Խոսել կենսաթոշակի բարձրացման մասին ուղղակի զարհուրելի է

Խոսել կենսաթոշակի բարձրացման մասին ուղղակի զարհուրելի է

ՀՀ իշխանությունը եւ հատկապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը վերջին ամիսներին շարունակ խոսում են կենսաթոշակների այն չնչին բարձրացման դեմ, որը տեղի է ունենալու հուլիսի 1-ից: Ինչպես ասում են` 3 հազար դրամի ավելացումը թոշակառուների քթից բերեցին, այնքան երեսով տվեցին: Իսկ ինչ է տալու այդ 3 հազար դրամը տարեց մարդկանց, որոնք 30-40 հազար դրամ կենսաթոշակ են ստանում: Մի երկրում, որտեղ քննիչ-դատախազները 600 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ են ստանում, նախարարները 1-ից 2 միլիոն դրամ, անբարոյականություն է ողջ կյանքը աշխատած ու կենսաթոշակի գնացած մարդուն 35-40 հազար դրամ տալը եւ գլուխ գովելը, թե` թոշակ եմ բարձրացրել: Ավելին` վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակն ու պարենային զամբյուղը հավասարվել են: Այսինքն` 35 հազար դրամ ստացող մարդը սննդի խնդիր չունի` լիարժեք սնվում է այդ գումարով: Նկատենք, որ խոսքը ոչ թե նվազագույն զամբյուղի մասին է, որի մեջ մտնում են նաեւ հոսանքի, հագուստի եւ այլ ծախսեր, այլ միայն սննդի:

«Նվազագույն զամբյուղի արժեքն այսօրվա դրությամբ` անկախ վիճակագրական կոմիտեի կողմից անցկացվող մեթոդաբանությանը, շատ ավելի բարձր է: Անկախ այդ ամենից պետք է ֆիքսենք, որ փոքր ինչ բարձրացել են կենսաթոշակները` մի քանի հազար դրամով, սակայն մյուս կողմից պետք է փաստենք, որ գնաճը կատաստրոֆիկ դիրքերի է հասել: Հայաստանում գնաճն անկառավարելի է դարձել, այժմ խոսել կենսաթոշակի բարձրացման մասին, զարհուրելի է» - «Հրապարակի» հետ զրույցում նշում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին: Տնտեսագետի պնդմամբ` կենսաթոշակի մասին կուրծք ծեծելն ուղղակի իմաստ չունի, քանզի հասարակության տնտեսական վիճակն անհամեմատ վատացել է. «Սպառողական զամբյուղը, եթե դիտարկենք առաջին անհրաժեշտության ապրանքների գներով, ապա ուղղակի այս մասին խոսելն ավելորդ կդառնա», - նշում է Բոստանջյանը: 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր հետևյալը. «Հայաստանում շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում՝ նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին և պիտի ընդգծեմ, որ կենսաթոշակի անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգից օգտվողների համար այն նաև անցել է նվազագույն սպառողական զամբյուղը»: