեսված, պետք է հեռանա, որ չծախսի այն ժամանակը, որը երկրի սահմանների անառիկության ամրապնդման համար պետք է ծախսվի: Տեսեք, գաղտնիք չէ, որ երկրի մեծ մասն այսօր չի վստահում Նիկոլին ու իր վարչախմբին: Բայց դա չի խանգարում, որ նա հանդուրժի այդ վարչախմբի իշխանությունը: Չի խանգարում, որովհետեւ Նիկոլի հակառակ կողմում երկիրը չի տեսնում իր ասելիքն ասող, իր անելիքն իմացող ընդդիմություն: Միակ բանը, որ երկիրը լսում է օրվա ընդդիմությունից, մեղադրանքն է: Մեղադրանք՝ ուղղված բոլորին, այդ թվում՝ նաեւ ժողովրդին:

Իհարկե, ամենահեշտը ժողովրդին մեղադրելն է: Մեղադրել՝ մոռանալով, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր միակ սուբյեկտն այս երկրում, որն առանց տրտնջալու այս երկրին տվել է ամեն ինչ, հենց ժողովուրդն է: Ժողովուրդ, որին երբ ասել են՝ երկրին քո կյանքն է պետք, նա իր կյանքն է տվել, երբ ասել են` պետք է տաս քո մինուճար զավակին, զավակին է տվել, երբ ասել են՝ պիտի հրաժարվես քո եւ հարազատներիդ բարեկեցությունից, նա հրաժարվել է ու հրաժարվել է անտրտունջ, դիմացել է բոլոր զրկանքներին ու փորձություններին:

Այդքանը նա արել է միշտ եւ անում է այսօր: Իսկ գիտենք, որ արել է միշտ, որովհետեւ արցախյան երկու պատերազմ ենք տեսել: Գիտենք, որ անում է հիմա, որովհետեւ տեսնում ենք, որ այսօր, երբ նրան ասում են՝ երկրի սահմանների պաշտպանության համար քսանհինգօրյա հավաքներով պիտի անցնես, նա անտրտունջ սահմանը պահելու է գնում, երբ ասում են՝ վարձերն ենք բարձրացնում, լրացուցիչ տույժ ու տուգանք ենք սահմանում, նա հարմարվում է: Իսկ հարմարվում է, որովհետեւ հասկանում է, որ ծնկած երկիրն այդպես են ոտքի կանգնեցնում: 
Այնպես որ, այս իմաստով, եթե այս ընդդիմությունն ու ընդհանրապես, գալիք բոլոր ընդդիմություններն իրոք ուզում են իրենք իրենց հարգող ընդդիմություն լինեն, ապա ոչ թե պետք է դժգոհեն ժողովրդից, այլ ընդամենը իրենք իրենց փոխեն:

Նույնը վերաբերում է նաեւ Նիկոլին ու իր վարչախմբին: Եթե անգամ այսքանից հետո Նիկոլին ու իր վարչախմբին կթվա, որ այս երկիրն այլեւս չի կարող փոխվել, որ երկիրն իր մեջ ինքն իրեն փոխելու, ինքն իրեն հաղթելու ներուժ այլեւս չի գտնելու, եւ իրենք կարող են հանգիստ երկիրը ղեկավարել «Արցախը տանք, որ Սյունիքը պահենք»-ի տրամաբանությամբ, ապա չարաչար կսխալվեն: Կսխալվեն, քանի որ այս երկիրն ամեն օր ավելի շատ այն երկրին է նմանվում, որը «Սյունիքը չենք տալու, Արցախն էլ հեռանկարում հետ կբերենք»-ի տրամաբանությամբ է ապրում եւ մի օր չի հանդուրժելու «Արցախը տանք, որ Սյունիքը պահենք»-ի կարգախոսով առաջնորդվող իշխանությանը:

Ավելին, եթե նրանց թվում է, թե այս երկիրը չգիտի, որ երկրի հետ պատահածի համար ոչ թե Արեւմուտքը կամ Ռուսաստանը, նախկիններն ու համաշխարհային իրադրությունն են մեղավոր, այլ ոչ թե սկզբում Հայաստանի ներկա իշխանությունները, ապա նախորդները, որոնք անկախությունից ու Արցախը վերամիավորելուց հետո «ինքն իրեն պաշտպանել կարողացող» երկիր չկառուցեցին, որոնք պատերազմից հինգ րոպե պակաս երկիրը «սեւերի ու սպիտակների, հների ու նորերի բաժանեցին», ուրեմն իրենք եւս պետք է հեռանան: Պետք է հեռանան, որովհետեւ այլեւս անցել են գեղեցիկ խոսքերի եւ գեղեցիկ խոսել իմացողների ժամանակները, որովհետեւ գալիս են աշխատելու, հզոր ու արժանապատիվ երկիր կառուցելու եւ կառուցողների ժամանակները:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