Խաղաղություն մուրողին տրված չէ Շուշիի մասին մտահոգվելը

Խաղաղություն մուրողին տրված չէ Շուշիի մասին մտահոգվելը

Կրկին ուզում եմ անդրադառնալ Արցախի վերաբերյալ ընդդեմ Ադրբեջանի իշխանության Նիկոլենց «հերոսական» ջանքերին եւ դրա ադրբեջանական կտրուկ պատասխանին: Այդ ջանքերն էլ, բնականաբար, տեղի են ունեցել զուտ խոսքային մակարդակում: Եվ ինչպես առաջին անգամ, այս անգամ եւս ադրբեջանական արձագանքին հակադարձում չեմ սպասում:

Հիշեցնեմ, որ այս անգամ խոսքը գնում է Ադրբեջանում տեղակայված ՄԱԿ-ի ներկայացուցչությունների` միջազգային այդ կառույցին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված՝ Շուշիում կայացած միջոցառմանը մասնակցելու մասին: Ընդունեք, որ թուրք-ադրբեջանական տանդեմից խաղաղություն մուրող իշխանության դեպքում խիստ անբնական է դիվանագիտական նման դեմարշը: Դա էլ նկատի ունենալով՝ նախորդ հոդվածում գրել էի, որ Նիկոլի ուսապարկերը, ենթադրաբար, համարձակություն հաղորդող «Ozverin (Озверин)» անունը կրող քիմիական պրեպարատ են օգտագործել: 

Թշնամի երկրի ԱԳՆ արձագանքը եւ հատկապես դրա բնույթը, բնականաբար, սպասելի էին: «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչների մասնակցության հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»։ Դաստիարակչական բնույթի այդ դատողությանը հետեւել է սովորական դարձած, նվաստացուցիչ հատվածը. «Հայաստանի շարունակական տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ ցույց են տալիս, որ այս երկիրը ճիշտ հետեւություններ չի արել 44-օրյա պատերազմից»։ Կարծում եմ, որ այս միտքը, որ անընդհատ կրկնվում էր Ադրբեջանի նախագահի կողմից, բավարար է, որպեսզի կոտրվի վերը նշված քիմիական նյութի ազդեցության ուժը: Իսկ այն այս անգամ հնչել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւայի կողմից: Ինչպես ասվում է, ավելի լավ էր, որպեսզի մեր այս իշխանությունն «ինքնասպանության» դիմեր, քան ադրբեջանցի կնոջ կողմից արժանանար նման արձագանքի: Իսկ այն Շուշին, որ դեռեւս 105 տարի առաջ Հարավային Կովկասում հայության երկրորդ մշակութային կենտրոնն էր (Թիֆլիսից հետո), այսօր հայտարարվում է «Ադրբեջանի բուն տարածք»:

Հայտարարության եզրափակիչ հատվածը կրկին դաստիարակչական բնույթի է, բայց սպառնալից տոնայնությամբ. «Կցանկանայինք կրկնել, որ որքան շուտ Հայաստանն ընդունի տարածաշրջանում հետպատերազմական շրջանի իրողությունները, այնքան ավելի օգտակար կլինի իր համար»:
Եվ այդ սպառնալիքը, բնականաբր, անմիջապես կգտնի իր հասցեատիրոջը: Եվ քանի որ խիստ վտանգավոր է «մեկ այլ պետության ներքին գործերին միջամտելը», ինչպես ներկայացված է ադրբեջանական հայտարարության մեջ, ապա Նիկոլենց մնում են հերթական անգամ նվաստացումը կուլ տալն ու լռելը: Փաշինյան Նիկոլը փողոցով իշխանություն չի գրավել, չորս տարի չի պահել, որպեսզի ադրբեջանական սպառնալիքին հաջորդող գործողությունների արդյունքում զրկվի դրանից, եթե բանի տեղ չդնի այն: Իսկ սպառնալիքներին անսալն էլ կլինի հենց «անսասան կամքով խաղաղ դարաշրջան բացելու» երեւույթի տրամաբանական շղթայի մի մասը:

Այլապես անտրամաբանական է, երբ Նիկոլենք խաղաղություն են մուրում ու միաժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպում՝ թեկուզ զուտ խոսքի մակարդակում: Անտրամաբանական է, երբ Շուշին ադրբեջանաբնակ եւ «դժգույն ու դժբախտ» քաղաք են համարում ու նույն այդ քաղաքի համար բողոքում: Ինչպես հասկանում եք՝ այդպես չի լինում, ուղղակի չի լինում: Կա՛մ պետք է փակել Շուշիի թեման ու գնալ մինչեւ վերջ «խաղաղ դարաշրջան կառուցելու» ուղղությամբ, կա՛մ էլ պետք է չեղարկել «խաղաղ դարաշրջանի մեկնարկն» ու նախապատրաստվել դրա՝ սեփական իշխանության համար վտանգավոր հետեւանքներին: Այլապես ստացվում է միաժամանակ հա՛մ թուրքի հետ պարտվողական խաղաղության ձգտել, հա՛մ փորձել հայրենասիրական խաղեր տալ: Ինչն անբնական է, եւ դա, ի դեպ, շեշտվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: «Հայաստանի արտգործնախարարության այս դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առաջատար անդամների հետ համատեղ ձեռնարկած խաղաղապահ ջանքերին խոչընդոտելու փորձ»: Այո, ոչ հարգելի իշխանություն, խաղաղություն մուրողներին տրված չէ Շուշիի մասին մտահոգվելը: