«Պատառիկներ» շարք. Վանո Սիրադեղյան

«Պատառիկներ» շարք. Վանո Սիրադեղյան

Արամ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Պատառիկներ» շարքից առանձնացրել եմ Վանո Սիրադեղյանի վերաբերյալը․
ՀՀՇ վարչությունում ինչ-որ հարց քվեարկության դրվեց: Ինը կողմ էին, ինը՝ դեմ: Որպեսզի խնդիրը փակուղուց դուս գա, տարեցներից «Երեկոյան Երևան»-ի խմբագիր Կամո Վարդանյանը, որն սկզբում կողմ էր, վերջին պահին դեմ քվեարկեց: Դարձավ տասը՝ ութի դեմ: Վանոն, տեսնելով իր առաջարկը չի անցնում, տեղից ելավ.
-Սրանց սերունդը… Ոչ սկզբունք ունեն, ոչ Աստված, -ու ընդմիջում հայտարարեց:
***
Մի կին գլխովին տարված էր Խաչիկ Ստամբոլցյանով:
-Խաչիկը Հայաստանի սիրտն է, մեր խիղճը, -հիացքը չթաքցնելով՝ մի օր ասաց:
Վանո Սիրադեղյանը չկարողացավ լեզվին փականք դնել.
-Հո՞ «Ղարաբաղ» կոմիտեի կույր աղիքն է:
-Է՛ր, -խնդմնդաց Ստամբոլցյանը:
***
ՀՀՇ երկրորդ համագումարը կազմակերպող խմբում գեղեցիկ սեռի ներկայացուցիչ կար: Հավաքներից մեկում Վանոն դիտողություն արեց.
-Կին կա, բարեկիրթ եղեք, վարչության նիստերի բիրտ տոնը մոռացեք:
Կամո Վարդանյանը  հեգնեց.
-Հլա տեսեք ով է բարեկրթությունից խոսում:
***
Բարբկեն Արարքցյանենց տանը ընթրիքի սեղանի շուրջ տարիքից խոսք բացվեց, ով՝ որ թիվ է: Ռոբերտ Քոչարյանը, Աշոտ Մանուչարյանը, ևս մի քանիսը, պարզվեց, հիսունական թվականների ծնունդ են: Վանո Սիրադեղյանը չհամակերպվելով՝ ձայնեց Արարքցյանի տիկնոջը.
-Կարինե, խոխեքին առանձին սեղան գցիր:
***
Արկադի Մանուչարովին /արցախցի գործիչ/, որ նոր էր դուրս եկել բանտից, հրավիրել էին ՀՀՇ վարչության նիստին: Ձայն խնդրելով՝ երախտիքի խոսք հղեց ընտրողներին, տվեց Սախարովի, Ստարավոյտովայի անունները: Կամո Վարդանյանը դիտողություն արեց, թե դարձյալ նման առիթներ լինելու դեպքւմ սկզբում թող ժողովրդից շնորհակալ լինի: Մանուչարովը չընդունելով սխալը՝ պնդեց, իբր, ժողովրդի անունը հնչեցրել է, ընդսմին՝ սկզբում:
Կամո Վարդանյանը չընկրկեց.
-Ես ուշադիր լսել եմ:
Միջադեպը սպառնում էր վեճի փոխվել: Միջամտեց Վանոն.
-Դրա համար, ընկեր Մանուչարով, հայերեն պիտի խոսել, որ մարդիկ հասկանան:
-Գնա քեզ ընկեր գտիր, -Կամոն ծխախոտ վառեց, -մի ռուսերեն էլ իմանա:
***
Համբարձում Գալստյանը հեռախոսահամարները մտապահելու բացառիկ ձիրք ուներ, և շատերն էին հարկավոր պահին նրա օգնությանը դիմում: Վանո Սիրադեղյանը նման մի դեպքից հետո ափսոսանքով նկատեց.
-Համբոն չափերով փոքր լիներ, գրպանումս պահեի:
***
Կամո Վարդանյանը կամենում էր նիստի ժամանակ գնալ ծխելու /վարչության պատասխանատու քարտուղար Մանուշակ Պետրոսյանն էր չծխելու կարգ սահմանել/: Տեր Հուսիկ քահանան, որ Վանոյի վատառողջության պատճառով, որպես նախագահի տեղակալ, վարում էր օրվա նիստը, արգելեց: Կամոն մթնդած՝ լռեց: Օգնության հասավ Սիրադեղյանը.
-Տարիքն առած մարդ է, «ջուր թափելու» է գնում, թող․․․
***
Լևոն Տեր Պետրոսյանը հոգնած էր. Գերագույն Խորհրդի նախագահի լարված աշխատանքային օրվա ավարտից հետո վարչության նիստերին թեկուզև շարքային անդամի կարգավիճակով մասնակցությունը նրա համար ծանր էր: Առժամանակ նստելուց հետո, թե՝
-Թույլ տվեք գնամ:
Նիստը վարող Վանոն միջոց չտվեց.
-Շուտ պիտի գնայիր. երկու նախագահ մի նիստում շատ է:
 ***
Նորաստեղծ Հատուկ գունդը նեղության մեջ էր /լուծված չէին սննդի, գույքի, կոյուղու ու էլի զանազան հարցեր/: Առաջարկվեց ՀՀՇ վարչության անդամ պատգամավորներից խումբ կազմել՝ վիճակը տեղում պարզելու, այնուհետ լուծումներ գտնելու: Ի թիվս այլոց, տրվեց Կամո Վարդանյանի անունը: Վանո Սիրադեղյանն առարկեց.
-Հասկացող մարդ է պետք:
***
Վանո Սիրադեղյանը փողկապով էր:
-Խեր լինի, ի՞նչ է պատահել, -այս ու այն կողմից հարցրին:
-Կազմակերպված Շարժում չե՞նք դառնում, -հարցին հարցով պատասխանեց:
Ի ԼՈՅՍ ՀԱՆԳԻՑԷ»։