Կեցցե Շեքսպիրը

Կեցցե Շեքսպիրը

Ես շատ մոտ էի հասկանալուն, թե Էդմոն Մարուքյանը՝ որպես դեսպան, ինչպիսի հատուկ հանձնարարություններ պետք է կատարի Նիկոլ Փաշինյանի համար: Աչքովս եմ տեսել՝ մտել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումների մեջ ու արձագանքների բաժնում դաս էր տալիս այդ օգտատիրոջը, թե չի կարելի Նիկոլ Փաշինյանին, էն էլ էս խառը ժամանակներում, փիս-փիս բաներ ասել: Էս օգտատերն էլ գժվել էր ու շան լափ թափել Էդմոնի գլխին՝ թե դու ո՞վ ես, որ ինձ բան սովորեցնես… Մեկ ասի՝ միջամտեմ, մեկ էլ մտածեցի՝ մեր Էդմոնն է, նոր է պաշտոն ստացել, թողնենք մի քիչ աշխատի: Բայց ո՛նց էր Նիկոլին ուղղված քֆուր-քյաֆարն իր վրա ընդունել… Բա ուրիշ ի՞նչ էիք սպասում, կատակ հո չի՞, հապա ասեք՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպա՞ն:

Հավանաբար, այս «հաջողությունից» ոգեւորված՝ Էդմոնը հիմա էլ բոլորին կոչ է անում միասնական լինել: Բոլորին՝ բացի Նիկոլից: Կարդանք. «Արցախում գազամատակարարման, այսպես կոչված, «ճգնաժամի» եւ ականանետերով խաղաղ բնակչության վրա կրակելուն զուգահեռ՝ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնյաները գնացել են Շուշի եւ ինչ-որ միջոցառման են մասնակցում: ՀՀ արտգործնախարարությունը նշյալ գործողությունը դատապարտող բողոքի նոտա է փոխանցել ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին, բայց այս իրողությունը խոսում է այն մասին, որ երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ինստիտուտները արժեքային խայտառակ ճգնաժամի մեջ են: Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդը՝ որպես բարձրագույն արժեք, իրավունքի գերակայությունն ու այլ արժեքները մնացել են ետին պլանում: Հին աշխարհակարգը վաղուց իրեն սպառել է, իսկ նորն էլ չի ստեղծվել, երեւացող ստեղծվողն էլ շատ ավելի վտանգավոր դրսեւորումներ ունի եւ բոլորովին այլ համակարգ է: Հետեւաբար, այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլեւս չկա։ Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է»:

Ժողովուրդ ջան, ես դիտավորյալ ամբողջությամբ մեջբերեցի Էդմոնի այս գրառումը, որպեսզի հանկարծ չկտրվեմ կոնտեքստից ու չվնասեմ կլասիկ գործչի անխառն հեղինակությանը: Ինչպես գիտեք, օրերս Ադրբեջանի հրեական համայնքի՝ Շուշիում կազմակերպած միջոցառմանը ներկա էր գտնվել Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Այդ փաստը խիստ խրտնեցրել էր մեր արտգործնախարարությանը եւ Արաբատ, ներողություն, Արարատ Միրզոյանի դուքյանը բողոքի նոտա էր հղել աշխարհի չորս կողմը, թե բա էս ի՞նչ բան ա, ՄԱԿ-ը ոնց որ մոռացել է Մինսկի խումբը, ըստ որի՝ Շուշին բռնագրավված է, եւ այլն, եւ այլն: Ողորմի պապիս… Նա միշտ ասում էր՝ էշի խրտնածը ձիուց վերան ա: Բաքվում զայրացել էին Արարատ Միրզոյանի այս հանկարծակի բողոքի նոտայից ու սկսել էին մեզ վրա մատ թափ տալ, թե դուք դասեր չեք քաղել 44-օրյա պատերազմից: Նկատեմ, որ մեզ վրա մատ թափ տվին մարտի 21-ին, իսկ Էդմոն Մարուքյանը հիշյալ գրառումն արել էր մարտի 19-ին, այսինքն՝ Բաքվից թափ էին տվել նաեւ Էդմոնի վրա:

