Քանի որ Սասուն Միքայելյանը Վանատուրում էր բնակվում, քաղաքապետը բնակիչների հետ չուներ

 Քանի որ Սասուն Միքայելյանը Վանատուրում էր բնակվում, քաղաքապետը բնակիչների հետ չուներ

Քաղաքացի Վանիկ Կարապետյանը փորձում է ընդունել ծնողներից մնացած ժառանգական գույքը, սակայն համապատասխան մարմինների՝ արխիվի, քաղաքապետարանի ոչ բարեխիղճ աշխատանքի հետևանքով  ընկել է բազմաթիվ քաշքշուկների մեջ։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Վանիկ Կարապետյանի փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը։ 

«Վանիկ Կարապետյանը՝ վստահորդս, երկրորդ կարգի հաշմանդամ է՝ զրկված է մեկ ոտքից: Շուրջ վեց տարի է Վ . Կարապետյանը փորձում է ընդունել ծնողներից մնացած ժառանգական գույքը, սակայն համապատասխան մարմինների՝ արխիվի, քաղաքապետարանի ոչ բարեխիղճ և ինչու չէ անփույթ աշխատանքի հետևանքով նա ընկել է բազմաթիվ քաշքշուկների մեջ։ Նշեմ, որ դեպքը  տեղի է ունեցել նախկին իշխանությունների օրոք և այս ամենը խճճված պատմության է վերածվել: Քանի որ ժառանգության ընդունման վերաբերյալ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են եղել, նա ստիպված դիմել է իր իրավունքների դատական պաշտպանությանը: Սակայն այստեղ էլ գործի քննության ընթացքում անհասկանալի ճանապարհով հայտնվել է հարևան, ով գործում ներգրավվել է սկզբում որպես երրորդ անձ, ապա պատասխանող, դրանով իսկ խճճել գործը և արհեստածին դժվարություններ ստեղծել: Արդյունքում դատարանի կողմից սույն գործի վարույթը կարճվել է՝ իբրև թե այն դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով։

Նշեմ, որ հայցը դատարան է ներկայացվել դեռևս 2014 թվականին, սակայն քննությունն ավարտվել է 2018 թվականին։ Այսինքն շուրջ չորս տարի քննվել է դատարանում: Իհարկե դատական ակտը բողոքարկվել է, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ ստորադաս դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչը բավարար հիմք է հանդիսացել վիճարկվող դատական ակտը բեկանելու համար: Այժմ գործը գտնվում է քննության նախապատրաստական փուլում, և քննարկվում է այն հարցը, թե հարևանն ինչ կապ կարող է ունենալ անձի՝ տվյալ դեպքում Վանիկ Կարապետյանի կողմից ժառանգության ընդունման վերաբերյալ գործի քննության հետ»,- պատմեց փաստաբանը։ 

Վանիկ Կարապետյանի դուստրը՝ Ալվարդը, մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց հոր դեպքից։ 

«Բանն այն է, որ 2013թվականին հայրիկս ուզեց, որպեսզի իր հոր ունեցվածքը իրեն որպես ժառանգություն ձևակերպվի։ Մինչև այդ չի դիմել, քանի որ այնպես է, որ գյուղի կեսը իրենց հայրիկներից հետո ժառանգություն չեն ձևակերպել։ Պապիկս մահացել է 1987 թվականին։ Հայրիկս ուզեց այսպես անել, որպեսզի հետո ինքն էլ կարողանա այդ ժառանգությունը փոխանցել իր տղային։ Հայրիկիկենք չորս եղբայր են, մի քույր, հայրս ամենափոքրն է երեխաներից։ Հայրիկս ապրել է տատիկիս և պապիկիս հետ՝ իր հորական տանը, պապիկիս հայրիկս է պահել։ Ժառանգություն ասելով նկատի ունեմ պապիկիս տունը՝ իր հողամասով։ Այն գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքաքում՝ Վանատուրում։ Ամբողջ խնդիրն այն է, որ 2013-ին հայրս ուզեց իր հոր ունեցվածքը իր անունով ձևակերպի։ Նա դիմեց քաղաքապետարան, քաղաքապետարանից ասեցին տան վկայական, փաստաթղթեր ներկայացրու, սակայն չկար, չունեինք։ Թե ինչ էր եղել չգիտենք, իրանց տանից կորել էին դրանք։ Հետո քաղաքապետարանից ասեցին՝ գնացեք արխիվ, արխիվից տեղեկություններ բերեք։ Հայրս դիմել է արխիվ, բայց այնտեղից նրան ոչ մի տեղեկություն չեն տրամադրել։ Ասել են՝ արխիվը այրվել է, փաստաթղթերն էլ այրվել են, ոչ մի բան չի պահպանվել, խոսքը Հրազդանի արխիվի մասին է։ Հետո դիմում է քաղաքապետարան, ասում է, որ ինձ արխիվից թղթեր չեն տրամադրում։ Քաղաքապետն էլ, որը հորս շատ լավ ճանաչում էր, ասել է, որ փաստաթղթեր չլինելու դեպքում օրենքով նախատեսված է , որ պետք է սեփականության 0․04 հեկտար հողատարծք ձևակերպվի, այսինքն՝ կոնկրետ սեփականության այն հատվածը, որտեղ հենց տունն է կառուցված։ Քաղաքապետը խաբում է պապային, ասում է՝ քանի որ գյուղ է, արի սենց անենք, հետո մի երկու ամսից կգաս էն մնացածն էլ կմիացնենք, դու արդեն կդառնաս ամբողջ տարածքի տերը։ Խոսքը կրկին 2013 թվականի մասին է, այն ժամանակ քաղաքապետը Արամ Դանիելյանն էր, էլ Հրազդանի քաղաքապետը չի, հեղափոխությունից հետո իրեն հանեցին։ Հետո նորից գնացինք արխիվ ասեցինք՝ մեզ թուղթ տվեք, որ ոչ մի թուղթ չի պահպանվել։ Էդ ժամանակ արխիվի տնօրենը ժապավենավոր մատյանները բերել տվեց, որտեղ գրված էր, որ Վ․ Կարապետյանը ունեցել է 0․09 հեկտար հող։ Էդ  տեղեկանքը տվեց մեզ, մենք տարանք նորից ներկայացրինք քաղաքապետարան, ասեցինք՝ հես է, այստեղ 0․09 է, ինչու եք 0․04 տրամադրում։ Քանի որ պատգամավոր Սասուն Միքայելյանը Վանատուրում էր բնակվում, քաղաքապետը Վանատուրի բնակիչների հետ չուներ։ Նա «Հանրապետական» կուսակցությունից էր և կար կուսակցական տարբեր կռիվներ։ Քաղաքապետը պապային ասում է, որ արդեն էլ չի լինի ինչ-որ բան անել, պետք է դիմես դատարան։ Դիմել ենք դատարան՝ տարածքը ամբողջությամբ ստանալու պահանջով, հորս փաստացի ժառանգ ճանաչելու հիմքով։ Զուգահեռ դիմել ենք նաև, որպեսզի 0․04 հեկտարը, որը տվել է քաղաքապետարանը, անվավեր ճանաչվի, անվավեր ճանաչվի կադաստրի տված վկայականը»,-ասաց Կարապետյանի դուստրը։ 

Նրա խոսքով՝ հարևանի՝ Արտավազ Մարտիրոսյանի հետ ևս խնդիրներ են ունեցել։ «Արտավազդ Մարտիրոսյանը Վ․Կարապետյանի անմիջական հարևանն է։ Կա ցանկապատ, որը նրա և Վ․Կարապետայնի տները միմյանցից բաժանում են։ Մարտիրոսյանը դիմում է քաղաքապետարան, որպեսզի այդ ցանկապատը վերանորոգի, վերակառուցի, քաղապետարանը դա նրան անել թույլատրում է։ Ցանկապատը հարևանին է պատկանում, բայց դրա մի մասը ժամանակին կառուցել է Վ․ Կարապետյանը։ Քաղաքապետը Մարտիրոսյանին թույլատրում է, որ կառուցի 40 սմ, սակայն նա հաշվի չառնելով օրենքը՝ կառուցում է 80 սմ, այն դեպքում, երբ որոշման մեջ գրված է, որ միայն վերակառուցում պետք է լինի։Այս հարցով էլ ենք դիմել դատարան՝ որպես ածանցյալ պահանջ, որ Մարտիրոսյանը քանդի ցանկապատի այն հատվածը, որը ինքը կառուցել է ապօրինաբար, քանի որ այն կառուցվել է Վ․Կարապետյանի հողամասի մեջ։ Մի խոսքով 2014թվականին դիմեցինք դատարան հորս փաստացի ժառանգ պահանջելու, քաղաքապետի տված 0․04 հեկտարը անվավեր ճանաչելու, կադաստրի վկայանը անվավեր ճանաչելու համար։ 2014 թվականից 4 տարի այս դատը շարունակվում է ու էս հաշմանդամ մարդուն չարչարում են։ Դատավոր Խաչիկյանի որոշումով հարևանը՝ Մարտիրոսյանը, երրորդ անձնից դառնում է պատասխանող։ Խաչիկյանը կաշառված դատավորներից է։ 2018 թվականին նա վճիռ է կայացնում գործը կարճել, քանի որ, ըստ իրեն՝ դատարանի քննությանը ենթակա չէ, առաջին ատյանի քննությանը ենթակա չէ։ Հիմա եթե ենթակա չէ, էս հաշմանդամ մարդուն հենց սկզբից թող ասեին էս մասին, սխալ տեղ ես դիմում, ուրիշ տեղ դիմի։ Իսկ հարևանի մասով հայցը թողում է նույնը, չի մերժում, այսինքն՝ ապօրինի կառուցած ցանկապատը մնում է նույն վիճակում։ Հետո մենք դիմում ենք վերաքննիչ դատարան։ Վերաքննիչը քննելով այս ամեն ինչը՝ որոշումը բեկանեց և նորից ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Առաջին ատյանի դատարան նորից գործը  ուղարկելու որոշումը կայացվեց փաստացի ժառանգ ճանաչելու մասով, իսկ ցանկապատի մասով որոշումը թողեց նույնը։ Հետո դիմեցինք վճռաբեկ դատարան, որը վերաքննիչի որոշումը թողեց նույնը։ Այսինքն վճռաբեկը չի էլ վերցնում քննության, թողնում է առանց քննության։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է մարտ ամսին»,-ասաց Կարապետյանի դուստրը։