Մենք «Պլան Բ» էլ ունենք, «Գ» էլ ունենք, «Դ» էլ ունենք․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Մենք «Պլան Բ» էլ ունենք, «Գ» էլ ունենք, «Դ» էլ ունենք․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հարցազրույց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ

-Պարոն Սաղաթելյան, վարչապետի պաշտոնից հրաժարական տված Նիկոլ Փաշինյանը երեկ առաջին քվեարկությամբ չընտրվեց վարչապետ։ Գո՞հ եք այդ փաստից։

-Ընդհանրապես, խորհրդարանի` արտահերթ ընտրության գնալու հանգամանքը պայմանավորված էր հանրային ճնշմամբ։ Այսինքն՝ էն, ինչ նախաձեռնեց Հայրենիքի փրկության շարժումը, և անցնող վեց ամիսներին ինչ կատարվում էր փողոցում, դա տեղի ունեցավ հանրային ճնշմամբ և փողոցի ժողովրդական ճնշման տակ։ Անշուշտ, նա դա փորձում էր ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում, բայց բոլորս գիտենք, որ էդպես չէ։ Իսկ բավարարված լինելու մասին՝ մենք բավարարված կլինենք էն ժամանակ, երբ այս իշխանությունը հեռացած լինի։ 

-Ելույթները լսո՞ւմ էիք Փաշինյանի, նա արդեն բացահայտ հակահարձակման է անցել և ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդում է ձեզ վրա։

-Տեսեք, ինքն օրակարգ չունի, խոսելու նյութ չունի, ինքն առաջիկայում, ինչպես նախորդ երեք տարվա մեջ, կրկին խոսելու է նույն թեմաներից, նույն օրակարգով, նույն ղժղժոցով, նույն հիստերիկ շարժումներով, որը ոչինչ մեր պետությանն ու ժողովրդին չի տվել և չի տալու։ Էս ա էս մարդու օրակարգը, որն արդեն զզվելի է, անտանելի է, հոգնեցնող է, և ՀՀ քաղաքացիներն արդեն ակնհայտ գիտեն՝ ում հետ գործ ունեն։

-Դուք վեց ամիս շարունակ պայքարում էիք, որ հեռացնեիք նրան վարչապետի աթոռից, հիմա գնում եք նրա վարչապետությամբ ընտրություններին։ Սա ինչպե՞ս կբացատրեք, ո՞վ է սրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն։

-Մենք գնում ենք ընտրությունների և այդ ընտրությունը դիտում ենք իբրև նրան հեռացնելու միջոց։ Այո, փողոցով մենք չենք կարողացել հեռացնել այս չարիքի կառավարությանը, բայց դա չի նշանակում, որ այլևս բոլոր միջոցները սպառված են։ Կոնկրետ Դաշնակցությունն ամեն ինչ արել է, առաջին գծով կռիվ տվել է, որպեսզի այս չարիքի կառավարությանը հեռացնի։ Ունեցել ենք բացթողումներ, սխալներ, այսինքն՝ մի բան ինչ-որ տեղ ճիշտ չի եղել, որ այսօրվա այս չարիքի կառավարությունը գոյություն ունի։ Մենք չկարողացանք համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի։ Դա ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ։ Ամեն դեպքում, շարժման հիմնական դերակատար կուսակցությունները որոշել են մասնակցել այս ընտրություններին, և ես վստահ եմ, որ եթե այն ճանապարհով չկարողացանք, այս ճանապարհով կհեռացնենք այս իշխանություններին։ Եվ եթե չլիներ Հայրենիքի փրկության շարժումը, հիմա արդեն Նիկոլը Սյունիքի կեսը տվել էր թուրքերին, էլ չեմ ասում՝ նաև Հայաստանի մյուս մարզերում ևս գնացել էր զիջումների։

-Կարծում եք՝ դո՞ւք եք կանխել այդ պրոցեսը։

-Այո և ոչ միայն դա։ Էն հանրային ճնշումը, որ տեղի է ունեցել, էն հարցերն ու պրոբլեմները, որ բարձրաձայնվել են մեր կողմից, և ամեն անգամ բոլոր սխալները բարձրաձայնել ու դրանց հետևից գնացել ենք, դա ևս զսպել է այսօրվա չարիքի կառավարությանը։

-Կարծում եք՝ Փաշինյանը, որ այսօր գնալով էլ ավելի է ձեր վրա բարձրացնում տոնայնությունը, վախենու՞մ է ձեզանից և ձեր շարժումից, կամ մարդ, որ այս ամիսներին չկանգնեց որևէ բանի առջև ու տվեց՝ ինչ հնարավոր է, ու անում է այն, ինչ ցանկանում է, ընդդիմությունի՞ց պետք է վախենար։

-Ոչ թե վախենում է, այլ սարսափում է, սարսափում է իր իշխանությունը կորցնելուց։ Եվ իր այս վերջին շրջանի պահվածքը դրա վառ ապացույցն է։ Ես հասկանում եմ, որ ինքն առաջիկա ընտրություններին փորձելու է ամբողջ պետական ապարատը, լծակներն օգտագործի իր վերարտադրման համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ դա թույլ չտալու։

-Արդյոք ունե՞ք «Պլան Բ», թե ինչ եք անելու, եթե չհաղթեք այս ընտրություններում, և Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի հրաշքով վերարտադրվի վարչապետի պաշտոնում։

-Մենք չհաղթելու մասին չենք մտածում, մենք համոզված ենք, որ այս ընտրություններին հաղթելու ենք, որովհետև չենք պատկերացնում որևէ իրավիճակ, որ մեր հասարակությունը կարող է գնալ և քվեարկել, որպեսզի կապիտուլյանտ իշխանությունը ձևավորի մեծամասնություն։

-Փաստորեն, չունեք «Պլան Բ»։

-Մենք «Պլան Բ» էլ ունենք, «Գ» էլ ունենք, «Դ» էլ ունենք։ Այս փուլում գնում ենք հենց առաջին փուլով սրանց հեռացնելու ճանապարհով։ Այն քաղաքացին, որը Նիկոլին բերել է իշխանության, հենց էդ նույն քաղաքացին պետք է գա և հեռացնի իշխանությունից։

Մանրամասն՝ տեսանյութում