Էդմոնը, բնականաբար, լռեց դրանից հետո եւ այլեւս չխոսեց: Բայց սխալ չհասկանաք՝ Էդմոնը լռեց ոչ թե Բաքվի հոխորտանքից վախենալով, այլ ուրիշ բանից: Հավանաբար, Նիկոլը բզեց կողքից՝ հո դու ապուշ չես, արա, ես ե՞րբ եմ ասել, որ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, Արոյի խելքին ես ընկել, ամբախ-զամբախ դուրս ես տալիս՝ որ ի՞նչ: Եվ իսկապես, ինչպե՞ս կարող են ՀՀ վարչապետն ու ՀՀ ԱԳՆ-ն երկու տարբեր կարծիք ունենալ Շուշիի կարգավիճակի մասին: Հավանաբար, Արոյին շուտով գործից կհանեն, եթե, իհարկե, նա չի հասցրել աջակիցների խումբ ձեւավորել Թուրքիայի համապատասխան քաղաքական շրջանակներում, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ որոշում են Նիկոլ Փաշինյանի ինչպես արտաքին ու ներքին, այնպես էլ կադրային քաղաքականությունը:

Մեր խնդիրն այսօր այս բարդ հարցերի հորձանուտն ընկնելը չէ, սակայն: Էդմոնի գրառման վերջին պարբերությունը մի հատ էլ կարդանք. «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդը՝ որպես բարձրագույն արժեք, իրավունքի գերակայությունն ու այլ արժեքները մնացել են ետին պլանում: Հին աշխարհակարգը վաղուց իրեն սպառել է, իսկ նորն էլ չի ստեղծվել, երեւացող ստեղծվողն էլ շատ ավելի վտանգավոր դրսեւորումներ ունի եւ բոլորովին այլ համակարգ է:

Հետեւաբար, այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլեւս չկա։ Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է»: Ուզում եմ հասկանալ, թե այս պարբերությամբ ի՞նչ հատուկ հանձնարարություն է կատարում Էդմոնը: Որ աշխարհից բողոքում է, դա հասկանալի է, բայց ինչո՞ւ է մեզ միասնական գործելու կոչ անում, մի՞թե մենք ենք մեղավոր, որ աշխարհն այլասերվել է: Մենք մեզ համար այստեղ ապրում ենք սեւերի ու սպիտակների բաժանված, միմյանց ասֆալտին փռելով ու պատերին ծեփելով… Ո՞ւմ հավին ենք քշա ասում, որ հիմա էլ մեզ ասում են՝ չէ, եկեք միասնական լինենք, խելքներս գլուխներս հավաքենք: Ես Էդմոն Մարուքյանին կառաջարկեի այդ նույն կոչն ուղղել այն մարդուն, որի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանն է ինքը, այսինքն՝ Նիկոլին: Այդպես էլ թող ասի՝ Նիկոլ, խելքդ գլուխդ հավաքելու ժամն է:

Շեքսպիրյան ողբերգություններից մի շատ հայտնի կերպար կա՝ պալատական շուտը՝ ծաղրածուն: Նա թագավորների կողմից հատուկ հանձնարարություն ունի՝ թագավորի երեսին ասել ճշմարտությունը… Հասկացա՞ր, Էդմոն, թե ինչ եմ ակնարկում: Եվ ուրեմն եղիր այդ շուտը եւ Նիկոլի երեսին ասա այն, ինչ մտածում ես եւ ինչ համարում ես ճիշտ ու օգտակար երկրի համար: Հասարակ ժողովուրդը շուտերին չի հավատում, բայց արքունիքում հարգանքով են վերաբերվում ծաղրածուներին, որոնց ծամածռությունների եւ խելագար քրքիջի մեջ ճշմարտությունն է թեւածում: