Նիկոլ Փաշինյանը գիտունիկ չէ

Նիկոլ Փաշինյանը գիտունիկ չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրակտիկ քաղաքականությունից զատ, փորձում է նաև հանդես գալ գաղափարախոսի դիրքերից։ Այսինքն՝ վարչապետը առաջ է քաշում գաղափարներ ու արժեքային ինչ-որ կոնցեպտներ։ Մոտեցումն այս իհարկե շատ ողջունելի է, քանի որ քաղաքական և պետական գործիչները որոշումներ կայացնող բյուրոկրատից զատ պետք է նաև քաղաքական միտք արտադրող անհատներ լինեն։ Բայց մյուս կողմից էլ սա շատ բարդ գործ է և նախաձեռնողն առնվազն պետք է չափազանց լուրջ գիտելիքների բազա ու պատրաստվածություն ունենա։

Ի դեպ ժամանակին գաղափարախոսի դիրքերից հանդես էր գալիս նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դե այս հարցում նախագահը խնդիր չէր կարող ունենալ, քանի որ մասնագիտությամբ միջնադարագետ է (միջնադարի պատմության իմացությունը զորեղ գործիք է), մանրամասն ծանոթ է փիլիսոփայական ու հասարակագիտական մտքին՝ Հոբսից մինչև Հաբերմաս։

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը համանման գիտելիքներ չուներ (այստեղ ամոթ ոչ մի բան չկա) և խուսափում էր հրապարակային գաղափարաստեղծ գործունեությունից՝ սահմանափակվելով միայն որոշում կայացնողի կարգավիճակով։ Կոնցեպտների մշակմամբ զբաղվում էին նրա օգնականները, իհարկե Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։

Հիմա եկեք հասկանանք, թե ի՞նչ է Փաշինյանի որոնածը։ Իմ համոզմամբ այս հարցում վարչապետը թերանում է։ Նա մի կողմից սուր միտք ունի և ի զորու է լավ գաղափարներ սաղմնավորել, բայց խնդիրն այն է, որ նա չունի համապատասխան գիտելիքներ։ Իսկ գիտելիքների ու հասարակագիտական պատրաստվածության բացակայությունը արգելակում են կոնցեպտների որոնման և մշակման գործողությունը։ Սրա հետևանքով Փաշինյանը երբեմն հայտնվում է զավեշտալի իրավիճակներում։ Հիշենք մի քանի դեպք․ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին շնորհակալություն էր հայտնում Բելովեժյան համաձայնագիրը ստորագրելու համար, Գարեգին Նժդեհին մասնակից էր դարձնում Սարդարապատի ճակատամարտին՝ Հովհաննես Բաղրամյանի հետ ուս ուսի տված, առաջ էր քաշում Հիսուսի բարդույթի ծիծաղելի գաղափարը, բանաստեղծություն էր գրում խորովածի մասնակցությամբ, պետությունը իջեցնում էր օջախի և ընտանիքի մակարդակի, մերժում էր իզմերը և այլն, օրինակները բազմաթիվ են՝ ժողովրդին չաշխատելու և ծուլության մեջ մեղադրելն էլ չհաշված։ Ի դեպ այս ցանկին կարող ենք ավելացնել նաև Մյունխենյան հայտնի դեբատը, որտեղ Փաշինյանի պատմագիտական և քաղաքագիտական գիտելիքները մեղմ ասած այդքան էլ տպավորիչ չէին։ 

Իհարկե վարչապետին չեմ հորդորում դադարեցնել գաղափարաստեղծման ձգտումները, ընդհակառակը՝ ողջունում եմ այդ մոտեցումը, որը թույլ է տալիս հանրությանը իր կամքից անկախ մասնակից դառնալ հասարակագիտական տարբեր հարցերի քննարկմանը։ Մարդիկ ի վերջո պետք է սովորեն խոսել պետության, մարդու և հասարակության գաղափարների մասին։

Բայց խնդիրն այն է, որ համանման փորձերի դեպքում, Փաշինյանը պետք է լիարժեք պատրաստված լինի և տիրապետի այն նյութին, ինչն ինքը քննարկման առարկա է դարձնում։ Հասկանալի է նա չունի այդպիսի գիտելիքներ, բայց չիմանալը ամոթ չէ, ամոթը առանց իմանալու ինքնավստահ պնդումներ անելն է, ինչպես նաև անընդհատ և անդադար ոչնչի մասին խոսելը։

Կարծում եմ, խնդիրն այս հեշտ լուծելի է։ Մասնավորապես՝ Փաշինյանին հասարակագետ խորհրդական կամ էլ օգնական է անհրաժեշտ, որը վարչապետի գլխում ծագած փառահեղ միտքը հասարակագիտական մշակման կենթարկի և դա գրագետ ու հիմնավորված ձևով կներկայացվի հանրությանը։

Նիկոլ Փաշինյանը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ ինքն ամենևին էլ գերմարդ կամ էլ գիտունիկ չէ և պարտավոր չէ ամեն ինչ իմանալ։ Դրա համար կան համապատասխան մասնագետներ։