Տասնյակներով ազատվում են ԱԻՆ-ից

Տասնյակներով ազատվում են ԱԻՆ-ից

Տեղեկություն է տարածվել, որ լարվածություն է առաջացել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի և իր կողմից նշանակված նախարարի մամուլի քարտուղար, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանի միջև։ Բանն այն է, որ օրերս աշխատանքից ազատվել է նշած վարչության պայմանագրային 7 աշխատակից, որից հետո նրանք դիմել են Զարգարյանին, որպեսզի նա այդ 7-ից մեկի համար, որը փոխնախարար Արմեն Հարությունյանի ծանոթն է, գրավոր միջնորդագիր ներկայացնի որպես փորձագետ նորից աշխատանքի ընդունելու համար։ 

Էդմոն Զարգարյանը անսպասելի մերժել է միջնորդագիր ներկայացնել, նշելով, որ այդպիսով ստացվում է, որ աշխատանքից ազատվեցին միայն ծանոթ չունեցող պայմանագրայինները, և որ աշխատանքը կորցրած պայմանագրայինների հանդեպ ազնիվ չի լինի նրանցից մեկին կամ երկուսին հետ ընդունելը, և ասել է, որ քանի դեռ ինքը մամուլի քարտուղար է, վարչության ներսում անարդարություն և ծանոթ-բարեկամ չի հանդուրժելու։ 

Էդմոն Զարգարյանի այս «հանդգնությունից» Ֆելիքս Ցոլակյանը հունից դուրս է եկել։ ԱԻՆ աշխատակիցները երբևէ այսպիսի հովանավորչության և թայֆաբազություն, ծանոթ-բարեկամների «շքերթի» ականատես չեն եղել։ Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը, տնօրենի 2 տեղակալները, 5 մարզային վարչությունների պետեր, փրկարար ծառայության մի քանի վարչության պետեր ստորագրահավաք են սկսել նախարար Ֆելիքս Ցոլակյանի ապօրինությունների, հովանավորչության դեմ։ Նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է ստորագրահավաքի մասին։
  
Է․Զարգարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենց վարչությունից յոթ հոգի ազատվել են աշխատանքից, մինչդեռ հերքեց, թե իր եւ նախարարի հարաբերություններում լարվածություն կա։

Ինչ վերաբերում է մեկ աշխատակցի համար միջնորդագիր ներկայացնելուն, նշեց․ «Արմեն Հարությունյանը իմ ծանոթը չի, ես նրան ճանաչել եմ իմ նշանակվելուց հետո։ Բայց Արմեն Հարությունյանը աշխատող ընդունող չի, ոչ նշանակող ա, ոչ ազատող ա, ինչո՞ւ պիտի ես դիմեմ փոխնախարարին»։

Զարգարյանի խոսքով՝ ոչ միայն իրենց վարչությունից, այլ նաեւ այլ վարչություններից են աշխատանքից ազատվում։

Ինչ վերաբերում է պաշտոնյաների կողմից ընդդեմ Ցոլակյանի ստորագրահավաք կազմակերպելուն, մամուլի քարտուղարն ասաց՝ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում․ «Անձամբ ինձ հայտնի չէ, ինձ չեն դիմել ստորագրահավաքի կամ մասնակցության համար։ Ձեր թվարկած մարդիկ աշխատում են։ Ես նման բան չեմ լսել, եթե իմանայի, չէի խուսափի։ Եթե կա նման բան, կիմացվի, բայց ես չեմ իմանում։ Մարդիկ գործի էին եկել էսօր»։