Պետք է հարցնել, թե ինչո՞ւ է ոստիկանությունը երկու տարի «փայփայել» ապօրինությունը․ Լիդիանի իրավաբան 

Պետք է հարցնել, թե ինչո՞ւ է ոստիկանությունը երկու տարի «փայփայել» ապօրինությունը․ Լիդիանի իրավաբան 

Այսօր առավոտյան Լիդիանը հեռացրեց Ամուլսարի տարածքում արդեն երկու տարի տեղակայված ակտիվիստների վագոն-տնակները։ Ոստիկանությունը որեւէ կերպ չէր միջամտել, իսկ ոստիկանության մարզային վարչության պետը տեսանյութերից մեկում մեկնաբանում էր, որ տարածքը իրավական տեսանկյունից պատկանում է Լիդիանին։ Հատկանշական է, որ երկու տարի այդ տարածքում տեղակայված էին տնակները, բայց ոստիկանությունը նոր է որոշել, որ տարածքը պատկանում է Լիդիանին։ Իրադարձությունների շուրջ մեր հարցերին պատասխանում է Լիդիան Արմենիայի իրավաբանական գծով պատասխանատու Խորեն Նասիբյանը։

-Պարոն Նասիբյան, ինչո՞ւ երկու տարի նման քայլի չդիմելուց հետո, ոստիկանությունը այսօր նման քայլի գնաց։ Ի՞նչ պահանջներ է ներկայացրել Լիդիանը եւ ի՞նչ պայմանավորվածություն կա։

- Գիտեք, ինձ, թե' որպես իրավաբանի, թե' որպես Հայաստանի քաղաքացու հարցադրումն ինքնին զարմանալի է թվում։ Այսինքն, երկու տարի երկրի խոշոր ներդրողի ելքն ու մուտքը ապօրինի շրջափակել են մի խումբ մարդիկ, ու հանրությունը փոխանակ հարցնի, թե ինչո՞ւ է ոստիկանությունը երկու տարի, կներեք, «փայփայել» այս ապօրինությունն իրականացնողներին, հիմա հարց ենք տալիս, թե ինչո՞ւ է ոստիկանությունը օրենքը կիրառել։ Իսկ ի՞նչ հիմնավորմամբ, ո՞ր օրենքով չէր կիրառում մինչեւ հիմա։ Այ այս հարցը պետք է տալ։ Եվ երկրորդ, ես ուժի կիրառում չեմ տեսել։ Ես այսօր վերջին 2 տարում, որպես եզակի դրսեւորում Ամուլսարում, տեսել եմ, որ ոստիկանությունը գոնե չի խոչընդոտում Լիդիան Արմենիա ընկերությանը, իր ուժերով վերացնելու իր տարածք կատարած ներխուժումը։ Լիդիանի պահանջները երկու տարի է նույնն են՝ վերականգնել օրենքը, պաշտպանել աշխատելու բոլոր իրավունքներն ունեցող ընկերության օրինական գործունեությունը։ 

- Ակտիվիստները պնդում են, որ դա Լիդիանի տարածքը չէ, նույնիսկ Ջերմուկի ոստիկանության ղեկավարի գրությունն ունեն։ 
 

-Ջերմուկի ոստիկանության ղեկավարը Լիդիանին բոլոր հիմքերը տվել է ոստիկանության դեմ մի քանի հայց ներկայացնելու, ինչը եւ արել ենք։ Կա դատարանի որոշում, ու փորձագիտական եզրակացություն՝ վագոն տնակները գտնվում են Լիդիանի տարածքում։ Ավելին, դատարանի որոշումը հստակ է` ապօրինի են եւ' տնակների տեղակայումը, եւ' Լիդիանի մուտքը խոչընդոտող անձանց գործողությունները։ Եվ վերջապես, գիտեք, մինչ մենք քննարկում ենք, թե տնակները 5 մետր այս կողմ կամ այն կողմ պետք է լինեն, փաստն ինքնին երկրի համար ցավալի է։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ օրինական ներդրում արած միջազգային ընկերության տարածք մի խումբ մարդիկ կարող են անարգել բերել տեղադրել ինչ-որ ժանգոտ տնակներ՝ մայրուղու երկայնքով, դրանք հռչակել «պոստեր», վրան դնել Հայաստանի դրոշներ, 2 տարի այդ տնակներում ենթադրաբար օղի խմելով (նկարները իրենք են տեղադրել սոցցանցերում), ապօրինություն անել, անունը դնելով բնապահպանական պայքար։ Դուք նման բան որեւէ զարգացած երկրում պատկերացնո՞ւմ եք։ 

-Զարգացած երկրներում էլ են պիկետներ ու բողոքներ անում։

-Զարգացած երկրներում որեւէ մեկի իրավունքները եւ օրենքը ոտնահարող ցանկացած ապօրինություն անմիջապես կանխվում է, նույնիսկ պիկետները, եթե դրանք խախտում են այլոց իրավունքները։ Չեք գտնի նման օրինակ ոչ մի զարգացած երկրում։ Ես, անկեղծ, ամաչում եմ, որ մենք այդ առումով հայտնվել ենք ոչ ամենանախանձելի երկրների շարքում։ 

- Լավ, ենթադրենք տնակները հեռացվեցին, բայց չէ՞ որ համայնքը կարող է շարունակել խոչընդոտել ձեր մուտքը։ 

-Իսկ դուք այնտեղ համա՞յնք եք տեսել։ Ապօրինություն իրականացնող 20 կամ ենթադրենք նույնիսկ 50 մարդը համա՞յնք են։ Այդ ո՞ր օրենքով է որոշվում, որ այդ մի քանի տասնյակ անձը իրավունք ունի մնացած 5 հազար բնակչի փոխարեն որոշելու, թե իրենք որտեղ իրավունք ունեն աշխատելու։ Վստահեցնում եմ ձեզ, որ այդ համայնքի իրական ժողովուրդը սպասում է աշխատանքների վերսկսվելուն։ Եվ եթե ոստիկանությունը չիրականացնի իր ուղղակի գործառույթը՝ չբռնի ապօրինություն իրականացնող խմբակի ձեռքը, ապա իրական ժողովրդի եւ այդ խմբակի միջեւ ցանկացած բախումների ու իրավիճակի սրվելու ողջ պատասխանատվությունը կընկնի իրավապահ մարմինների վրա։