Արևմտյան հանդիպումներն ուղղակի ազդեցություն ունեն ՀՀ արտաքին քաղաքական կուրսի վրա

Արևմտյան հանդիպումներն ուղղակի ազդեցություն ունեն ՀՀ արտաքին քաղաքական կուրսի վրա

Հարցազրույց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Արարատ Միրզոյան- Սերգեյ Լավրով հանդիպման առանցքային կետը ո՞րն էր Ձեզ համար։

-Այս հանդիպումն արտառոց էր այնքանով, որ առաջին անգամ Հայաստանը սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց և բարձրաձայնեց հայ- ռուսական հարաբերություններում եղած խրթին հարցերը։ Խրթին նկատի ունեմ այն, որ կան անհամապատասխանություններ Ռուսաստանի վարքում՝ քաղաքական վարքում, պրակտիկ քաղաքականության մեջ, որոնք միշտ Հայաստանին խնդրի առաջ են կանգնեցրել և Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը միշտ խուսանավել է հրապարակային այդ մասին արտահայտվել։

-Ինչո՞վ էր դա պայմանավորված՝ արևմտյան կողմի տված երաշխիքներո՞վ։

-Բնականաբար Պրահայում, մինչ այդ նաև այլ արևմտյան կենտրոններում տեղի ունեցող հանդիպումներն ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի որոշման վրա և Հայաստանի ներկայիս վարչախումբը այդ ամենով արդեն լուրջ բեռնված է և այդ բեռնվածությունը իր ազդեցությունն է թողնում նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա և Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը արդեն կարողանում է հրապարակային նման դիրքավորում ունենալ և հայտնել իր դիրքորոշումը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետ կապված հարցերում։

-Ռուսաստանի իշխանությունները հանկարծակիի՞ են եկել հայկական կողմի քայլերից՝ արևմտյան կողմնորոշման ուղղությամբ գնալու մասով։

-Այնպես չի, որ նման կարգի իրողությունները՝ կուրսի փոփոխության, ազդեցության փոփոխության հետ կապված, նկատի ունեմ ռուսական ազդեցությունից դուրս գալը և այլն, դրանք հրապարակային հայտարարություններով չէ, որ իրենք բացահայտելու են։ Վաղուց իրենց համար այդ ամենը պարզ էր և պարզ էր բոլորովին այլ գործիքակազմերի շնորհիվ։ Ռուսաստանը Հայաստանում ունի բազում ազդեցության գործակալներ, իրական գործակալներ, տեխնիկական բազում միջոցներ, որոնց միջոցով իր համար հստակ է, թե ինչ է կատարվում կուլիսներում, ինչ է կատարվում պետական պաշտոնյաների կաբինետներում, ինչպիսի խոսակցություններ են տեղի ունենում և այլն։ Այնպես որ Արարատ Միրզոյան-Սերգեյ Լավրով հանդիպման ժամանակ չէ, որ իրենք պետք է փաստի առաջ կանգնեին։

-Լավրովի հիշատակումը, որ Պրահայում քննարկումների մասին տեղեկացել են մամուլից և տարածված հաղորդագրություններից, արդյոք կշտամբանքի նոտա չկա՞ր նրա խոսքում։

-Դե բնականաբար, եթե Արևմուտքի հետ խորացված և ռուսական շահերին դեմ գնացող որոշակի գործընթացներ կան, այդ գործընթացները կարող են և Մոսկվայի տեսադաշտից դուրս փորձ կատարվի իրագործել և Լավրովի նման արտահայտությունը հենց դրա վկայություն էր։ Բայց դրանից ավել էլ պետք չի, հիմա կա այդպիսի իրավիճակ և այդ իրավիճակը ցուցադրվեց այդ հանդիպման ժամանակ։