Я про Ивана, они про болвана

Я про Ивана, они про болвана

ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել  համալսարանի  հանրային ծառայության մասնագետ Կարեն Հեքիմյանի ՝ «Հրապարակ» թերթում տպագրված հոդվածի վերաբերյալ․

«2019 թ. սեպտեմբերի 19-ին «Հրապարակ» օրաթերթի թիվ 167 (2690) համարում հրապարակված ՙԵՊՀ-ում իրականացվում է իրավական աճպարարություն՚ վերտառությամբ հոդվածում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ

2019 թ. սեպտեմբերի 19-ին «Հրապարակ» օրաթերթի թիվ 167 (2690) համարում ԵՊՀ ներկայացուցիչ ներկայացող՝ ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը հրապարակել է «ԵՊՀ-ում իրականացվում է իրավական աճպարարություն՚ վերտառությամբ հոդված, որտեղ փորձել է մեկնաբանել ԵՊՀ-ում աշխատանքային հարաբերությունների փաստաթղթային ձևակերպումների իրավաչափությունը և անդրադարձել է փորձաշրջանի սահմանմանը: Մինչդեռ  հոդվածագիրը ներկայացրել է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկատվություն՝ փորձելով հանրությանը մոլորեցնել և Մայր բուհի 100-ամյակի տոնական միջոցառումների նախաշեմին արատավորել ԵՊՀ-ի համբավն ու հեղինակությունը:
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.

ԵՊՀ-ում աշխատանքի ընդունումը, այլ աշխատանքի տեղափոխումը, աշխատանքային հարաբերությունների դադարեցումն իրականացվում են ՀՀ աշխատանքային օրենսդրության, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ ՀՀ օրենքի, աշխատանքային հարաբերությունները կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ:

ԵՊՀ-ում աշխատում են ինչպես անորոշ ժամկետով, այնպես էլ որոշակի ժամկետով, համատեղությամբ, ժամավճարային հիմունքներով, ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով աշխատողներ և ծառայությունների մատուցման պայմանագրերով գիտահետազոտական աշխատանքներ կատարող անձինք: 

ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողներն աշխատանքի են անցնում որոշակի ժամկետով (մինչև 5 տարի), մրցութային ընտրությամբ, ինչը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջն է:

Նույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 8-րդ մասերի համաձայն՝ բուհում մրցութային ընտրությամբ, որոշակի ժամկետով (5 տարի) աշխատանքի են անցնում նաև ռեկտորը, մասնաճյուղի տնօրենը, ֆակուլտետի դեկանը և ամբիոնի վարիչը:

Մրցութային ընտրությամբ, որոշակի ժամկետով են համալրվում նաև գիտական համակազմի թափուր պաշտոնները:

ԵՊՀ-ում մրցութային ընտրությամբ պաշտոններ զբաղեցնող աշխատողների համար փորձաշրջան չի սահմանվում, քանի որ այդ ընթացակարգով աշխատանքի ընդունվողների համար փորձաշրջան սահմանելու արգելքը նախատեսված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

ԵՊՀ վարչական, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական համակազմերում նախատեսված են որոշակի աշխատանքներ, որոնք կատարող աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները սահմանվում են անորոշ ժամկետով: 

Միաժամանակ կան աշխատանքներ (պաշտոններ), որոնք կատարող աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները սահմանվում են որոշակի ժամկետով, քանի որ դրանք կրում են ժամանակավոր բնույթ, կամ աշխատանքը կատարվում է համատեղությամբ, կամ այդ հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով:

Այս տարրակարգերի աշխատողների համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչև 3 ամիս ժամկետով փորձաշրջան սահմանվում է միայն առաջին անգամ աշխատանքի ընդունվելիս (այլ աշխատանքի (պաշտոնի) տեղափոխվելիս), որի նպատակը նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելն է: Նույն պաշտոնում պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելիս աշխատողի համար կրկնակի փորձաշրջան երբեք չի սահմանվել:

Նման պայմաններում, ակնհայտ է, որ հոդվածագրի այն դիտարկումը, թե իբրև ՙԵՊՀ-ում կա 50 տարվա աշխատակից, որի հետ 50 անգամ կնքվել է նույնաբովանդակ պայմանագիր և այդ աշխատողը 50 անգամ անցել է եռամսյա փորձաշրջան՚ (բառացի մեջբերված է (հոդվածից), մերկապարանոց պնդում է և բացահայտ սուտ»,- ասված է ԵՊՀ պարզաբանման մեջ։

Կարեն Հեքիմյանին խնդրեցինք մեկնաբանել ԵՊՀ պարզաբանումը իր հոդվածի վերաբերյալ․

««Պարզաբանում» որպես այդպիսին գոյություն չունի, քանզի պարզաբանումն ենթադրում է որոշակի ձևաչափ: ԵՊՀ հիմնադրամի պարզաբանումը ներկայացված է հին հայտնի ռուսական ասածվածքի ձևաչափով, այն է՝ «Я про Ивана, они про болвана»: Այլ կերպ բնութագրել «պարզաբանումը» անհնար է: Համենայնդեպս «պարզաբանման» 12 պարբերություններից առաջին 10-ը ասածիս վառ արտահայտությունն են:
 «Պարզաբանման» վերջին 2 պարբերություններից 1-ը, ըստ որի. «Նույն պաշտոնում պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելիս աշխատողի համար կրկնակի փորձաշրջան երբեք չի սահմանվել», բացահայտ սուտ է, քանզի նման դեպք հենց ինձ հետ է եղել: Կից ներկայացնում եմ ինձ վերաբերող, իրար հաջորդող թվով 3 հրաման, որոնք ապացուցում են այն հանգամանքը, որ անձամբ ես, աշխատելով ԵՊՀ-ում 1.5 տարի, ունեցել եմ 3 փորձաշրջան:

Եվ վերջապես, «պարզաբանման» վերջին պարբերության մասին: Ուրեմն, 2000թ մի քրեական գործով, որպես տուժողի ներկայացուցիչ, դատավարության էի մասնակցում: Անբաստանյալը մեղադրվում էր խարդախության մեջ, ընդ որում վերջինս իր խարդախ գործունեությունն իրականացնում էր բացառապես Երևանի երկաթգծի կայարանի շրջակայքում: Անբաստանյալն ընդունում էր, որ խարդախ է: Իմ ելույթում, անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, շփոթվեցի և հանցագործության վայրը՝ կայարանի շուկայի փոխարեն, ԳՈՒՄ-ի շուկան նշեցի: Անբաստանյալը ջղաձգվեց և բառացի ասաց, որ «ամեն ինչի հետ համաձայն եմ, սակայն խարդախությունն իրականացրել եմ ոչ թե ԳՈՒՄ-ի շուկայում, այլ կայարանի շուկայում»: Դատարանի դահլիճում բոլորը, այդ թվում դատավորը, ծիծաղեցին: Այսինքն, մարդը ընդունեց, որ խարդախ է, սակայն ընդվզեց խարդախության վայրի սխալ մատնանշման դեմ: Հիմա, ԵՊՀ հիմնադրամն է՝ ՙպարզաբանման՚ վերջին պարբերությամբ ասում են, որ իմ այն դիտարկումը, թե «ԵՊՀ-ում կա 50 տարվա աշխատակից, որի հետ 50 անգամ կնքվել է նույնաբովանդակ պայմանագիր և այդ աշխատողը 50 անգամ անցել է եռամսյա փորձաշրջան» սուտ է: Լավ, ենթադրենք 49 կամ 52 տարվա աշխատող է: Դրանից ի՞նչ է փոխվում: Երևույթը կամ կա, կամ չկա: Անձամբ իմ օրինակով, ապացուցելի է, որ կա:

Մի շատ կարևոր հանգամանքի մասին ևս: Այդ հանգամանքը չկա «պարզաբանման» 12 պարբերությունների մեջ: Խնդիրը «պարզաբանման» հեղինակի անվանման մեջ է: Ուրեմն, «պարզաբանման» հեղինակը՝  «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ անվանմամբ ինչ-որ մեկն է: Հասկանալի է, որ «պարզաբանումը» իրական հեղինակ ունի, որը թաքնվում է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ անվան տակ: Կարծում եմ, որ դա ճիշտ չէ, քանզի անհասկանալի է, թե ով կամ ովքեր են ՙպարզաբանման՚ հեղինակները:

Մասնավորապես, ես համոզված եմ, որ «պարզաբանման» հեղինակ չեն կարող հանդիսանալ ԵՊՀ աշխատակիցները, ուսանողները, որոնք ԵՊՀ հիմնադրամի հիմքն են կազմում: Ամեն դեպքում, լավ կլիներ, որ «պարզաբանման» տակ ստորագրեր այն մարդը, որը իսկապես համոզված է «պարզաբանման» ճշմարտացիության և վերջինիս ձևաչափի ճիշտ ընտրության վրա: 

Կարեն Հեքիմյան ԵՊՀ ներկայացուցիչ

ՀԳ. 2018թ ԵՊՀ հիմնադրամն ինձ լիազորեց հանդես գալ ԵՊՀ –ի անունից բոլոր պետական, տեղական ինքնակառավարման, դտական ատյաններում, ինչպես նաև բոլոր հիմնարկներում և կազմակերպություններում: Լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով և, հետևաբար ուժի մեջ է մինչև 2021թ: Ես մինչ այսօր որևէ մեկի կողմից պատշաճ չեմ ծանուցվել լիազորագրի դադարեցման կամ չեղարկման մասին: Այդ իսկ պատճառով, շարունակում եմ ներկայանալ որպես ԵՊՀ ներկայացուցիչ»։