Ինչու հայ մեծահարուստները չեն կարող աջակցել ընդդիմությանը

Ինչու հայ մեծահարուստները չեն կարող աջակցել ընդդիմությանը

Արդեն մի քանի տարի մտածում եմ, թե ինչու հայ մեծահարուստները, ովքեր դժգոհ են գործող իշխանությունից, մի մասը նույնիսկ ստիպված է եղել փախչել Հայաստանից, չեն օժանդակում Հայաստանի ընդդիմությանը, չեն օգնում այն քաղաքական ուժերին եւ խմբերին, որոնք փորձում են Հայաստանն ազատել փաշինյանական վարչախմբից, որը՝ կործանման տանելով Հայաստանը, ի վերջո, կործանելու է նաեւ արդար կամ անարդար ճանապարհով կուտակած իրենց կարողությունը: Նրանք չեն ընդվզում նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությունը բացահայտ հավակնում է խլել իրենց ունեցվածքը`մեքենաներ, տներ, հողատարածքներ, բիզնեսներ, բանկային հաշիվներ: Հայաստանում գտնվողների դեպքում ինչ-որ բացատրություն կա՝ նրանք վախենում են, մտածում են, որ չարժե բարկացնել Փաշինյանին, կարելի է պայմանավորվել` մի բան տալ, մնացածը փրկել, բայց ո՞նց բացատրել արտերկրում թաքնվողների պահվածքը, նրանք էլ հո Փաշինյանից, նրա ապօրինի գույքի բռնագանձման վարչություններից ու հակակոռուպցիոն դատարաններից չե՞ն կարող վախենալ, նրանց վրա այդ մարմինների իրավասությունը չի տարածվում: Գուցե պատճառն ընդդիմության նկատմամբ անվստահությո՞ւնն է՝ մտածում են, որ եթե անգամ փող ծախսեն, օգնեն, միեւնույն է՝ այդ փողն էլ են կորցնելու, իսկ արդյունք, միեւնույն է, չի լինելու: Բայց դա էլ բացատրություն չէ, որովհետեւ մարդն իր էությամբ ունի ինքնապաշտպանության բնազդ եւ ցանկացած պարագայում փորձում է ինքն իրեն պաշտպանել, եթե անգամ պաշտպանության մեթոդները կարող են ոչ արդյունավետ լինել:

Ռուս տնտեսագետ Միխայիլ Խազինը մի տեսություն է առաջ քաշում, ըստ որի՝ խոշոր կապիտալի տերերը, այն չկորցնելու համար, պարտավոր են ծառայել Արեւմուտքին, այլապես նրանց կունեզրկեն: Խազինն ասում է, որ փողի` դոլարի կամ եվրոյի տերն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, եթե այդ փողն ինչ-որ հանգամանքներում հայտնվել է այլ անձանց տնօրինման տակ, նրանց բանկային հաշիվներում, դա դեռեւս չի նշանակում, որ այդ փողը նրանցն է, ցանկացած պահի փողի իրական տերն այն կարող է հետ վերցնել, երբ համարի, որ այդ փողը եւ դրա ժամանակավոր տիրապետողները չեն ծառայում իր շահերին: Որպես օրինակ՝ Խազինը ներկայացնում է ռուսաստանցի միլիարդատերեր Պետեր Ավենին եւ Միխայիլ Ֆրիդմանին: 2022-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակվելուց ընդամենը ժամեր հետո նրանք հեռացան Ռուսաստանից, դատապարտեցին Ուկրաինայի դեմ պատերազմը եւ նույնիսկ տասնյակ միլիոններ նվիրաբերեցին պատերազմից տուժած ուկրաինացիների օգնությանը: Բայց դա նրանց չօգնեց ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներից խուսափելու համար, նրանց ունեցվածքը, որ հիմնականում պահվում էր Մեծ Բրիտանիայում, ենթարկվեց պատժամիջոցների, եւ երբ Պետեր Ավենը Լոնդոնից թռչում էր Լատվիա, որի քաղաքացին է, բրիտանացի ոստիկանների խումբը մոտ 3 ժամ հարցաքննել էր նրան: Այն հարցին, թե ինչու է նա միլիարդավոր ներդրումներ կատարել Արեւմուտքում, Ավենը պատասխանել էր. «Սխալմամբ»։ Միխայիլ Ֆրիդմանն ընդհանրապես ստիպված եղավ վերադառնալ Ռուսաստան, արեւմտյան պատժամիջոցներից ինչ-որ կերպ խուսափելու համար նա տեղափոխվել էր Իսրայել, բայց անցած հոկտեմբերի 7-ից հետո, երբ սկսվեց պաղեստինաիսրայելական պատերազմը, նա հետ գնաց Ռուսաստան: Խազինն ասում է, որ Ռուսաստանում աշխատած միլիարդներն Արեւմուտքում ներդնելը, Ռուսաստանի քաղաքականությունը դատապարտելն ու այդ երկրից հեռանալը չօգնեցին նրանց՝ ապահովելու իրենց կարողությունը, եւ Արեւմուտքը, միեւնույն է՝ սառեցրեց նրանց հաշիվներն ու արգելանք դրեց գույքի վրա, որովհետեւ Արեւմուտքի ուզածն այն չէ, որ մեծահարուստները հակադրվեն իրենց իշխանություններին, այլ կարողանան ուղղորդել իշխանության քաղաքականությունը՝ ապրելով տվյալ երկրում, շարունակեն օժանդակել այդ երկրում արեւմտյան քաղաքական գծի առաջ մղմանը: Ըստ Խազինի՝ Ռուսաստանում կան պաշտոնյաներ եւ օլիգարխներ, ովքեր շարունակում են Ռուսաստանը պահել արեւմտյան լիբերալ քաղաքական գծի մեջ, եւ նրանց նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը մնալու է դրական, եւ որպես օրինակ՝ բերում է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիբուլինային եւ 2011 թվականից ֆինանսների նախարարությունը ղեկավարող Անտոն Սիլուանովին: 

Հայաստանի ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ էր իր բազմամիլիոնանոց կարողությունը տեղափոխել Արեւմուտք, Միացյալ Նահանգներ, բայց դա չօգնեց նրան՝ պաշտպանելու այդ կարողությունը, հակառակը՝ երբ նա զրկվեց իշխանությունից, Միացյալ Նահանգների իշխանություններն արգելանք դրեցին այդ գույքի նկատմամբ՝ ասելով, որ դրա ծագման աղբյուրն իրենց համար կասկածելի է: Երբ Խաչատրյանը ձեռք էր բերում այդ գույքը, մի՞թե այն ժամանակ ԱՄՆ-ում չգիտեին, որ դա չի կարող մաքուր փող լինել, բայց այն ժամանակ Խաչատրյանը Հայաստանում պաշտոնյա էր եւ աջակցում էր արեւմտյան, ամերիկյան շահերի առաջ մղմանը: Կորցնելով պաշտոնը՝ նա այլեւս որեւէ բանով չէր կարող օգտակար լինել ամերիկյան քաղաքականությանը, նրա ուզածն այն էր, որ գնար եւ իր գերդաստանի հետ ԱՄՆ-ում հանգիստ վայելեր կուտակածը, բայց ԱՄՆ-ում համարեցին, որ ավելի ճիշտ է բռնագանձել այդ ունեցվածքը: Ուրիշ բան, եթե նա մնար Հայաստանում եւ շարունակեր ամեն կերպ աջակցել փաշինյանական իշխանությանը՝ թաքուն կամ բացահայտ, այդ դեպքում նա ինչ-որ ֆունկցիա կունենար, ինչ-որ ձեւով օգտակար կլիներ իրենց:

Հայաստանի գործող իշխանությունն արեւմտյան քաղաքական գծի առաջամարտիկն է Հայաստանում, Արեւմուտքն ամեն կերպ աջակցում է գործող իշխանությանը, այդ պատճառով գործող իշխանության դեմ ուղղված ցանկացած քայլ, իշխանությունը տապալելու ցանկացած փորձ անընդունելի է Արեւմուտքի համար: Գործող իշխանության դեմ հիմա պայքարում են մարդիկ, ովքեր կա՛մ զրկված են ֆինանսական ռեսուրսից, այսինքն՝ կորցնելու բան չունեն, նրանց նկատմամբ ֆինանսական սանկցիաներ հնարավոր չէ կիրառել, բայց ֆինանսների բացակայությունն էլ խիստ սահմանափակում է նրանց պայքարի արդյունավետությունը, կա՛մ էլ զբաղված են պայքարի իմիտացիայով`ընդդիմություն են խաղում, իրականում ամրապնդելով Փաշինյանի իշխանությունը:  

Հարուստները ոչ թե իրենք են կառավարում իրենց ունեցվածքը, այլ այդ ունեցվածքն է կառավարում նրանց վարքագիծը, իսկ երբ նրանք փորձում են դուրս գալ այդ ունեցվածքի ենթակայությունից, պարզվում է, որ այդ ունեցվածքն իրենցը չէ, այն ապօրինի է եւ ենթակա է բռնագանձման: Ահա Արեւմուտքի ստեղծած համակարգի ամբողջ գրավչությունը, եւ դա հավասարապես վերաբերում է նաեւ գործող իշխանությանն ու նրա ներկայացուցիչներին: Հիմա նրանք հավատարմորեն ծառայում են արեւմտյան շահերին, եւ Արեւմուտքն աչք է փակում նրանց թալանի վրա, բայց այն պահին, երբ նրանք կորցնեն Արեւմուտքի համար իրենց ֆունկցիոնալ նշանակությունը, նրանց կուտակած հարստությունը միանգամից կդառնա ապօրինի եւ բռնագանձման ենթակա, որքան էլ նրանք խոստանան, որ շարունակում են մնալ արեւմտամետ, կամ երդվեն, որ մինչեւ վերջին բջիջն ու ատոմը ատում են Ռուսաստանին: Փողը կամ դրա հասանելիությունը տրվում է ոչ թե հայացքների կամ երդումների, այլ գործողությունների դիմաց:

Ավետիս Բաբաջանյան