Հերթական վկայությունը

Հերթական վկայությունը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ժամանակին հայտարարել էր, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է զուտ պաշտպանական սպառազինություն։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) մասին է: Պարոն Լըքորնյուն հայտարարել էր նաեւ, որ հայ-ադրբեջանական հակամարտությանը ֆրանսիական ռազմական միջամտություն դժվար թե լինի: Հիշենք, որ Ֆրանսիան արեւմտյան այն երկիրն է, որ առավելագույն դրական ակտիվություն է ցուցաբերում Հայաստանի ճակատագրում:

Ընդ որում, խոսքը թե՛ ֆրանսիական խորհրդարանի եւ թե՛ գործադիր իշխանության մասին է: Բայց, ինչպես երեւում է, Ֆրանսիան մտադրություն չունի վերցնելու Հայաստանի հովանավորությունը: Ճիշտ այնպես, ինչպես դա չարվեց ավելի քան 100 տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեի (1913-1920) օրոք: Որը հրաժարվել էր վերցնել Հայաստանի կառավարման մանդատը՝ ինչպես դա արվել էր, օրինակ, Սիրիայի եւ Լիբանանի առումով: Ու Անգլիայի հետ միասին դա հասցեագրել էր ԱՄՆ-ին: Էլ չեմ խոսում ֆրանսիական Հայկական լեգեոնի ուժերով Կիլիկիան թուրքերից ազատագրելու, իսկ այնուհետեւ այն նրանց վերադարձնելու մասին: 

Ինչպես տեսնում ենք, արեւմտյան ամենահայամետ պետությունը մեզ «պաշտպանելու»  նախաձեռնություն է հանդես բերել: Բայց դա արվելու է այնպես, ինչպես երեք տասնամյակ անում էր Ռուսաստանը: Եվ անում էր ավելին: Այն պետությունը, որը ժամանակին ոչ միայն սպառազինություն էր մատակարարում, այլեւ դա անում էր ներռուսական գործարանային գներով: Գումարն էլ ինքն էր հատկացնում՝ տալով որպես վարկ, սակայն շատ ավելի էժան, քան իր ժամանակի շուկայական գինն էր: Եվ մատակարարում էր ոչ թե 80-ականների զենք ու զինամթերք, ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին հայտարարել, այլ ժամանակակից սպառազինություն: Օրինակ, իր ժամանակի լավագույն՝ ՀՕՊ Ս-300 կայանքներ: Իսկ եթե իսկապես որեւէ զինատեսակ էլ լիներ 80-ականների արտադրության, ապա դա չխանգարեց, որ 2016-ի ապրիլի սկզբին Իլհամ Ալիեւը Մոսկվայից զինադադար խնդրեր: 

Ունենալով անվտանգային այդպիսի «տանիք»՝ Նիկոլի իշխանությունը, միեւնույն է, որոշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է եվրաինտեգրում: Այն աստիճանի ինտեգրում, ինչին համաձայն կլիներ Եվրամիությունը: Դա պարզվեց վերջերս, սակայն մտահղացումը եղել է վաղուց: Դեռեւս 2017 թվականից, երբ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյան Նիկոլը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ խորհրդարանական քննարկում էր կազմակերպում: Իսկ «թավշյա» իշխանափոխությունից հետո արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունն էլ ներկայացվեց որպես Հայաստանի ինքնիշխանության մակարդակի բարձրացման քայլ: Եվ ռուսատյացությունն էլ դարձավ ներքին քաղաքականության հիմնական ուղղվածությունը: Արդյունքում ինքնիշխանությունը ոչ միայն չբարձրացվեց, այլեւ ընկավ «պլինտուսի» մակարդակից էլ ցածր: Եվ ստացանք Արցախի, այլ տարածքային ու մարդկային կորուստներ եւ անվտանգային բազում սպառնալիքներ:

ՀԳ. Նիկոլը հրաժարվեց ավելի էժան ու որակյալ ռուսական ՀՕՊ-ից (ռուս-ուկրաինական պատերազմը՝ վկա), որպեսզի գնի ֆրանսիականը: Չնայած ինչ է եղել որ՝ հարուստ երկիր ենք. չինովնիկների աշխատավարձ-պարգեւավճարները՝ վկա: Ֆրանսիացի զինվորն էլ, բնականաբար, մեզ չի պաշտպանելու ադրբեջանցիներից: Սա հերթական վկայությունն է այն հանգամանքի, թե որքան իրական կարող է լինել «Արեւմուտքը մեզ կպաշտպանի» կարգախոսը: