Ինչ կարելի է ակնկալել ուկրաինական ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ջանքերից

Ինչ կարելի է ակնկալել ուկրաինական ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ջանքերից

Չավուշօղլուի բազմանշանակ հայտարարությունները

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան եւ Ուկրաինա կատարած այցերից հետո ավելանում են հույսերն առ այն, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հրադադար կհաստատվի։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո նախաձեռնել էր այց ինչպես Ռուսաստան, այնպես էլ Ուկրաինա։ Մարտի 16-ին Մոսկվա ժամանելով՝ նա իր թվիթերյան էջում գրել է․ «Մենք Մոսկվայում ենք: Շարունակում ենք ուկրաինական ճգնաժամի լուծման համար ներդնել մեր դիվանագիտական ջանքերը»։ Իսկ ահա Ուկրաինայում՝ Լվով քաղաքում, ուկրաինացի իր գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ ցանկացել է մեկնել Լվով եւ իր աջակցությունն ու համերաշխությունը ցույց տալ նրան ու ուկրաինացի ժողովրդին։ Հիշեցնենք, որ Թուրքիան բավական ակտիվ կեցվածք է որդեգրել ռուս-ուկրաինական ճգնաժամում, ինչի ամենավառ ապացույցն այն է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ 

Կիեւի ինտրիգային առաջարկն Անկարային

Մենք արդեն առիթ ունեցել ենք խոսելու այս հարցում թուրքական ակտիվության շարժառիթների, Անկարայի հետապնդած շահերի մասին։ Ուշագրավն այժմ այն է, որ Չավուշօղլուն բավականին հետաքրքիր հայտարարություններ է արել։ Նախ այն, որ նա Մոսկվա եւ Լվով այցելություններից հետո տպավորություն ունի, որ հրադադարի հույսերն ավելանում են, եւ ապա այն բարձրաձայնումը, որ նա կատարել է՝ կապված ուկրաինական կողմի՝ Անկարային ներկայացրած առաջարկի հետ։ Չավուշօղլուն մասնավորապես ասել է, որ Ուկրաինան առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի վերաբերյալ եւ Թուրքիային առաջարկել է այդ հնարավոր համաձայնագրի երաշխավորներից մեկը դառնալ։ Այսինքն՝ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ իր անվտանգության երաշխավորներից մեկը, ինչին Ռուսաստանը, սա հատկապես հետաքրքիր է՝ առարկություն չի ներկայացրել։ 

«Ուկրաինական հրդեհը» մարելու քանի հարթակ է գործում

Ներկայում, ըստ էության, ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման կամ առնվազն «հրդեհը մարելու» ուղղությամբ մի քանի հարթակ է գործում։ 
• Դա, առաջին հերթին, ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններն են, որոնք մեկնարկեցին Բելառուսում եւ մարտի 21-ին շարունակվելու էին առցանց ձեւաչափով։ 
• Արեւմտյան հարթակն է՝ առաջնահերթորեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գործադրած ջանքերը, որոնց մասին հանրության լայն զանգվածներն իմանում են Մոսկվայից, Փարիզից եւ Բեռլինից հնչող բարձր մակարդակի հեռախոսազրույցների հաղորդագրություններից։ 
• Եվ վերջապես՝ թուրքական հարթակը, այսինքն՝ Անկարայի գործադրած ջանքերը։ Ու, ընդ որում, բոլոր հարթակներում էլ, մեկում՝ մի փոքր ավելի, մյուսում՝ պակաս, որոշակի առաջընթաց նկատվում է։ 

Ինչպիսին է գործերի իրական վիճակը

Պատահական չէ, որ թե՛ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցային հարթակի պատվիրակությունների անդամների կողմից, թե՛ թուրքական հարթակից՝ ի դեմս Թուրքիայի ԱԳ նախարարի, հայտարարություններ են հնչում առ այն, որ որոշակի հարցերի շուրջ կարծես թե համաձայնություն է ձեւավորվում։ Այս առումով ամենահետաքրքիրը թերեւս Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի՝ Hurriyet պարբերականի հետ զրույցում ասածներն են։ Նախարար Չավուշօղլուն այդ հարցազրույցում մասնավորապես ասել է․ «Տեղի է ունենում երկու կողմերի տեսակետների մոտեցում՝ առանցքային հարցերի շուրջ։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ նրանք համարյա թե պայմանավորվել են չորս կետերի հետ կապված։ Որոշ հարցեր պահանջում են լուծումներ պետությունների ղեկավարների մակարդակով»։ Դատելով այն պահանջներից, որոնք Ռուսաստանն առաջադրել է Ուկրաինային եւ հետեւողականորեն առաջ է մղում թե՛ ուղիղ բանակցությունների, թե՛, պայմանականորեն ասած՝ արեւմտյան եւ թուրքական հարթակներում, ենթադրելի է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կարողացել են համաձայնության գալ հետեւյալ հարցերում․
• Ուկրաինայի չեզոք կարգավիճակ եւ ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարում
• Ուկրաինայի ապառազմականացում եւ անվտանգության փոխադարձ երաշխիքներ
• Ուկրաինայի ապազգայնականացում
• Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի կիրառությունը սահմանափակող օրենքներից հրաժարում։
Այս մասին ակնարկել էր նաեւ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Ղալընը՝ BBC-ի հետ զրույցում։ Ամենաբարդ հարցերը, որոնք, ըստ Չավուշօղլուի, պետք է լուծվեն պետությունների ղեկավարների մակարդակով, եւ ինչի մասին նաեւ Ղալընն էր խոսել արդեն նշված հարցազրույցում, կապված են երկու հարցի հետ․ 
• Դոնբասյան երկու հանրապետությունների անկախության ճանաչում եւ 
• Ղրիմի՝ որպես Ռուսաստանի մաս, ճանաչում։ 

Կարելի է ասել, որ վերջին հարցերն են, որոնց շուրջ հիմա ընթանում են բանակցություններ, եւ փորձ է արվում գտնել դիվանագիտական լուծումներ։ Կիեւի համար այս վերջին պահանջների կատարումն է չափազանց ծանր լինելու, քանի որ իր տարածքային կորուստների պաշտոնապես ճանաչումը կարող է ուկրաինական գործող վարչակարգի համար լինել ճակատագրական՝ քաղաքական կենսունակության շարունակականության առումով։ 

Ամեն դեպքում, պատերազմը շարունակվում է, եւ Մոսկվան ամենաբարձր մակարդակով վճռականորեն հայտարարում է, որ այն առաջադրանքները, որոնք դրել է իր առաջ՝ ռազմական գործողությունը սկսելու պահից, կատարելու է ամբողջապես եւ անշրջելիորեն։