Կեցվածք եւ պահվածք

Կեցվածք եւ պահվածք

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սադրանքի հետեւանքով հրահրված միջադեպերի ընթացքում արժանի հակահարված ստացան ոչ միայն թշնամի պետության զինվորական ու քաղաքական ղեկավարները, այլեւ մեր բոլոր այն ներքին ուժերը` իշխանական թե ընդդիմադիր, ովքեր մինչ այդ, ելնելով ներհայաստանյան քաղաքական լարված իրավիճակից, պարբերաբար գուժում էին հայ հասարակության պառակտումը:

Շատ տաքգլուխներ, հուսանք, վերջնականապես հասկացան, որ հասարակության բաժանումը սեւերի եւ սպիտակների կործանարար է, եւ այդ մեծագույն սխալը, որն անընդհատ, իբրեւ իրենց ապօրինի գործողություններն արդարացնող գործիք, շահարկում են իշխանությունները, նույն այդ հասարակությունը խմբագրում է միանգամից եւ առանց հետին նպատակների, առանց այլեւայլ քաղաքական շահախնդրությունների ու հաշվարկների: Հայ հասարակությունը «դրեց» եւ երկու ջնջող անկյունագծով պատմության աղբարկղը նետեց բաժանարարի այդ հիվանդ մտայնությունը, ազգակործան այդ մտասեւեռումը:

Իսկ հուլիսի 12-ից սկսված հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մռայլ համատեքստում երկու լուսավոր կետ, գոնե ինձ համար, փայլատակում են մինչեւ հիմա: Մեկն արցախցի զինվորականների պատրաստակամությունն է` կանգնելու իրենց եղբայրների կողքին: Սա «փոքր» եղբոր ամենահուզիչ, բայց նաեւ ամենաբնական սատարումն է «մեծ» եղբորը: Ուրիշ էլ ինչպե՛ս: Մյուսը, որքան էլ անսպասելի թվա,  միջադեպերի ընթացքում հայ հոգեւորականների կեցվածքն է: Ի տարբերություն բոլոր փուչ խաղաղասիրական հայտարարությունների եւ քաղաքական լղոզումների, ի հակադրություն իշխանությունների` Հայ եկեղեցու դեմ շարունակվող կրթական ոտնձգությունների, հայ հոգեւորականը` քահանա թե եպիսկոպոս, կանգնած է հայ զորականի կողքին: Եվ ինձ համար` իբրեւ շարքային քաղաքացու, մեր նորօրյա պատմությունն առավելապես կերտում է Մովսես գյուղի քահանա Տեր Աբել քահանա Քարտաշյանը եւ ոչ թե, դիցուք, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինձ համար տեղեկատվության աղբյուր է հանդիսանում ոչ թե, դիցուք, ՊՆ մամուլի քարտուղարը, այլ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Ինձ համար հուզիչ եւ անգնահատելի է նաեւ այն աներեր հավատը, որ հայ մարդը տածում է հայ հոգեւորականի խոսքի հանդեպ. էական է, որ հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայ լրագրությունն առավելապես ապավինել էր Մովսես (ի՛նչ խորհրդանշական անուն) գյուղի քահանայի, Տավուշի թեմի առաջնորդի հայրենասիրական կեցվածքին:

Տողերս գրողը, որ բանասեր է եւ, հետեւաբար, փոքրիշատե գիտե բառերի իմաստն ու նշանակությունը, ուզում է շեշտադրած լինել մեր հոգեւորականների կեցվածքը` մեր շատ իշխանավորների պահվածքի դիմաց:

Իսկ մեզ վաղուց եւ ամեն ինչում կեցվածք է անհրաժեշտ, ոչ թե պահվածք: Պահվածք, որի հոմանիշների շարքում, ի դեպ, նաեւ պահ մտնելու-պահվելու իմաստը կա:
Շնորհակալություն, Տեր Հայր Աբել քահանա Քարտաշյան:

Շնորհակալություն, Սրբազան Հայր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան: