Կարող ենք այնպես մտցնել դանակը համապատասխան տեղը, որ սաղ կյանքը չմոռանա․ ավագանու լարված նիստ՝ Ախուրյանում

Կարող ենք այնպես մտցնել դանակը համապատասխան տեղը, որ սաղ կյանքը չմոռանա․ ավագանու լարված նիստ՝ Ախուրյանում

Երեկ բավականին թեժ մթնոլորտում կայացավ Ախուրյան համայնքի ավագանու արտահերթ յոթերորդ նիստը:Բայց ինչպես սպասվում էր, նիստի օրակարգում համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը չդրվեց, այլ քննարկվեցին համայնքին վերաբերող մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերում էին աշնանացանին, ճանապարհների եւ մանկապարտեզների վերանորոգմանը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրությունների արդյունքում «Ախուրյան» դաշինքը ստացել էր 3854, «Հաղթանակ» դաշինքը՝ 2810, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ 6195 ձայն: Օրենքի սահմաններում, երկու ընդդիմադիր դաշինքները միավորվել եւ իրենց վստահված 6664 ձայներով ստանձնել են Ախուրյանի կառավարումը:

Ավելի վաղ գրել էինք, որ Ախուրյանի ավագանու վերջին նիստը չկայացավ, իսկ ավագանու անդամները հրաժարվեցին մեկնաբանել, թե ինչու չկայացավ նիստը, որն աննախադեպ էր լինելու, քանի որ դրվելու էր համայնքապետ Արծրուն Իգիթյանի անվստահության հարցը։ Ուշագրավ է, որ նախաձեռնության հեղինակները հենց համայնքապետի թիմակիցներն էին՝ «Ախուրյան» ու «Հաղթանակ» դաշինքների ավագանու անդամները, որոնք  շաբաթներ առաջ ստորագրահավաք էին կազմակերպել եւ մտադիր էին առաջիկա նիստին ՀՅԴ-ական համայնքապետին անվստահություն հայտնել՝ համայնքապետի պաշտոնում առաջադրելով  մեկ այլ ՀՅԴ-ականի՝ փոխհամայնքապետ Կարեն Արշակյանի թեկնածությունը: Իգիթյանի թիմակիցները սցենար էին մշակել նրան անձեռնմխելի դարձնելու համար:

ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Իգիթյանին անվստահություն հայտնելուց հետո, դեմ են քվեարկում Կարեն Արշակյանին, որից հետո Իգիթյանը կշարունակի պաշտոնավարել ևս մեկ տարի։ Սակայն մինչ գործող համայնքապետի թիմակիցները նրան անձեռնմխելի դարձնելու պլան են մշակում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործուն քայլեր է ձեռնարկում․ օգտվելով ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 3-րդ կետից, նրանք նույնպես առաջադրել են իրենց համայնքապետի թեկնածունին՝ Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ-ական անդամ Զավեն Մանուկյանին: ՔՊ-ականները համայնքում իշխանափոխության են գնում, ինչին ձգտում էին Արծրուն Իգիթյանի ընտրվելու պահից, սակայն չէին հաջողում։

Նշենք, որ օրերս տեղեկություն ստացանք, որ համայնքապետ Արծրուն Իգիթյանին թիմը լքելու դիմում են ներկայացրել ավագանու 3 անդամ՝ Սամսոն Հովհաննիսյանը, Արիստակես Չալոյանը եւ Մանուկ Առաքելյանը։ Մեր աղբյուրը վստահեցրեց, որ նրանք ոչ թե մանդատն են վայր դնում, այլ ցանկություն են հայտնել գործել  որպես անկախ ավագանի՝ չհարելով որևէ քաղաքական ուժի:

Երեկվա ավագանու նիստին Իգիթյանին դիմում ներկայացրած Սամսոն Հովհաննիսյանը անակնկալ կերպով ձայն խնդրեց եւ հայտարարեց, թե ինքը թիմը չի լքում: «Իմ  անունից ավել-պակաս բաներ են խոսել, տարբեր լուրեր են տարածել և հիմա հարկ եմ  համարում պարզաբանել, որ ես  ընտրվել եմ  «Ախուրյան» դաշինքով ,  իմ թիմից չեմ հեռացել»,-ասաց նա։ Ավելին, Հովհաննիսյանը համայնքապետ Արծրուն Իգիթյանին խնդրեց թույլ տալ կրկին միանալ «Ախուրյան» դաշինքին, ինչին ի պատասխան՝ Իգիթյանն ասաց․ «Խնդիր չեմ տեսնում»։

Սամսոն Հովհաննիսյանի այս ելույթին հաջորդեց ՔՊ-ական ավագանու անդամ  Կարեն Ներսիսյանի անակնկալ պոռթկումը, որը չգիտես ինչու՝ հարկ համարեց հիշեցնել, որ իրեն ոչ ոք չի կարող զոռով նիստի բերել, եկել է, քանի որ աշնանացանի ցորենի հարցն է քննարկվելու։

«Նիստից առաջ ինչ-որ համայնքի ղեկավարներով հավաքվել են, պարծեցել են, թե ․․․․, էդպես տղա չկա, որ նիստ դնի, մեզ էլ զոռով բերի, ու  թույլ տա ասելու՝ թե չգան, դանակը կմտցնեմ համապատասխան տեղերդ։ Էդ ասողին ես կասեմ՝ մենք կարող ենք այնպես մտցնել դանակը համապատասխան տեղերդ, որ սաղ կյանքներդ չմոռանաք»,-վրդովված ասաց ավագանու ՔՊ-ական անդամը։ Որքան էլ համայնքապետը հորդորեց չափավորել բառապաշարը, Ներսիսյանը չհանդարտվեց, շարունակեց խոսակցությունն՝ այլ ուղղությամբ տանելով․

«Նորից եմ կրկնում՝ ժողովրդի համար ենք եկել, որ իր ցորենի փողը ստանա։ Երկրորդը՝ եթե էստեղ հասել է այն բանին, որ մարդկանց կանչում եք, դիմում գրել տալիս՝ դուրս եկեք, չգիտեմ ինչ արեք, կասեմ՝ էստեղ չկա էնպիսի մարդ, որը դիմում գրել տա, դուրս հանե։ Եթե չգիտեք՝ էդ մարդկանց սաղին ընդունել եք փողով, երբ որ փողերը հետ տվեցիք, նոր կարող եք ասել՝ դուրս ելեք գործից։ Կարող է՝ պարոն Իգիթյանը չիմանա, բայց մարդիկ կան, որ գիտեն ինչի դիմաց են գործի ընդունել, ում բերած ոսկեղենը ում կնգա վիզն է գցած։ Բերանս բացել մի տվեք, հանգիստ նստեք տեղերդ էս քանի օրը»,-հայտարարեց նա։ Համայնքապետ Արծրուն Իգիթյանն ավագանու անդամի այդ հայտարարությունը համարեց  հաղորդում՝ հանցագործության մասին , եւ հույս հայտնեց, որ  իրավապահները կարձագանքեն դրան, իսկ ինքն անձամբ կօգնի։ «Աշխատանքի ես եմ ընդունել, և միանշանակ հայտարարում եմ, որ որևիցե մեկը չի կարող իմ հասցեին նման հայտարարություն անել»,- ընդգծեց նա։ 

Լարված խոսակցությունից հետո ավագանին անցավ հարցերի քննարկմանը, ինչը համեմատաբար մեղմ մթնոլորտում անցավ։

Հավելենք նաև, որ Ախուրյան համայնքի ավագանին մեկնեց արձակուրդի, իսկ հաջորդ նիստը կկայանա սեպտեմբեր ամսին, ինչը նշանակում է, որ առաջիկայում համայնքապետի անվստահություն հայտնելու հարց դեռևս չի քննարկվելու։