Կենցաղային խտրականությունները պետք չէ նույնացնել պետության քաղաքականության հետ

Կենցաղային խտրականությունները պետք չէ նույնացնել պետության քաղաքականության հետ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

- Ռուս-ուկրաինական պատերազմից հետո արեւմտյան շատ երկրներում ռուս ժողովրդի, ռուսազգի անձանց դեմ արշավ է սկսվել: Մարդկանց բացահայտ հալածում են ազգային պատկանելության համար` պատճառելով տարատեսակ անհարմարություններ: Այս ամենը չի՞ հակասում արեւմտյան արժեքներին: Ի վերջո, Արեւմուտքը մարդու իրավունքների ջատագովն է եւ հավասարության եւ օրենքների սկզբունքն է միշտ առաջ մղել:

- Ռուսաստանն այսօր միջազգային հանրության կողմից ճանաչվել է ագրեսոր: Ուկրաինացի ժողովրդի պատերազմը գնահատվում եւ դիտարկվում է միջազգային հասարակության կողմից որպես արդար պատերազմ: Կա սեւ ու սպիտակի բաժանումը, որտեղ ՌԴ-ն, ինչպես նաեւ ռուս ժողովուրդը, ըստ էության, հանդես են գալիս այդ բացասական համատեքստում: Կենցաղային մակարդակով, իհարկե, ցանկացած մարդու իրավունքների խախտում իրավունքի խախտում է: Եվրոպական պետությունները, ինչպես նաեւ արեւմտյան այլ երկրներ, բնականաբար, որպես պետական ապարատներ՝ կանգնած են նմանօրինակ երեւույթները կանխելու պատրաստակամությամբ:

- Բայց ինչպե՞ս: Մարդիկ փաստացի տարատեսակ խտրականությունների հետ են առերեսվում:

- Անհնար է մարդկանց համատարած ինչ-որ բան արգելել: Ժամանակավոր է դա, կանցնի: Ռուս ժողովուրդն այսօր դրսեւորումներ է ցուցաբերում, թե իբրեւ դեմ է պատերազմին: Այն ռուս քաղաքացիները, որոնք այսօր Հայաստանում են կամ Վրաստանում, կամ մեկ այլ երկրում, դրանք, ըստ էության, պուտինյան ռեժիմից փախստականներն են: Այդ մարդկանց նկատմամբ խտրական դրսեւորում ցուցաբերելը սխալ է, քանզի նրանք դեմ են պատերազմին: Նրանք, ովքեր կողմ են պատերազմին եւ առհասարակ Պուտինի ռեժիմին ու քաղաքականությանը, այսօր Ռուսաստանում են: Իրենց տեղը Ռուսաստանն է: Իրենց առաջնորդը կոչ է արել հավաքվել եւ պայքարել:

- Այնուամենայնիվ, փաստացի ռուս ժողովուրդը, որը կապ չունի քաղաքական իրադրության հետ, Արեւմուտքում բազում հալածանքների է ենթարկվում: Սրանից կարելի է ենթադրել, որ Արեւմուտքն իր որդեգրած սկզբունքներից հրաժարվում է:

- Արեւմտյան պետությունները որեւէ օրենսդրական ակտ, որեւէ իրավական կարգավորում, որը թույլ կտա մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերել, չի ընդունել: Եթե մենք քարոզչությունից մի պահ վերանանք եւ գործնականում հասկանանք էությունը, ապա կտեսնենք, որ կան պետություններ, որոնք հռչակել են մարդկանց հավասարությունն օրենքի առաջ: Դա է հենց եվրոպական արժեք կոչվածը: Եվրոպական գլխավոր արժեքը մարդկանց հավասարությունն է: Կենցաղային մակարդակով դրսեւորումներ, որոնք կարող են մարդկանց միջեւ տեղի ունենալ, պետք չէ նույնացնել պետության քաղաքականության հետ: Պետության քաղաքականության մասին կխոսենք միայն այն ժամանակ, երբ կտեսնենք, որ այդ պետություններն իրենց օրենսդրական կարգավորումներում ցուցաբերում են խտրականություն, ինչ-որ ազգային, քաղաքական կամ գաղափարական ասպեկտներում: Դեռեւս նման բան չկա: Կա բացասական վերաբերմունք՝ ուղղված Ռուսաստանի գործողություններին, կա բացասական վերաբերմունք ռուս ժողովրդի լոյալ եւ չեզոք դիրքորոշման համար: