Դա ավագանու նիստ էր, որի մասին պետք է պարտադիր տեղեկացվեինք, հրավիրվեինք

Դա ավագանու նիստ էր, որի մասին պետք է պարտադիր տեղեկացվեինք, հրավիրվեինք

«Հրապարակի» զրուցակիցը Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամ, իրավապաշտպան Նարե Արամյանն է:

- «Ազգային առաջընթացը» մասնակցելո՞ւ է ավագանու առաջիկա նիստերին: Կա՞ այս մասով հստակեցում:

- Այո, մեր ողջ խմբակցությունը գնալու է քաղաքապետարան և աշխատելու է:

- Տարբեր ուժեր անցան ավագանի: Անգամ այնպիսի ուժեր, որոնք հայհոյելուց և զազրախոսելուց զատ ոչինչ չեն արել իրենց գործունեության ընթացքում: Ինչ պատկեր ունենք, ինչ կարծիքի եք ավագանու կազմի մասին:

- Եթե, իհարկե, սա կարելի է պատկեր համարել…. բացարձակապես այս պատկերը չի արտացոլում երևանցու ընտրության իրական պատկերը: Այսօր ի՞նչ ունենք` ունենք փոքրամասնության ձայներով ընտրված քաղաքապետ: Կան քաղաքական ուժեր, որոնք ներկայանում են ընդդիմադիր, սակայն չունեն անգամ ընդդիմադիրի կեցվածք: Հույս ունեմ, որ նման քաղաքական ուժերը կարող են դարձի գալ, այսպես ասած, և ծառայել իրենց քվե տված քաղաքացիներին:

- Ազնի՞վ է, երբ որոշները ներկայանում են ընդդիմադիր, սակայն Ավինյան են ընտրում, բացահայտ աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին:

- Առհասարակ իշխանությանն արդարացնող ընդդիմությունն անտրամաբանական է և չի կարող համարվել ընդդիմադիր: Նմանները չունեն ոչ մի արդարացում: Նրանց արդարացնել փորձողները դա անում են միտումնավոր, «ազնվագույն» մղումներից դրդված:

- Երևանում կա՞ն խնդիրներ, որոնք կարևորում եք, թե՞ Դուք ևս այն կարծիքին եք, որ Հայաստանում առկա մարտահրավերներն ավելի կարևոր են այսօր:

- Կարծում եմ, որ կարևոր և երկրորդական խնդիրները շաղկապված են: Դրա չգիտակցումն է մեզ այս վիճակին հասցրել: Մեր հայրենակիցները ցեղասպանությունից մազապուրծ են եղել, բայց մայրաքաղաքն այստեղ ևս շատ անելիք ունի: Ցավալի է, որ այն ծրագրերը, որոնք փորձել ենք սկսել դեռ 2018 թվականին, պետք է կյանքի կոչենք հիմա: Մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կարող էինք թեթևացնել, եթե ժամանակին որոշ քայլեր արվեին: Երևանը չի կարող հեռանալ քաղաքական խնդիրներից և «ձեռքերը լվանալ», մեկուսանալ: Պետք է ակտիվ դերակատարում ունենանք թե արցախցիների տեղավորման, թե աշխատանքի ապահովման և թե կրթական, սոցիալական, իրավական հարցերում:

- Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության օրը քաղաքապետարանի դռները փակվեցին լրագրողների առաջ: Որպես իրավապաշտպան ի՞նչ գնահատական կտաք դրան: Լրագրողների առաջ դռներ փակելը հարի՞ր է ժողովրդավար երկրին:

- Ես ուղղակի կասեի` ամոթ, բայց մենք մի հրաշալի բառ ունենք` խայտառակություն: Լրագրողի առաջ դռներ փակելն ուղղակի խայտառակություն է: Ես լրագրող ընկերներ ունեմ, նրանց ասացի, որ մեր թիմի մի քանի տեղերը զիջում ենք լրագրողներին, թող մտնեն և իրենց աշխատանքն իրականացնեն, նաև մեզ իրազեկեն` չիրազեկված նիստի մասին: Ստացվում է, որ այդ մարդիկ արդեն ոչ մեկին ուշադրություն չեն դարձնում: Ընդդիմադիր կլինես, լրագրող կլինես, թե ՀԿ-ի ներկայացուցիչ, դա այս իշխանությունների համար մեկ է: Ի վերջո` շատերս պայքարել էինք ժողովրդավարության համար և հույս ունեինք, որ 2018-ին այն կյանքի կկոչվի: Լրագրողին սահմանափակելը որևէ արդարացում չունի, չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Այս «գեղարվեստական» լուծումները որևէ կերպ ընդունելի չեն և չի կարելի Տիգրան Ավինյանի երդմնակալության «գեղագիտական» մաս համարել: Շատ ապաշնորհ միջոցառում էր: Հույս ունեմ, որ նման դեպքերը չեն մոռացվի և լրագրողների աշխատանքը չի խոչընդոտվի: Մենք անգամ տեղյակ չենք եղել, թե ինչ է կատարվել այդ օրը: Իշխանականները փորձում են ճեպազրույցով արդարանալ, բայց դա ոչ մի կապ չունի երդմնակալության հետ: Գուցե ինչ-որ մի լրագրող ցանկանում էր ներսից նկարել քաղաքապետարանի շենքը, դա ո՞ւմ է վերաբերում: Լրագրողն ինքն է որոշում ինչ նկարել, քաղաքապետարանը չէ որոշողը:

- Դուք հրավիրվա՞ծ էիք երդմնակալության արարողությանը:

- Ոչ: Դա նախ և առաջ ավագանու նիստ էր, որի մասին պետք է պարտադիր տեղեկացվեր: Հասկանալի է, թե ինչու մեր խմբակցությունը հրավիրված չէր:

- Կա՞ որոշում` ո՞ր նիստերին մասնակցել, ի՞նչ թեմաների և ծրագրերի համար:

- Այս դեպքում չկա թեմատիկայի հարց: Բոլոր թեմաներն էլ մեզ համար կարևոր են: Մենք բոլոր ուղղություններով պայքարելու ենք` ի շահ մեր բնակչության: Այստեղ խնդիրը միայն մեր ընտրողին գոհացնելը չէ, մենք չենք ընտրվել միայն մեզ քվե տված քաղաքացիների խնդիրները լուծելու համար: Կան խնդիրներ, որոնք կարևոր են մեզ համար և խոսելու ենք դրանց մասին: Այնպիսի ռազմավարական ծրագրեր ենք առաջարկելու, որոնք կարող են քաղաքը զարգացնել: Փակագծեր չբացեմ: