Նիկոլախոսության հետեւանքները

Նիկոլախոսության հետեւանքները

Գնացինք, մասնակցեցինք ՀՀԿ եւ ՀՅԴ երիտասարդների կազմակերպած ակցիային՝ ՀՀ ԱԳՆ-ի, այնուհետեւ նաեւ ՀՀ կառավարության շենքերի մոտ: Այնպես էլ չէր, որ երիտասարդներին «առանց հսկողության» էին թողել վերոնշյալ կուսակցությունների ավագները: Վերջիններիս խիստ հայացքների ներքո երիտասարդները, բնականաբար, շատ ավելի զգոն էին իրենց արտահայտություններում եւ հայտարարություններում: Բավականին ճաշակով էին ընտրվել նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նվերները, պատճառաբանված եւ հիմնավորված:

Արժե, կարծում եմ, հիշատակել նաեւ ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքի մասին: Օրենքի պահապանները տեղում էին ակցիայի մեկնարկից դեռ շատ առաջ, ընդ որում՝ թե՛ ԱԳՆ շենքի մոտ եւ թե՛ ՀՀ կառավարության տան առաջ: Շարքով, կարգով… Տրամադրություններն էլ վատ չէր երեւում: Սկզբում մտածում էի, որ ակցիան առանց հրմշտոցի, առանց իրար բրթբրթելու չի անցնի, բայց, լավ էր, ամեն ինչ իր չափի մեջ էր: Ծանրակշիռ ելույթներ ունեցան նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, հիշեցինք առանձին ուսապարկերի, ինչու ոչ՝ նաեւ Նիկոլին, որպես ստեղծված վիճակի գլխավոր մեղավորի ու պատասխանատուի: Իսկ ակցիայի միտք բանին այն էր, որ կառավարության եւ իշխող վերնախավի ուղեղին հասցվեր մի հասարակ բան՝ հայ ժողովուրդը երբեք կողմ չի եղել թրքացմանը եւ հատկապես համաձայն չէ, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը քննարկման հարց է: Իսկ որպեսզի ո՛չ հայ ժողովուրդը թրքանա եւ ո՛չ էլ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ակցիայի մասնակիցները պահանջում էին մեկ բան՝ այս իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: «Առանց Նիկոլ Հայաստան»-ն էր գլխավոր կարգախոսը:
Երբ երթով ԱԳՆ-ից հասանք կառավարության տուն, այնտեղ արդեն մարդիկ էին հավաքվել, բնականաբար՝ բողոքավորներ, ինչպիսիք միշտ կան, երբ ներսում կառավարության նիստ է լինում:

Այդ մարդիկ սկզբում դժգոհեցին մեր երթից, թե սրանք որտեղի՞ց հայտնվեցին ու բարձրախոսներով խլացրին իրենց բողոքի ձայնը: Բայց դա երկար չտեւեց, եւ բողոքավոր հանրության առանձին կղզյակները շուտով խառնվեցին ակցիային՝ լսելով Նիկոլին՝ ոչ, Արարատ Միրզոյանին՝ ոչ, Հայաստանի թրքացմանը՝ ոչ, Արցախի ադրբեջանացմանը՝ ոչ վանկարկումները: «Մի տնից չէինք, բայց մի հալի էինք»,- ասում է ժողովրդական խոսքը: Ու այդպես մեզ համար ակցիա էինք անում, մեկ էլ իմացանք, որ կառավարության շենքից ինչ-որ մի պիսր իջել է ներքեւ եւ մեզ նախազգուշացրել, որ բարձրախոսի ձայնը խանգարում է կառավարությանը նիստ անել:

Մեզ էլ այդպիսի մի բան էր պետք, որ ավելի ոգեւորված ու բարձրախոսներից ավելի բարձր վանկարկեինք մեր պահանջները: Հատկանշական էր, որ մեր այդ անհնազանդությունը ոչ մի կերպ չազդեց ոստիկանության տրամադրության վրա: Մտածեցի՝ հատուկ հրահանգ ունեն՝ ականջներն ու աչքերը փակել մեզ վրա եւ չմիջամտել: Դա կարելի էր նաեւ առաջընթաց համարել ոստիկանության համար, եթե, իհարկե, կարելի է մտածել, որ ոստիկանները, առհասարակ, ունակ են առաջընթաց ապրելու: Ինչեւէ, ոստիկանները փայլուն էին կատարում իրենց առաջադրանքը՝ հսկել կառավարության տան գլխավոր եւ մնացած մուտքերը, խոչընդոտներ չստեղծել ակցիայի մասնակիցների նկատմամբ, չտրվել ոչ մի սադրանքի, եթե անգամ լսվեն Նիկոլի եւ կառավարության հասցեին անցանկալի, ընդհուպ տհաճ վանկարկումներ:
Բայց Թումանյանն ի՞նչ է ասել, հիշո՞ւմ եք.
Դե մարդիկ երբոր կռիվ են անում,
Մեջտեղ փըլավ չեն իրար բաժանում…

Մենք, իհարկե, կռիվ չէինք անում, բայցեւ կառավարության դեմ մեր արածը աջակցության ակցիա չէր: Լավ էլ խիստ խոսքեր ասացինք: Եվ պատկերացրեք, թե որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ իրենց հավ ու ճիվի հարցով կառավարության շենքի մոտ հավաքված բողոքավոր մարդիկ սկսեցին անել վանկարկումներ, որոնք մեկին մեկ կրկնում էին թե ոչ վաղ անցյալում ժողջանի վարչապետի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները, այլեւ որպես այդ նույն ժողջանի անձնական բառապաշարի արդյունք ձեւավորված թեւավոր խոսքերը: Ավելի առարկայական եթե ասեմ՝ «բ… տ»-ից սկսած մինչեւ «թափ տամ»: Ստիպված եղա կողքիս կանգնած կնոջը դիմել. «Լավ, ինչպե՞ս կարելի է, կին եք, վերջապես, «թափ տալս» ո՞րն է»: Պատասխանը ցնցող էր, բայց, հազար ներողություն, այստեղ հրապարակելու համար՝ անհնար:

Եվ ուրեմն ակցիան շարունակվում էր ոստիկանների անվրդով եւ պրոֆեսիոնալ պահվածքի ներքո: Դա ինձ ստիպեց բավականին հեռուն գնացող հետեւություններ անել: Դե, ես ոստիկաններից շատերին նաեւ դեմքով եմ ճանաչում, տեսել եմ նրանց «գազազած» գործողությունները, իմ բաժին քաշքշոցները, բայց այդ օրը, թույլ տվեք ասել, նրանք ինձ զարմացրին: Ակնհայտորեն աճել էին, բթությունն անհետացել էր դեմքներից: Իսկ գուցե պատճառը ակցիայի բովանդակությո՞ւն էր՝ «ոչ Հայաստանի թրքացմանը», «ոչ Արցախի ադրբեջանացմանը», «ոչ Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանություններին»: Մի՞թե սա էր զգաստացրել մեր ոստիկաններին… Իսկ գուցե զգաստացել էին կառավարության տանը նիստ անողնե՞րը եւ չէի՞ն համարձակվել ոստիկաններին «ֆաս» հրաման տալ: Չեմ կարող հստակ պատասխանել: Այդ ակցիայից հետո իմ գլխում հիմա ամեն ինչ խառնված է: