8 ամիս էլ չտեւեց` պարեկներն էլ զերծ չեն կոռուպցիայից

8 ամիս էլ չտեւեց` պարեկներն էլ զերծ չեն կոռուպցիայից

Շուրջ 8 ամիս Երեւան քաղաքում պարեկային ծառայություն իրականացնող պարեկների վերաբերյալ օրերս աղմկահարույց բացահայտումներ կատարվեցին: Պարզվեց` միջազգային կառույցների եւ սորոսական հասարակական կազմակերպությունների կողմից այդքան փառաբանված պարեկային ծառայությունը, որի մասին պարբերաբար` որպես մեծ ձեռքբերում, խոսում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, նույնքան խոցելի ու կոռումպացված է, որքան հին ոստիկանությունը, որը բարեփոխելու իմաստը հենց հակակոռուպցիոն պայքարն էր:

Օրերս հաղորդեցին, որ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է 3 պարեկ, քրեական հետապնդում է սկսվել, պաշտոնից ազատվել է Երեւան քաղաքի պարեկների գնդի հրամանատար, մայոր Խաչատուր Սամվելյանը եւ նոր նշանակում չի արվել։ Եվ քանի որ պարեկները համարվում են Դանիել Իոաննիսյանի հոգեզավակները, որոնց օրենսդրությունից մինչեւ մրցույթներ նա է իրականացրել, ուստի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահից հետաքրքրվեինք, թե ինչով են բացատրում այսքան արագ «փչանալը»` կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշվելը:

Դանիել Իոաննիսյանն ասաց՝ չէր բացառվում, որ 700 պարեկների մեջ, ըստ էության, կլինեին նաեւ կոռուպցիոներներ․ «Շատ կարեւոր է, որ մի քանի կոռուպցիոներները, որոնք բացահայտվել են, պատիժ կրեն, եւ դրանով, առհասարակ, պետությունում կոռուպցիան կանխարգելվի, բայց միաժամանակ ես կուզենամ ասել, որ այս 8 ամսվա ընթացքում Երեւան քաղաքում մոտավորապես քառակի ավելացել են հետախուզվող հանցագործների բացահայտման դեպքերը, եռակի անգամ ավելացել է խմած ղեկին նստած վարորդների բացահայտման թիվը, մոտավորապես կրկնակի  ավելացել են արտաքին ծառայության ծառայողների կողմից հանցագործությունների բացահայտման դեպքերը»,- նշեց Իոաննիսյանը։

Այսինքն, ուզում եք ասել՝ «լավ» էր, որ այս դեպքը եղավ` հետագայում նման քայլի չեն գնա։ Իոաննիսյանը նշեց․ «Իհարկե, չենք կարող ասել, որ կոռուպցիան լավ բան է, բայց կոռուպցիայի բացահայտումը, իհարկե, լավ է: Վատ է, որ կոռուպցիա կա, լավ է, որ բացահայտվում է։ Բոլոր առումներով է լավ՝ թե՛ պատժի առումով, թե՛ կանխարգելման առումով, որպեսզի այլոք իմանան եւ նման քայլի չդիմեն։ Ասեմ ավելին` կան կադրեր, որոնք բարեվարք չեն, հակված չեն բարեվարք բարքեր տարածելու, նրանք պիտի հեռու մնան պետական կառավարման համակարգից»։
Այս աղմկոտ բացահայտումներից հետո ոստիկանությունը լծվել է պարեկների գովազդն իրականացնելուն եւ ինտենսիվ կերպով փորձում է դրական լույսի ներքո ներկայացնել նրանց` քարոզչություն իրականացնել, որպեսզի շտկի պարեկային ծառայության ստվերված հեղինակությունը: Անգամ մարզերում հանրային քննարկումներ են իրականացնում պարեկային ծառայության վերաբերյալ, առցանց հարցուպատասխաններ, հարցազրույցներ եւ այլն։