Լու՞րջ ես ասում, Մհեր

Լու՞րջ ես ասում, Մհեր

Կրթական չափորոշիչներից մասնավորապես գրականությանը վերաբերող անդրադարձները և՛ ամենաշատն են, և՛ ամենահետաքրքիրը, և՛, երբեմն, ամենաարտառոցը։

Ահա այդպիսի մի առաջարկ է անում բանաստեղծ, հրապարակախոս Մհեր Արշակյանը։ «Ժամանակակից գրականությունը պետք է դառնա առանձին առարկա»,- լուրջ, առանց հեգնանքի ասում է Մհերն իր մի հրապարակման մեջ («Ժամանակակից գրականություն․ ինչո՞վ այն ուտել», «Մշակութային Հրապարակ»)։ Առաջարկը, իսկապես, թե՛ արտառոց է, թե՛ նաև հետաքրքիր։  Մհերն ընդհանրապես  ընդգծված հակում ունի առ անսովորը, պարականոնը, ոչ ստանդարտը, նաև՝ արտառոցը, նրա գիրը հենց այդ պատճառով է յուրօրինակ ու գրավիչ, և այս նոր հրապարակումն էլ դրա վկայությունն է։ Եվ եթե կարճ ձևակերպենք հեղինակի միտքը՝ օգտվելով իր իսկ վերնագրային ձևակերպումից՝ ժամանակակից գրականությունը պետք է «ուտել» առանձին «ափսեից» կամ «պնակից»՝ իբրև առանձին առարկա։ Քանի որ չափորոշիչների շուրջ ծագած աղմուկը, ինչպես նկատում է Մհերը, վերջնականապես վերածվել է ավագ ու կրտսեր սերնդի գրողների՝ հայրերի և որդիների կռվի, դրանից ազատվելու ելքերից մեկն էլ, թերևս, կարող էր այս առաջարկը լինել, եթե Մհերն իր միտքը չավարտեր է՛լ ավելի արտառոց մի բանով․ «Ժամանակակից գրականությունը պետք է դառնա առանձին առարկա՝ առանձին ուսուցչով»։ Մարդը, ուրեմն, առաջարկում է, որ ժամանակակից գրականությունը մատուցվի ոչ միայն առանձին «ափսեով», այլ նաև առանձին․․․ «մատուցողով», ասել է թե՝  ժամանակակից գրականությունը հանրակրթական դպրոցում պետք է ուսումնասիրվի «առանձին առարկա՝ առանձին ուսուցիչ» ձևաչափով։ Եվ այստեղ է, ահա, որ արտառոցն ավարտվում, սկսվում է զավեշտալին։ Պատկերացնել նույնիսկ դժվար է, թե հայաստանյան բուհերի բանասիրական ֆակուլտետներում ինչպես են մասնագիտորեն «պատրաստվում» ժամանակակից գրականության ուսուցիչները։ Զավեշտն ավելի է խորանում, երբ պատկերացնում ենք, թե ինչպես է, օրինակ, Էդուարդ Հարենցի  ստեղծագործական ժառանգությանը նվիրվում առանձին  դասընթաց, կամ ինչպես է, Մաշտոցից ու Աճառյանից պարբերաբար ներողություն հայցվելով,  մատուցվում «Մարինե Պետրոսյանի պոեզիայի լեզվաոճական առանձնահատկությունները» թեման։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս առաջարկով Մհերը նաև յուրօրինակ գնահատական է տալիս ժամանակակից գրականությանը, խիստ չափազանցված գնահատական, քանի որ առանձին առարկայով ու առանձին ուսուցչով հո հանաք-մասխարությունը չէ, որ պիտի ուսուցանվի։

Իսկ քանի որ Մհերն ինքն էլ ժամանակակից գրականության ներկայացուցիչ է, նրա գնահատականն ինքնաբերաբար դառնում է ինքնագնահատական։

Եվ հենց այստեղ է, որ ես չեմ հասկանում Մհերին․ նա իսկապե՞ս լուրջ է ասում։