Ինչ իրավիճակ է դպրոցներում՝ համավարակի հետ կապված 

Ինչ իրավիճակ է դպրոցներում՝ համավարակի հետ կապված 

Թեպետ ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունները չգնացին սահմանափակումների՝ համավարակի թվերի աճով պայմանավորված, բայց հանրակրթական դպրոցներից շատերում համաճարակային պատկերը սուր է, մինչեւ անգամ դասարաններ են փակվում եւ անցնում հեռավար ուսուցման։ Այս առումով  նախարարությունը իրավիճակային լուծումների հնարավորություն տվել է դպրոցներին: Այսինքն` եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության, մինչեւ իրավիճակը փոխվի, եւ նորից անցում կատարվի առկա ուսուցման։ 

Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի տնօրեն Մարինե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համեմատած մյուս դպրոցների հետ, իրենց մոտ իրավիճակը լավ է։ «Մեզ հրահանգված բոլոր սահմանափակումները պահում ենք եւ չունենք այնպիսի հիվանդներ, որ դպրոց փակվի, մի վարակված աշակերտ ունեինք, որի ողջ դասարանն անցավ հեռավարի»,- ասում է նա ու նշում, որ այս պահին միայն այդ դասարանն է, որ հեռավար ուսուցում է իրականացնում։ 

Ինչ վերաբերում է ուսուցչական կազմին, ապա «մի ուսուցիչ ունեմ, որն ամսի 3-ից աշխատանքի չի ներկայանում, քանի որ թեստ էր հանձնել, եւ դրական էր եկել արդյունքը։ Իրեն այս պահին փոխարինում են»,- ասում է տնօրենն ու հավելում, որ խստորեն պահպանում են հակահամաճարակային կանոնները, անգամ նախարարությունից եւ տեսչությունից ստուգումներ են իրականացրել, եւ ամեն ինչ եղել է ինչպես որ հարկն է։ «Մուտքի մոտ ջերմաչափվում են թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները, կողմնակի մարդկանց մուտքն արգելում եմ»,- ասում է դպրոցի տնօրենը, ում, սակայն, չի հաջողվել խուսափել համավարկից․ «Ամռանը ես հիվանդացա շատ ծանր, դրա համար անընդհատ վերահսկում ենք իրավիճակը միջանցքներում, նույնիսկ օր է լինում՝ իմ աշխատասենյակ չեմ հասցնում մտնել։ Ամեն ինչ անում ենք, որ հանկարծ նորից դպրոցները չփակվեն»։    

Երեւանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ այս շրջանում 545 աշակետ ունեցող դպրոցը վարակակիրներ չունի, բայց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ արձակուրդ էին գնացել եւ հեռավար ուսուցում էին իրականացնում, բավական ուսուցիչներ վարակվեցին եւ առողջացան։ «Մեր դասարանները կես-կես են գալիս, որովհետեւ 20-ից ավել աշակերտներ ունենք դասարաններում»,- ասում է փոխտնօրենը։  

«Այսօր լուր ստացանք, որ մի աշակերտ 11-րդ դասարանից վարակվել է, բայց այդ երեխան շփվել է եւս 7-8 երեխայի հետ, որոնք համարվում են կոնտակտավոր, հիմա այդ երեխան հսկողության տակ է թե՛ մեր կողմից, թե՛ ազգային կենտրոնի»,- ասում է Երեւանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանն ու նշում, որ շատ ուշադիր են անձնակազմի հանդեպ․ «Նույնիսկ, երբ մի թեթեւ վատ են եղել, գլխացավ են ունեցել, այդ ուսուցիչներին չենք թողել, որ մտնեն դպրոց, ասել ենք՝ ավելի լավ է գնացեք տուն»։ Տնօրենը հավելում է, որ առայժմ հեռավարի անցնելու խնդիր չունեն, բուժքույրն ամեն օր դասասենյակներում ջերմաչափում է իրականացնում։

«Շատ դժվար է, բայց անում ենք ամեն ինչ՝ ախտահանում, ջերմաչափում, դիմակներ ենք կրում։ Այս պահի դրությամբ շնչառական հիվանդությունների մի քանի դեպք կա, այսօր բացականերն էլ մի քանի հատով շատ էին, հիմա դրանք էլ են բժշկուհու միջոցով հսկվում»,- ասում է Արարատի մարզի Այգավան գյուղի Գառնիկ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Ավետիսյանը, ով հիվանդության վերջին դեպքերը կապում է սեզոնային գրիպի հետ։ Ըստ նրա, եղել են ամիսներ, որ իրավիճակն ավելի է սրվել։ «Դեկտեմբեր ամսին մի 10-15 ուսուցիչ հիվանդացավ, դժվարությամբ, բայց նրանց փոխարինողներ գտանք, ահավոր վիճակ էր, բայց հաղթահարեցինք։ Բոլորս էլ հակված ենք, որ առկա ուսուցում լինի, հեռավարը դժվար է, ուսուցման մակարդակն անմիջապես ընկնում է»,- ասում է դպրոցի տնօրենն ու նկատում, որ, ի տարբերություն դպրոցի, դպրոցից տուն եւ տնից դպրոց ճանապարհն իրենց վերահսկողությունից դուրս է մնում, հատկապես՝ գյուղերում․ «Բայց դե, գյուղում որ մի դեպք լինում է, մենք անմիջապես իմանում ենք եւ այդ ընտանիքի անդամին մեկուսացնում ենք, թույլ չենք տալիս դպրոց գա եւ հեռավար ենք կազմակերպում ուսուցումը տվյալ երեխայի հետ»։ 

«Այս պահին դպրոցում ունենք 12 կիսվող դասարան, որոնք խմբերով են գալիս, ու բոլոր աշակերտները մեկ-մեկ են նստում դասասենյակում, եւ պատկերացրեք, որ հեռավորությունն ամբողջությամբ պահպանում ենք, բայց, օրինակ, այսօր բուֆետի աշխատանքն արգելեցի, թեպետ մեկ ամիս էր արդեն՝ կար աշխատանքի թույլտվություն»,- ասում է տնօրենն ու հավելում, որ դասամիջոցներին դուրս չգալու արգելքը հանվել է, եւ երեխաները, թեկուզ դիմակներով, միեւնույն է, շփվում են միմյանց հետ․ «Մի քիչ հակասություններ կան այս կանոնների հետ կապված, որը ժամանակի ընթացքում, հուսանք, կշտկվի, որովհետեւ ինչքան էլ մենք դպրոցում հսկենք, բայց երեխաները ճանապարհին, տանը շփվում են իրար հետ»։ Տնօրենը նշում է, որ օրական մոտ 200 դիմակ են բաժանում աշակերտներին։      

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Հովսեփյանն ասում է, որ այս շրջանում վարակակիրներ չունեն, միայն՝ կոնտակտավորներ․ «Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, չունենք բացականեր, 403 երեխա ունենք եւ ընդամենը 13 բացակա, հիմնականում սեզոնային գրիպի հետ են կապված դեպքերը։ Երեւի ամենածանրը ես եմ տարել, օգոստոսին եմ վարակվել, Նորքի ինֆեկցիոնում պառկել եմ, չեմ հաճախել դպրոց եւ մի կերպ փրկվեցի, փառք Աստծո՝ այդ ընթացքում ոչ մեկի չեմ վարակել»։